ՀՀ-ում գրանցված վերջին հրդեհները և դրանց պատճառ դարձած երաշտը հնարավոր էր ոչ միայն կանխել, այլև ունենալ տարեկան 100 մլն դոլարի շահույթ (տեսանյութ)



11-09-2017 14:46:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Հայաստանում տեղի ունեցած վերջին հրդեհները և դրանց պատճառ դարձած երաշտը հնարավոր էր ոչ միայն կանխել, այլև ունենալ տարեկան 100 մլն դոլարի շահույթ: 
Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց  տեխ. գիտ. թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, «Գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա և մեքենա»-ի հեղինակ, «Գյուտարարների ակումբի» անդամ Ստեփան Խոյեցյանը: 
 
Ըստ նրա` վերոնշյալը հնարավոր կլիներ իրականություն դարձնել, եթե պատկան մարմինները վերջապես ականջալուր լինեին իր առաջարկին և համաձայնեին շահագործել 20 տարուց ավելի անշարժ կանգնած բացառիկ գյուղատնտեսական մեքենան: 
 
«Այս հրաշք մեքենայի գործողությունը կայանում է հետևյալում. Այն հողի մեջ 10-15 սմ խորության ճեղքեր է բացում և վերևից հոսող անձրևաձնհալ ջրերը կուտակում հողի ստորին շերտերում` նպաստելով խոնավ միջավայրի պահպանմանը, արտովայրերի կանաչ մնալուն և հրդեհավտանգ չլինելուն»,- նշեց Ս. Խոյեցյանը` ընդգծելով, որ սարերից հոսող ջրերի քանակը Հայաստանում կազմում է մոտավորապես 6,5 մլրդ մ³, որից միայն 1մլրդ մ³ է կուտակվում, մնացածը հոսում է հարևան երկրներ` իր հետ տանելով նաև հողերի հումուսային շերտը: 
 
Գյուտարարի փոխանցմամբ` վերոնշյալ գյուղատնտեսական մեքենան ունի նաև այլ տարբերակներ, որոնք հարմարեցված են մացառուտների և դժվարամատչելի տարածքների համար: 
 
Ս. Խոյեցյանի պնդմամբ` ներկայումս Հայաստանի արոտավայրերը վերածվել են պադոշի, ինչի հետևանքով բուսածածկ հատվածները գնալով կրճատվում են: 
 
«Հրդեհված տարածքներում այնպիսի վիճակ է ստեղծվել, երբ խոտածածկույթի 70 տոկոսը թունավոր բույսեր են և փշեր, որոնք անասունները չեն ուտում, ուստի նման ջերմաստիճանի պայմաններում ճտճտալով վառվում են»,- փաստեց բանախոսը` շեշտելով, որ իրենց կողմից մշակված մեկ այլ գյուղատնտեսական մեքենայի միջոցով կարելի է այդ մացառուտները մանրեցնել և փռել հողային շերտին` այդպիսով կանխելով հրդեհների բռնկումը: 
 
Ս. Խոյեցյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բազմիցս վերոնշյալ առաջարկություններով դիմել է պատկան մարմիններին, մասնավորապես, կառավարությանը և գյուղատնտեսության նախարարությանը, սակայն մնացել է անարձագանք: 
 
Նրա համոզմամբ` իր առաջարկությունները չեն ընդունվում այն պարզ պատճառով, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է պատկան մարմիններին, որպեսզի վերջիններս կարողանան իրավիճակը շտկելու համար արտերկրից գումարներ բերել և չօգտագործել ըստ նպատակին:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից