Վարչապետը պահանջել է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ

07-09-2017 14:26:54   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ կառավարության այսօր կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները։ Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»։
 
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը  հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը:
 
Հանձնարարվել է նաև ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։
 
Գործադիրի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարից պահանջել է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։
 
«Ռեսուրսն իրականում նվազել է: Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,-նշել է վարչապետը: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից