Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է

15-09-2017 16:48:37   | Հայաստան  |  Հոդվածներ
Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է:
 


Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
 
Ռուսաստան - 28.2%
Չինաստան - 11.2%
Թուրքիա – 5,5%
Գերմանիա – 4,7%
Իրան – 4,4%
Իտալիա – 4,1%
Կանադա – 3,1%
Ուկրաինա – 2,9%
Վրաստան – 2,6%
ԱՄՆ – 2,6%
 
Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Ընդ որում, Վրաստանի վարած կրթական քաղաքականության արդյունքում երիտասարդությունն ավելի ու ավելի շատ տիրապետում է անգլերենի և արդեն ոչ շատ տարիներ անց Վրաստանի հետ գործնական հարաբերություններ հնարավորություն կլինի վարել առավելապես անգլերենով:
 
Ուկրաինայում, թեև բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը:
 
Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որևէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, կամ անգլերենով:
 
Հարկ է նշել նաև, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առևտրային կապեր չունի:
 
Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առևտրային հարաբերություններ գրեթե չունի:
 
Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» այս հոդվածում:  Ըստ այդմ, ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ:
 
Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից:
 
Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան:
 
Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, և այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից:
 
 
Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից