Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մեկ տարեկան է

15-09-2017 14:09:23   | Հայաստան  |  Մշակույթ
 


Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մեկ տարեկան է: Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին այն Բաղրամյան 3 հասցեում (Հայաստանի գրողների միության շենք) իր հյուրընկալ դռները բացեց բազմաթիվ թատերասերների առջև՝ շատերի համար դառնալով սիրելի վայր:
 
«Մեկ տարվա ընթացքում երեք պրեմիերա ենք ներկայացրել՝ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը, ինչպես նաև երկու բեմադրություն՝ հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար  («Ամանորը Նազարի տանը», «Տիկնիկների խանութ»): Խաղացել ենք 200 ներկայացում, հազարավոր հանդիսատես ենք հյուրընկալել: Մենք փոքրիկ տարածքում կարողացել ենք ստեղծել մթնոլորտ, որ հանդիսատեսին հաճելի լինի: Հոկտեմբերի 5-ին մենք կունենանք պրեմիերա, ներկայացումը 8 տարի առաջ մի քանի անգամ խաղացել ենք: Կոչվում է «Մենք ենք, մեր ստերը».սիրված ներկայացումը կցուցադրվի 8 տարի անց»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքերով՝ բոլոր պայմանները ստեղծված են, որ հանդիսատեսը գոհ լինի. ձմեռը՝ տաք է, ամռանը՝ զով, թատրոնն էլ աշխատել է առանց արձակուրդի: Մշակութային հաստատությունն ունի բազմաթիվ խաղացանկային ներկայացումներ.շաբաթական ցուցադրվում է ամենաքիչը երեք ներկայացում:
 
Ի դեպ, նախորդ տարի «Բոհեմ»-ի ներկայացումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությամբ: Իսկ այս տարի սեպտեմբերի 15-ին կցուցադրվի արդեն իսկ սիրված ու լեգենդար դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը: Առաջիկայում սպասվում են բազմաթիվ անակնկալներ:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից