«Ազգային Տարազ» մրցույթ-փառատոնն արդեն ստացել է մասնակցության 183 հայտ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից (տեսանյութ)



15-09-2017 16:04:16   | Հայաստան  |  Մշակույթ
 

«Ազգային Տարազ» մրցույթ-փառատոնն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել հասարակության շրջանում, արդյունքում փառատոնը ստացել է մասնակցության 183 հայտ: 
 
Հայտերի մեծաթիվ լինելու պատճառով փառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել հետաձգել «Ազգային Տարազ»-ի անցկացումը մինչև հոկտեմբերի կեսերը: 
 
Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մշակույթի նախարարության Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի խմբավար և մեներգչուհի Լաուրա Մամյանը` հավելելով, որ փառատոնի մասնակիցների հետ նախնական լսումներն արդեն եղել են: 
 
«Փառատոնի նկատմամբ հասարակական արձագանքը շատ բուռն ստացվեց, ուստի տեխնիկապես հնարավոր չեղավ նախապես հայտարարված ժամկետում տեղավորվել: Այժմ մենք պատրաստվում ենք առաջին փուլին, որի ընթացքում նկարներով պետք է ընտրենք ճիշտ տարազներով մասնակիցներին, հետո կանցկացվի երկրորդ հիմնական փուլը»,- նշեց նա: 
 
Լ. Մամյանի խոսքերով` երկրորդ փուլում նախատեսվում են ցուցադրություններ բեմահարթակի վրա, որին հաջորդելու է մեծ գալա համերգը` տարազների ցուցադրությամբ: 
 
 Բանախոսի փոխանցմամբ`  «Ազգային Տարազ» համահայկական փառատոնին մասնակցության հայտեր են ստացվել ինչպես Հայաստանի մարզերից, այնպես էլ Լիբանանից, Իրանից, Մոսկվայից և այլ հայաշատ քաղաքներից: 
 
Գեղեցիկ արվեստների ազգայի ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյանի գնահատմամբ` նշյալ փառատոնի անցկացումն ազգային արժեքներին մոտենալու ևս մեկ քայլ է, որը պետք է միայն ողջունել: 
Նրա կարծիքով` այսօր հայ հասարակությունը մի փոքր հեռացել է ազգային ակունքներից: 
 
«Ես բազմաթիվ միջազգային փառատոնների ու մրցույթների եմ մասնակցել տարբեր երկրներում և տեսել եմ, թե ինչպես են օտարերկրյա դիզայներները ներկայացնում իրենց ազգային տարազները, դրան զուգահեռ ցուցադրում նոր և ժամանակակից հագուստ` օգտագործելով տարազային էլեմենտները»,- փաստեց Է. Սեդրակյանը` շեշտելով, որ բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են միջազգային փառատոններում հայկական տարազը ներկայացնող դիզայներները շահել հեղինակավոր մրցանակներ: 
 
Գեղեցիկ արվեստների ազգայի ակադեմիայի ռեկտորը նկատեց, որ հայկական ազգային տարազներին վերաբերող գրքեր այսօր գրեթե չեն տպագրվում, մինչդեռ այս ոլորտին գիտական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել: 
 
«Ազգային Տարազ» փառատոնի հեղինակ-կազմակերպիչ, հասարակական գործիչ և իրավաբան Էմիլ Մարկոսյանը տեղեկացրեց, որ «Հաղթանակ» անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար փառատոնի մասնակիցները բացի իրենց կրած տարազի ցուցադրությունից, նաև պետք է պատմեն այդ տարազի պատմության, զարդանախշերի, կտորի և աքսեսուարների նշանակության մասին: 
 
Հագուստի դիզայներ, մոդելավորող Արտյոմ Սյունեցին էլ ցավով նշեց, որ հին ազգային տարազների նմանօրինակները ստեղծելու համար այսօր որոշակի խնդիրներ կան ինչպես համապատասխան կտորի ձեռք բերման, այնպես էլ զարդանախշերը գործողների հետ կապված: 
 
«Ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ մեր երկրում պետական աջակցության շնորհիվ բացվեին արվեստանոցներ կամ ուսումնարաններ, որտեղ երիտասարդները կուսումնասիրեին և կասեղնագործեին հին տարազն` իր բոլոր զարդանախշերով»,- նշեց նա: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից