Հայաստանը շատ ծանրակշիռ պատճառներ ունի Վրաստանում ՆԱՏՕ-ի այդ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու համար

05-09-2017 18:59:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը

 

Պարոն Ստեփանյան, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ ՀՀ իշխանությունները մեկնաբանեցին, որ պաշտոնական համաձայնություն չէր եղել, բայց փորձագետները պնդում են, որ Ռուսաստանից ակնհայտորեն ճնշում կար։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

 

Ես կարծում եմ, որ Հայաստանը ոչ թե ծանրակշիռ, այլ շատ ծանրակշիռ պատճառներ ունի այդ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու համար։ Ցանկացած դեպքում, հանրային կարծիքի տեսանկյունից այդ որոշումը անլուրջ է թվալու։ Ես կարծում եմ, որ այստեղ, բոլոր դեպքերում, դեր է խաղացել ՀԱՊԿ ամենախոշոր անդամի՝ Ռուսաստանի կարծիքը։ Այստեղ հարցն այն է, թե ինչ է ստանալու Հայաստանը դրա փոխարեն։ Կարծում եմ՝ այստեղ շատ տարբերակներ կարող են լինել՝ սկսած նրանից, որ Ռուսաստանը կզսպի Ադրբեջանին Ղարաբաղում իրավիճակի սրումից մինչև Հայաստանին զինտեխնիկայի տրամադրում։ Բոլոր դեպքերում, ոչ հեռու ապագայում մենք կիմանանք, թե որն է եղել պատճառը, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

 

Միաժամանակ ուզում եմ ասել, որ շատ լավ կլիներ, եթե Հայաստանն ուզում է լուրջ տպավորություն թողնել, ավելի երկար մտածեր իր քայլերի մասին՝ նախքան կհամաձայներ մասնակցել ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին։ Սա ինձ հիշեցնում է այն, որ Հայաստանը երկար ժամանակ բանակցություններ էր վարում, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրի, և վերջին պահին հրաժարվեց։

 

Հայտնի է, որ նոյեմբերին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր է ստորագրվելու։ Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ Հայաստանը վերջին պահին հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից։

 

Կա կարծիք, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս նման համաձայնագրերին, և Հայաստանն էլ շատ բանով կախված է Ռուսաստանի կարծիքից։ Աշխարհում բոլորը գիտեն այդ մասին, այսպես թե այնպես, հաշվի են առնում այդ հանգամանքը, բայց այդ տեսակետը չի կարող միշտ աշխատել։ Ինչ-որ պահի Հայաստանին կասեն՝ կամ հաշվի եք առնում մեզ հետ գործակցությունը, կամ հաշվի չեք առնում, և եթե որոշումներ եք կայացնում, ճիշտ կլինի նախ հաշվի առնեք բոլոր հանգամանքները, նոր քայլ անեք։

 

Այսինքն՝ Հայաստանը չի՞ կարողանում ինքնիշխան որոշումներ կայացնել։

 

Եկեք չխտացնենք գույները։ Բոլոր դեպքերում, Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է ինքնուրույն քայլեր անել։ Հարցն այն է, որ քաղաքական և տնտեսական շատ հարցերում Հայաստանը լրջորեն կախված է իր ավագ գործընկեր Ռուսաստանից։ Տվյալ դեպքում, նման տիպի գործընկերության արդյունքում Հայաստանը հրաժարվում է ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերությունից, հիմա էլ հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Մյուս կողմից, շատ դրական է, որ միջազգային հանրությունը շարունակում է փորձեր անել Հայաստանի հետ խորացնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Ցավոք, Հայաստանը որոշ դեպքերում իրեն կարող է անկայուն պահել որպես գործընկեր։ Այսինքն՝ սա նշանակում է, որ, այդուհանդերձ, Հայաստանի նկատմամբ կա վստահություն որպես գործընկեր, բայց Հայաստանի կողմից նման քայլերի հետևանքով այդ վստահությունը նվազում է։

 

Իսկ Հայաստանի այս քայլը կազդի՞ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Վրաց գործընկերների մոտ ի՞նչ տպավորություն թողեց այս ամենը։

 

Բոլոր դեպքերում, Վրաստանը հասկանում է Հայաստանի բարդ վիճակը, հասկանում է, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր գործընկերներին, բայց երևի ճիշտ կլինի այդ մասին մի փոքր ավելի շուտ մտածել և կանխատեսել իր քայլերը ոչ թե երկու, այլ մի քանի քայլ ավելի առաջ։ 

 

 

 


Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից