«Նաիրի» երաժշտական այգում տեղի է ունեցել խորհրդանշան-արձանների բացման հանդիսավոր արարողությունը

16-09-2017 17:18:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Սեպտեմբերի 16 ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում «Նաիրի» երաժշտական այգում հանդիսավորույամբ բացվեցին հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձանները: Փառատոնի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը: 
 
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամները, հյուրեր:
Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Կարծում եմ այսօր իրոք խորհրդանշական օր է: Իրականություն դարձավ բոլորիս երազանքը՝ ունենալ ազգային երաժշտական ժառանգության, հայ երաժշտությունը, երաժշտարվեստը խորհրդանշող հարթաքանդակների թանգարան: Մշակութային մերօրյա խառնարանում պետք է ավելի զգոն լինենք ազգային ու միջազգային բոլոր հարթակներում տեր կանգնենք մեր ունեցվածքին, հանրահռչակենք այն և մոռացությունից փրկենք մեր ինքնության պահպանման կարևորագույն գրավականներից մեկը հանդիսացող երաժշտական, մշակութային ժառանգությունը: Շնորհակալ եմ պարոն Հարոյանին՝ այս մտահղացման համար, քանդակագործ Յուրի Պետրոսյանին, ճարտարապետներ Ասլան Մխիթարյանին և Հայկ Մկրտչյանին, այս տան տիրոջը՝ Գրիգոր Ղուկասյանին հյուընկալության և աջակցության համար»:
 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց բոլորին՝ այգու բացման կապակցությամբ և հավելեց. «Խորհրդանշական է, որ մենք բացառիկ ձևով ենք մոտենում մեր  մշակույթի պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործին»:
 
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց , որ այգին բացառիկ երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար: 
 
Փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը հավելեց. «Արվեստը հրաշագործ ուժ ունի, ամենամեծ զենքն է: Հայրենասիրություն է ցուցադրված ոչ թե խոսքով, այլ գործով: Այս փառատոնը պետք է դառնա համահայկական, և միավորի աշխարհասփյուռ հայերին: Այսօր պատմական իրադարձության շեմին ենք կանգնած»: 
 
Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական համերգով:
 
Սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխություն – շքահանդեսը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից