ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանին շնորհվել է «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը

19-09-2017 12:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվեց  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում օգոստոսի 21-25-ը անցկացված Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսի պլենար նիստի ընթացքում:  Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:
 
Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը  500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ու ներուժը օպտիկայի և ֆոտոնիկայի ասպարեզում և միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը»,- ասաց Արամ Պապոյանը:
Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետ: Բացման արարողությունից հետո Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաև Արամ Պապոյանը:
19.09.2017թ.
-- 
Հարգանքով՝
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից