Հայտնի են գեղեցկության և նորաձևության Oriflame Fashion Award մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչված սկսնակ դիզայներների անունները

Oriflame Fashion Weekend 2017 երկօրյա աննախադեպ շոու-ցուցադրություններին իրենց հավաքածուներով մասնակցեցին հայազգի 30 ճանաչված դիզայներ-մոդելավորողներ

19-09-2017 15:06:13   | Հայաստան  |  Հասարակություն
 

Արդեն հայտնի են Oriflame Fashion Weekend գեղեցկության և նորաձևության այս տարվա հաղթողների անունները: Այդ երջանիկներն են սկսնակ դիզայներ-մոդելավորողներ Վարդուհի Բարսեղյանը և Հակոբ Շահինյանը: 
 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 16-ին և 17-ին մայրաքաղաքի պատմամշակութային վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում, կայացավ նորաձևության և գեղեցկության ամենասպասված միջոցառումը՝ Oriflame Fashion Weekend 2017-ը: 
Հայաստանում իր տեսակով եզակի այս միջոցառման նպատակն է հնարավորություն տալ հայազգի ճանաչված դիզայներներին հանրության լայն շրջանակներին ներկայացնել իրենց հավաքածուները, ինչպես նաև աջակցել նորաձևության ոլորտում առաջին քայլերը կատարող դիզայներներին: 
 
Այսպես` Oriflame Fashion Weekend 2017-ին մասնակցեցին հայազգի 30 ճանաչված դիզայներ-մոդելավորողներ` Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը, Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, Միկա Դանիելյանը, Վիգէն Տէրտէրեանը (ԱՄՆ) և Արմինե Օհանյանը (Ֆրանսիա): 
 
Ըստ միջոցառման կազմակերպիչ, «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանի, կազմակերպության համար գեղեցկությունը կենսակերպ է, հետևաբար իրենք ձգտում են նմանատիպ միջոցառումների օգնությամբ գեղեցիկը հասանելի դարձնել բոլորին: 
 
«Ուրախ ենք, որ հանդիսանում ենք նորաձևության այսպիսի գեղեցիկ հարթակի հիմնադիրը: Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով փորձում ենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին,  կատարել իրենց  առաջին քայլերը, գնալ իրենց երազանքի հետքերով և փայլել նորաձևության ոլորտում»,- նշեց Նաիրա Մարգարյանը:
 
Երկօրյա աննախադեպ շոու-ցուցադրություններին հաջորդեց Oriflame Fashion Award-ը, որի ընթացքում սկսնակ դիզայներները բացի իրենց հավաքածուները ցուցադրելուց, մասնակցեցին նաև տոնական մրցանակաբաշխությանը: 
 
Դիզայներ Վարդուհի Բարսեղյանն արժանացավ Oriflame Fashion Award մրցանակին, որի համար սահմանված էր 1000 եվրո: Oriflame Fashion Weekend 2017-ի շրջանակներում սկսնակ դիզայները ներկայացրեց իր առաջին` "Victorian Symbolism" հավաքածուն, որը ստեղծելիս ոգեշնչվել է վիկտորիանական շրջանի նկարիչ Gabriel Dante Rossetti-ի նկարներից և այդ շրջանում եղած ձեռագործության՝ մաքրամե տեսակի նմուշներից։
 
Իսկ ահա «Օրիֆլեյմ» ընկերության պաշտոնական կայքում հայտարարած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ երկրորդ մրցանակակիր ճանաչված Հակոբ Շահինյանը հանրության դատին ներկայացրեց իր «Սաշա»  հավաքածուի երկրորդ մասը: Այն զինվորական ոճի և կանացի նուրբ դետալների համադրություն է, կոնտրաստ կոպիտի և նուրբի, սիրո և պատերազմի: 
 
«Օրիֆլեյմ» ընկերությունը դիզայներին կաջակցի իր հաջորդ շոու-ցուցադրության կամ ֆոտոսեսիայի մոդելների կերպարների ստեղծման հարցում: 
 
Նշենք, որ «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության Oriflame Fashion Weekend նախագիծն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի մասն է կազմում, որի նպատակներն են խթանել Հայաստանում նորաձևության  ոլորտի զարգացումը, ստեղծել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ հայ դիզայներ-մոդելավորողների համար, բացահայտել նորահայտ տաղանդների և աջակցել նրանց գործունեությանը, նպաստել հայկական նորաձևության տարածմանը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից