Արեգակնային հզոր բռնկումների հետևանքով կանխատեսված «ապոկալիպսիսի» վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պարզաբանումը

13-09-2017 22:53:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


 
Մեկ շաբաթ առաջ` սեպտեմբերի 6-ին, Արեգակի վրա, ինչպես արդեն հայտնի է,  տեղի է ունեցել գերհզոր կամ շատ հզոր բռնկում, որին նույն օրն արդեն անդրադարձել ենք «Արեգակի վրա այսօր տեղի է ունեցել ահավոր ուժգնության բռնկում, իսկ թիրախում եղել է Երկիր մոլորակը» վերտառությամբ հրապարակմամբ:
 
Համառոտ հիշեցնենք, որ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի` A, B, C, M и X: Նվազագույն դասը` A0.0, հատկանշվում է Երկրի ուղեծրում 1 քառակուսի մետրի վրա ճառագայթման 10 նանովատ հզորությամբ, յուրաքանչյուր հաջորդ դասին անցումը նշանակում է, որ ճառագայթման հզորությունը 10 անգամ ավելին է նախորդից:
Սեպտեմբերի 6-ին արձանագրված բռնկումը դարձել է Արեգակի վրա նմանաբնույթ երևույթների դիտարկման ողջ ժամանակաընթացքում Արեգակի մակերևույթին տեղի ունեցած հինգ ամենահզոր պայթյուններից մեկը: Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները, բռնկումային ակտիվության մակարդակն անցել է տասբալանոց սանդղակի սահմանը, հասել է 10.3 նիշին:
Արեգակի հիշյալ բռնկումից հետո ռուսաստանյան ԶԼՄ-ներից մեկը (Hotgeo.ru) տագնապալի տեղեկություն է հրապարակել այն մասին, թե Արեգակի հզոր բռնկումները, շարունակման դեպքում, կարող են պատճառ հանդիսանալ Արեգակնային համակարգի շատ մոլորակների գրավիտացիոն դաշտերի ապակայունացման, ինչի պատճառով առաջիկա տասը 10 տարում Վեներան, որի հեռավորությունը Երկրից 38-ից մինչև 260 միլիոն կիլոմետր է (կախված նրանից, թե իրենց ուղեծրերում իրար անմիջականորեն մոտ են, թե գտնվում են Արեգակի հակադիր կողմերում), Երկրին կարող է առավելագույնս մոտենալ:
Ըստ հիշյալ կայքի նույն հրապարակման, Վեներան այդ դեպքում սկսելու է ավելի արագ պտտվել Արեգակի շուրջ, և եթե այժմ այն Երկրին մոտենում է առավելագույնը 584 օրը մեկ, ապա Արեգակի վրա բռնկումների շարունակման պատճառով տվյալ ժամանակահատվածը կարող է նվազել մինչև 300 օրվա: Ավելին. Hotgeo.ru-ի հրապարակման համաձայն, Երկրին Վեներայի վերոնշյալ մերձեցման հետևանքով մեր մոլորակի կիսագնդերից մեկում լինելու է մշտական գիշեր, ինչը հանգեցնելու է կլիմայի գլոբալ փոփոխության և Երկրի վրա քաոսի առաջացման, որի հետևանքով զոհվելու են մեծաթիվ մարդիկ:
Գիտակա՞ն է գրեթե համաղետի վերաբերյալ այս կանխատեսումը, թե հակագիտական, Երկրի բնակչությանը, նրա կենդանական ու բուսական աշխարհին իրականում սպառնո՞ւմ է այդպիսի վտանգ: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով այսօր դիմեցինք աստղագետ,  ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին:
«Ոչ մի գիտական հիմք չկա այդ կանխատեսման տակ, քանի որ և՛ Երկրի, և՛ Վեներայի և մյուս մոլորակների շարժումները խստորեն ենթարկվում են գրավիտացիայի օրենքներին, արեգակնային բռնկումը կամ արեգակնային քամին որևէ կապ չունի գրավիտացիայի հետ, չի կարող որևէ գրավիտացիոն ազդեցություն թողնել,- ասաց Արեգ Միքայելյանը:- Բռնկումից առաջացող արեգակնային քամու կամ դրա միջոցով Երկիր և Վեներա հասնող մասնիկների զանգվածը չնչին է Երկրի կամ Վեներայի զանգվածի համեմատ: Միայն լուրջ զանգվածները կարող են թողնել գրավիտացիոն ազդեցություն և պայմանավորել այդ և մյուս մոլորակների շարժումները: Մոլորակների ու նրանց արբանյակների շարժումները խստորեն ենթարկվում են տիեզերական ձգողության օրենքներին և միմիայն պայմանավորված են իրենց և իրենց վրա ազդող մարմինների զանգվածներով: Այնպես որ, այդ կանխատեսումը բացարձակ անհիմն է»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից