Ո՞վ է Արամի հայաստանյան ընկերուհին, եթե ոչ միասեռական կամ այլասերված, սեռափոխ և անվանափոխ եղած աղջկա հետ ամուսնացածը

«Երևան Մոլ»-ն իր վրա վերցրեց այլասերվածության քարոզչություն պարունակող «Ծիրանի այգիները» ֆիլմի ցուցադրման համարձակությունը, իսկ դա անհետևա՞նք կանցնի

08-09-2017 22:36:01   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
 
Երևանում, «Ոսկե ծիրան- 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ինչպես արդեն հայտնի է, այս տարվա հուլիսի 13-ին նախատեսվում էր Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ցուցադրել «Ծիրանի այգիները» «գեղարվեստական» ֆիլմը` հայ դերասանների մասնակցությամբ (ռեժիսոր` Փուրիա Հեյդարի): 
Հասարակական ճնշման ներքո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկեր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որին պատկանում է այն շենքը, որտեղ հիշյալ թատրոնն է գտնվում, կինոփառատոնի տնօրինությունից պահանջեց ցուցադրումից հանել այլասերվածների կյանքի և այլասերվածության մասին պատմող հիշյալ ֆիլմը;
Անցյալ տարի ասպարեզ ելած և աշխարհի մի քանի երկրներում ցուցադրված «Ծիրանի այգիները» ֆիլմն Իրանից Հայաստան եկած տրանսվիստիտի (սեռափոխ և անվանափոխ եղած, տվյալ պարագայում` «տղամարդ դարձած» մի կնոջ) և հայաստանցի միասեռականի «սիրո» և ամուսնության պատմությունն է: Որպես այդպիսին, այն, ըստ էության, ուղղակիորեն թե անուղղակիորեն, պարունակում է այլասերվածության քարոզչություն, քանի որ դրանով փորձ է արվում հասարակության, բոլոր բարոյական մարդկանց համար անընկալելի, անընդունելի, մերժելի այլասերվածությունը դարձնել սովորական, ընկալելի, ընդունելի, իսկ այլասերվածների հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքը` տվյալ զույգի համար դրամա: Տվյալ ֆիլմը հենց այդ` դրամայի ժանրում էլ մատուցվում է կինոդիտողին:
Հայաստանի և արտերկրի այլասերվածները մեծ ցնցում ապրեցին մեր երկրում 2 ամիս առաջ տվյալ ֆիլմի ցուցադրման մերժումից, և ենթադրելի է, որ այս ընթացքում ամեն ջանք գործադրեցին իրենց նպատակին հասնելու համար: Եվ հասան` շնորհիվ «Երևան Մոլ»-ի ղեկավարության, որն իր վրա վերցրեց «Ծիրանի այգիները» ֆիլմը ցուցադրելու համարձակությունը: Ստույգ չենք կարող ասել` տվյալ ֆիլմի ցուցադրումն այլասերվածների «կոդլի» ջանքերի շնորհի՞վ է դարձել իրականություն, թե՞ զուտ «Երևան Մոլ»-ի նախաձեռնության, այդպիսի ֆիլմերի կամ բարքերի նկատմամբ «Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի կամ «Երևան Մոլ»-ից մեկ ուրիշի նախասիրության, սակայն փաստն այն է, որ խնդրո առարկա ֆիլմը «Երևան Մոլ»-ի կինոթատրոնում (Կինոպարկում) ս. թ. օգոստոսի 31-ից ցուցադրվում է և, ինչպես նախատեսել են «Երևան Մոլում», ցուցադրվելու է մինչև սեպտեմբերի 9-ը:
Այս կապակցությամբ ցանկացանք զրուցել «Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի հետ, նրան ուղղել մեզ հետաքրքրող հարցերը, սակայն «Երևան Մոլ»-ի աշխատակցուհին տեղյակ լինելով, որ լրագրող է ցանկանում խոսել գլխավոր տնօրենի հետ, չնայած մեր մի քանի զանգերին, զանգն այդպես էլ չփոխանցեց գլխավոր տնօրենին, ոչ էլ վերջինս զանգահարեց մեզ, ինչպես սկզբում խոստացել էր աշխատակցուհին: Փոխարենը` մեզ զանգահարեց «Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը և հետաքրքրվեց, թե ինչ հարցեր ունենք: Պայմանավորվեցինք, որ հարցերը կուղարկենք գրավոր, էլ. փոստով, պարոն Սեկոյանի անունով: Այդպես էլ վարվեցինք, սակայն պատասխանը տրվեց ոչ թե գլխավոր տնօրենի, այլ հենց «Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի կողմից: Գուցե մտածել են, որ այդպես ավելի ապահո՞վ է… Համենայն դեպս, քանի որ տողերիս հեղինակի հարցերն ուղղված էին գլխավոր տնօրենին, ստացված պատասխաններից առաջինն ընկալում ու համարում ենք ոչ թե Շուշան Ավագիմյանի, այլ «Երևան Մոլ»-ի պատասխան: Հիմա անցնենք բուն հարցուպատասխանին…
Ի պատասխան մեր առաջին հարցի` «Տեղյա՞կ եք, որ «Երևան Մոլ»-ի կինոթատրոնում (Կինոպարկում) 2017թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը ցուցադրվող «Ծիրանի այգիները» ֆիլմը (https://www.kinopark.am/films/Apricot_groves.html?lang=hy ) պարունակում է այլասերվածության քարոզչություն», «Երևան Մոլ»-ից տրվել է հետևյալ պատասխանը.
«Ցանկացած ֆիլմ, որը ենթակա է Կինոպարկում ցուցադրության, անցնում է նախնական դիտում համապատասխան մասնագետների կողմից և հաստատվում։ Քանի որ որևէ լիազոր պետական մարմնի կողմից նման պաշտոնական գնահատական կամ սահմանափակում չկա, ուստի ֆիլմի մասին ձեր որակումը խիստ սուբյեկտիվ է, 
Այո, ձեր նշած ժամանակահատվածում ցուցադրվել  է այդ ֆիլմը, սակայն մեր խորին համոզմամբ այն որևէ կերպ թույլատրելի բարոյականության սահմանը անցնող տարրեր չի պարունակում։ Միջազգային կինովարձույթում ցուցադրվում են ձեր գնահատմամբ «Այլասերության քարոզի» ավելի վառ դրսևորումներով ֆիլմեր, օրինակ «Դանիացի աղջիկը», «Լուսնի լույսը» ֆիլմերը, որը ցուցադրվել է Հայաստանի բոլոր կինաթատրոններում ավելի շատ ցուցադրության և դիտման քանակներով»։
Նախ նկատենք, որ Կինոպարկի համապատասխան մասնագետների կողմից տվյալ ֆիլմի նախնական դիտումը դեռ չի նշանակում, որ այն այլասերվածության քարոզչություն չի պարունակում: Համապատասխան մասնագետը կամ մասնագետները կարող էին շահագրգիռ լինել տվյալ ֆիլմի ցուցադրման հարցում և համարել, որ այն այլասերվածության քարոզչություն չի պարունակում ու ցուցադրումը թույլատրելի է, կամ կարող էին պարզապես սուբյեկտիվ կարծիք ունենալ «Ծիրանի այգիները» ֆիլմի այլասերվածության քարոզչություն պարունակել-չպարունակելու հարցում: Ի վերջո, բացառված չէ, որ նրանք նույնպես կարող էին այլասերվածության քարոզչությանը կողմ լինել, ինչպես, օրինակ, այլասերվածների իրավունքները բացարձակացնող ու դրանք պաշտպանող որոշ ՀԿ-ների անդամներ:
Երկրորդ. այն, որ որևէ լիազոր պետական մարմնի կողմից նման պաշտոնական գնահատական (այսինքն` այն, որ տվյալ ֆիլմն այլասերվածության քարոզչություն է պարունակում) կամ տվյալ ֆիլմի ցուցադրման սահմանափակում չկա, դեռ բնավ չի նշանակում, թե ֆիլմի` այլասերվածության քարոզչություն պարունակելու մասին տողերիս հեղինակի որակումը խիստ սուբյեկտիվ կամ, թեկուզ, սուբյեկտիվ է:
Ընդգծենք, որ Հայաստանում այլասերվածության քարոզչություն պարունակող ֆիլմերին այդպիսի քարոզչություն պարունակելու վերաբերյալ գնահատական տվող կամ դրանց ցուցադրումն արգելող, թեկուզ սահմանափակող որևէ լիազոր պետական մարմին գոյություն չունի, այս առումով կատարյալ բարձիթողի վիճակ է, ինչի հետևանքով մի շարք կինոթատրոններ ու հեռուստաընկերություններ արդեն ավելի քան երկու տասնամյակ ծառայում են հասարակական բարքերի այլասերմանը: Հետևաբար, «Երևան Մոլ»-ն իզուր և ապարդյուն է փորձում չեղած մարմնի կողմից գնահատականի ու սահմանափակման բացակայությունից այն սխալ հետևությունը կայացնել, թե «Ծիրանի այգիները» ֆիլմի մասին մեր որակումը (պարունակում է այլասերվածության քարոզչություն) խիստ սուբյեկտիվ է:
Ի հակառակ «Երևան Մոլ»-ի խորին համոզման, մեր խորին համոզմամբ խնդրո առարկա ֆիլմը թույլատրելի բարոյականության սահմանը անցնող տարրեր է պարունակում: Եթե «Երևան Մոլ»-ը համաձայն չէ այս գնահատականին, ապա թող ընդամենը պատասխանի «Երևան Մոլ»-ի կայքում «Ծիրանի այգիները» ֆիլմի վերաբերյալ իր զետեղած նկարագրության («Արամը պարսկահայ երիտասարդ է, ով ապրում է ԱՄՆ-ում: Նա առաջին անգամ գալիս է Հայաստան իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու համար») առնչությամբ մեր հետևյալ հարցերին. 
Ի՞նչ սեռի է պատկանում այդ Արամ կոչվածը, նա որպես տղա՞ է լույս աշխարհ եկել, թե որպես աղջիկ, որը հետագայում, այսպես ասած, սեռափոխվել է:
Սկզբնապես նրա անունն Արա՞մ է եղել, թե աղջկական ինչ-որ անուն է ունեցել, որը հետագայում, սեռափոխվելուց հետո, փոխել է:
Այս ամենը, որը նաև Աստծո կամ բնության ստեղծածին (տղուն որպես տղա, աղջկան որպես աղջիկ) դեմ գնալ է, ըստ «Երևան Մոլ»-ի, բարոյականության նորմերի կամ դրանց պահպանման շրջանակո՞ւմ է…
Ո՞վ է Արամի հայաստանյան ընկերուհին, եթե ոչ միասեռական կամ այլասերված, ամուսնացած սեռափոխ և անվանափոխ եղած աղջկա հետ:
«Երևան Մոլ»-ի պատասխանի այն մասը, թե «Միջազգային կինովարձույթում ցուցադրվում են ձեր գնահատմամբ «Այլասերության քարոզի» ավելի վառ դրսևորումներով ֆիլմեր, օրինակ «Դանիացի աղջիկը», «Լուսնի լույսը» ֆիլմերը, որը ցուցադրվել է Հայաստանի բոլոր կինաթատրոններում ավելի շատ ցուցադրության և դիտման քանակներով», եթե դրանք նույնիսկ պարունակում են այլասերության քարոզի իսկապես ավելի վառ դրսևորումներ (այդ ֆիլմերը չենք դիտել), բնավ արդարացում կամ հիմնավորում չեն կարող լինել «Երևան Մոլ»-ի Կինոպարկի կողմից «Ծիրանի այգիները» ֆիլմի ցուցադրման: Բացի այդ, խիստ կասկածում ենք, թե «Դանիացի աղջիկը» և «Լուսնի լույսը» ֆիլմերը ցուցադրվել են Հայաստանի բոլոր կինոթատրոններում, իսկ եթե նույնիսկ ցուցադրվել են, դրանց բովանդակությանը տեղյակ լինելու դեպքում, ժամանակին կքննադատեինք նաև հիշյալ ֆիլմերի ցուցադրումը:
Ի պատասխան «Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրենին ուղղված մեր 2-րդ հարցի` «Ինչպե՞ս եք վերաբերվում այլասերվածության քարոզչությանը», «Երևան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը բառացիորեն ու տառացիորեն տվել է հետևյալ պատասխանը. «Այլասերվածության քարոզչությանը վերաբերվում եմ այնպես, ինչպես բարոյականության նորմերը պահպանող և պարկեշտ յուրաքանյչուր  քաղաքացի»։ Թերևս մնում է հավելել` հարգելիս, բայց մեզ ձեր վերաբերմունքը չէր հետաքրքրում, այլ գլխավոր տնօրենի, այլասերվածության քարոզչությունն էլ, գրողը տանի, ոչ մի կերպ չի տեղավորվում բարոյականության նորմերի պահպանման շրջանակում: Եթե դուք նույնիսկ վերաբերվում եք այնպես, ինչպես գրել եք (շա՜տ ենք ուզում հավատալ ձեզ), ապա չենք կարծում, թե այլասերվածության քարոզչության նկատմամբ նույնն է եղել նաև այն մասնագետների վերաբերմունքը, որոնց կողմից նախապես դիտվել է «Ծիրանի այգիները» ֆիլմը և այն թույլատրվել կամ երաշխավորվել «Երևան Մոլ»-ի Կինոպարկում ցուցադրելու:
Այս ամենից հետո անձամբ ես հրաժարվում եմ այսուհետ «Երևան Մոլ»-ի Կինոպարկում ցանկացած ֆիլմի դիտումից, ինչպես նաև «Երևան Մոլ»-ից որևէ գնում կատարելուց, իմ բոյկոտն այդ կերպ եմ արտահայտում: Թե քանի՞ն ինձ նման կվարվեն, չեմ կարող ասել, բայց ցանկացած մարդ ազատ է ՀՀ օրենսդրության շրջանակում իր վերաբերմունքն արտահայտելու…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից