Արեգակի վրա այսօր տեղի է ունեցել ահավոր ուժգնության բռնկում, իսկ թիրախում եղել է Երկիր մոլորակը

06-09-2017 23:58:03   | Հայաստան  |  Առեղծվածներ
 


 
Այսօր Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը, այն առաջացել է արևային բծերի երկու խոշորագույն խմբավորման միաձուլման արդյունքում: Mail.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայից:
Աստղագետները հայտնում են, որ այսպիսի հզորության բռնկումները ձևավորվում են շատ հազվագյուտ, առանձնահատուկ պայմաններում, որպես կանոն, դրանք լինում են արեգակնային ակտիվության պիկի ժամանակ: Սակայն, այս անգամ այդպիսի մակարդակի բռնկումը տեղի է ունեցել արեգակնային ակտիվության նվազագույնի համապատկերին, որի պատճառը գիտնականներն առաջիկայում դեռ պետք է հասկանան:
Կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի` A, B, C, M и X: Նվազագույն դասը` A0.0, հատկանշվում է Երկրի ուղեծրում 1 քառակուսի մետրի վրա ճառագայթման 10 նանովատ հզորությամբ, յուրաքանչյուր հաջորդ դասին անցումը նշանակում է, որ ճառագայթման հզորությունը 10 անգամ ավելին է նախորդից:
Այսօրվա բռնկումը պատկանում է ամենավերջին` X դասին, նրա հզորությունը հասել է Х9.3 բալի, ինչը նշանակում է, որ տվյալ բռնկումը դարձել է Արեգակի վրա նմանաբնույթ երևույթների դիտարկման ողջ ժամանակաընթացքում Արեգակի մակերևույթին տեղի ունեցած հինգ ամենահզոր պայթյուններից մեկը: Գիտնականների խոսքով, այն տեղի է ունեցել այն կետում, որը «նայում է» Երկրին, հետևաբար նրա ազդեցությունը մեր մոլորակի վրա կլինի առավելագույնը:
Հիշյալ լաբորատորիայի մասնագետների տեղեկացմամբ, բռնկումային ակտիվության ներկայիս մակարդակն անցել է տասբալանոց սանդղակի սահմանը, հասել է 10.3 նիշին և այժմ գտնվում է, այսպես կոչված, «սև» գոտում:
Ինչպես հայտնի է, Արեգակի հզոր բռնկումները, առավել ևս` նման ուժգնության, Երկրի վրա և երկրամերձ ուղեծրում հանգեցնում են լուրջ անախորժությունների և նույնիսկ աղետների` որոշ մարդկանց ինքնազգացողության վատացման, կապի և էներգամատակարարման խափանումների, ավտո և այլ վթարների քանակի ավելացման, շարքից կարող են դուրս գալ նաև Երկրի արհեստական արբանյակները: Ի դեպ, այսօր ժամը 17:30-ի կողմ էներգամատակարարման ավելի քան 1 ժամանոց խափանում է եղել նաև Երևանում, չեն գործել լուսաֆորները, Կոմիտասի պողոտայում և մի շարք փողոցներում առաջացել են խցանումներ, մեքենաների երկար հերթեր, հոսանքի բացակայության թե այլ պատճառով խափանվել է որոշ օպերատորների համացանցային կապը: Այս պահին դեռ չենք կարող ասել` Արեգակի այսօրվա բռնկո՞ւմն է եղել էներգամատակարարման խափանման պատճառը, թե մեկ այլ բան:
 
Նոյյան տապան   -   Առեղծվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից