«Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի պատճառն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն արդեն պարզ է (տեսանյութ)

Բայց նախարարությունը հասարակությանն այդ մասին դեռ չի հայտնում, թաքցնելու բա՞ն կա…



12-09-2017 17:59:37   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
«Նաիրիտ-1» գործարանում ս. թ. օգոստոսի 28-ին բռնկված հրդեհի տեղիք տված պայթյունի պատճառը կամ պատճառները, դատելով ամենից, արդեն պարզ են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), սակայն վերջինս նախընտրում է այդ մասին դեռ չհայտնել հասարակությանը: Ի՞նչ է` թաքցնելու բան կա ու թաքցնո՞ւմ է…
Երեկ ԱԻՆ-ի հրապարակած տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ հիշյալ նախարարության խնդրանքով, փորձագիտական առաքելություն իրականացնելու նպատակով միջազգային երեք փորձագետ եկել են Հայաստան: ԱԻՆ տեղեկացմամբ, նրանք են` Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու, Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում, Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:
ԱԻՆ հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները»: Սա կարդալով, իհարկե, դեռ չի կարելի եզրակացնել, որ ԱԻՆ-ին արդեն հայտնի է հիշյալ պայթյունի պատճառը, քանի որ «Նաիրիտ-1» գործարանում վաղուց ի վեր տարբեր խնդիրներ են առկա, տարբեր խնդիրներ կան նաև այլ գործարաններում: Սակայն, այս նախադասությունից ընդամենը 2-3 տող հետո նշված է նաև.
«Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո փորձագետներին ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:
Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնել այս խնդրի լուծման համար»:
Փաստորեն, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի համար արդեն անորոշ չէ, այլ միանգամայն որոշակիորեն հայտնի է առկա խնդիրը, որովհետև նա փորձագետներից ոչ թե խնդրել է պարզել այդ խնդիրը, այլ հայտնել, ընդգծել է նրանցից առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ ստանալու հայկական կողմի ակնկալությունը՝  ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները: Կարծում ենք, հասկանալի է, որ եթե առկա խնդրի էությունը դեռ հայտնի չլիներ, նախարարը փորձագետներին չէր կարող հայտնել նրանցից տվյալ խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ ստանալու հայկական կողմի ակնկալության մասին, ոչ էլ փորձագետները այս խնդրի լուծման համար իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնելու պատրաստակամություն կհայտնեին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից