Ւնչպե՞ս է բացվել Հաղարծինի մոտ արգելափակված ճանապարհը, այն փակողներին տրվե՞լ է խոստում և ի՞նչ խոստում (ֆոտոշարք)

20-09-2017 22:18:25   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Այս տարի Հայաստանում վառելափայտի ձեռքբերման լուրջ խնդիր կա: Ասում են խստություն է, արգելել են անտառահատումը, փայտ չկա կամ շատ քիչ է: Չգիտես ինչ ճանապարհով վառելափայտ ձեռքբերողներն ու իրացնողները վերը նշվածի հետևանքով բարձրացրել են դրա գները՝ 1 խորանարդ մետրի (այն էլ՝ իրականում դրանից պակաս) գինը հասցնելով 20 000 դրամի, ևս 1500 դրամ պահանջելով նշված ծավալի փայտը բենզասղոցով կտրելու համար:
Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված անտառահատումների նկատմամբ հսկողության ու վերահսկողության խստացումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում այս տարվա հուլիսի 28-ից դաշնակցական Միքայել Մանուկյանի նշանակմա՞մբ (նախկին տնօրենը նույնպես դաշնակցական Մարտուն Մաթևոսյանն էր), ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում ՀՅԴ մեկ այլ անդամի՝ Արծվիկ Մինասյանի նշանակմա՞մբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և Հայաստանի այլ անտառներում հրդեհների պատճառած հսկայական վնասների՞, այդ կապակցությամբ վարչապետի կողմից վերոնշյալ պաշտոնյաներին հսկողությունն ու վերահսկողությունը խստացնելու հանձնարարականներ տալո՞ւ, թե այդ բոլորով՝  միասին վերցված: Խստացումն արդեն ունի իր արձագանքը… Սեպտեմբերի 17-ի երեկոյան ընկերներիցս մեկը «Ֆեյսբուքով» հայտնել էր հետևյալը.
«Հենց հիմա Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտ ենք, արդեն 2 ժամից ավել է, գյուղացիները փակել են Դիլիջան-Իջևան մայրուղին... տասնյակ, հարյուրավոր մեքենաներ կանգնած են, երկուստեք երթևեկ չկա եւ ըստ երևույթին ամբողջ գիշեր չի լինի, քանի որ գյուղացիները վճռական են տրամադրված.. 
Ու գիտե՞ք ինչ աբսուրդ պատճառով՝ ծառահատումների արգելքի դեմ. ասում են կանգնելու են էնքան, մինչև վարչապետը կամ Կառավարությսն որևէ ներկայացուցիչ չգա... »:
Ըստ ճանապարհը փակածների, այս տարի խստություն է, կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ գյուղացիներին արգելել անտառից վառելափայտի տեղափոխումը, ոստիկանությունն էլ արդեն անտառներ տանող ճանապարհները փակել է:
Եթե խոսքն անտառից զուտ թափուկի դուրս հանման մասին չէ, այլ նաև իբրև թափուկ ներկայացվողի (վաղուց կիրառվող հայտնի ու հանցավոր պրակտիկա), ապա կառավարությունը շատ ճիշտ էլ արել է, որ արգելել է անտառից վառելափայտի տեղափոխումը, դրանով իսկ, փաստորեն, ապօրինի անտառահատումը: «Հետք»-ի հրապարակման համաձայն, հավաքվածները պահանջել են, որ «պետությունն իրենց թույլատրի անտառից վառելափայտ տեղափոխել և վաճառել, ինչպես նաև նվազեցնի դրա համար նախատեսված պետական տուրքը»:
Ինչպես հայտնի դարձավ հետո, ոստիկանության (ընդ որում, ոչ միայն ճանապարհային…) աշխատակիցներն այցելել են հիշյալ վայր, ճանապարհը բացելու նպատակով, բողոքավորների հետ բանակցություններ վարել: Որոշ տեղեկությունների համաձայն, Հաղարծին են մեկնել նաև Տավուշի մարզի դատախազը,  Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի տարածքային բաժնի պետը և Դիլիջանի ոստիկանապետը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինիս ժամը 22:40-ի սահմաններում հաջողվել է համոզել բողոքավորներին, որ ճանապարհը բացեն, սակայն հաջորդ օրը ճանապարհի արգելափակումը շարունակվել է, ըստ Aravot.am-ի, սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը մոտ 12-ի դրությամբ ճանապարհը դեռ արգելափակված է եղել:
Ի՞նչ է կատարվածը, եթե ոչ զոռբայության հրապարակային արտահայտություն: Հաղարծինի շրջակա անտառները Հաղարծին գյուղի բնակիչների սեփականությունը չեն, դրանք ողջ Հայաստանի ու նրա բնակիչների սեփականությունն են: Նույնը կարելի է ասել Սևանա լճի սիգի ձկնապաշարների վերաբերյալ. դրանք միայն Նորատուսի և լճի մոտ գտնվող այլ համայնքների բնակիչների, ավելի ճիշտ, նրանց սոսկ մի փոքր մասը կազմող ձկնագողերի սեփականությունը չեն, Հայաստանի Հանրապետության ու նրա ողջ բնակչության սեփականությունն են: Սիգի արդյունագործական պաշարների ոչնչացման պարագայում, երբ սիգի որսը պաշտոնապես թույլատրված չէ, չի կարելի որսալ այդ ձկնատեսակը, չի կարելի գողանալ: Հատկապես ապօրինի անտառահատումների, ինչպես նաև ծառերի հիվանդությունների ու հրդեհների հետևանքով Հայաստանում անտառների նախկին մակերեսը հսկայական չափով կրճատվել է, հետևաբար ապօրինի հատումների հանցավոր պրակտիկան հիմա առավել ևս չի կարելի շարունակել:
Սակայն, արիուտես, որ իրենց եսամոլական նեղ շահերով առաջնորդվող տեղի բնակիչների մի մասի գիտակցությանն այս պարզ ճշմարտությունները չեն հասնում, ու նրանք գրեթե ամեն կերպ փորձում են հասնել իրենց նպատակին: Նույնիսկ լրբությամբ ու դեմագոգիայով են զբաղվում, խնդիրն այնպես ներկայացնում, թե նշված ու շրջակա մյուս համայնքների ողջ բնակչությունն այդ վառելափայտի, ձկան վաճառքից գոյացած գումարներով է ապրում, որ ծառերի ապօրինի հատումը և ձկնագողությունն արգելելու պարագայում իրենք բոլորը սովի են մատնվելու: Իրականում ապօրինի անտառահատումներից ու ձկնագողությունից առաջացած գումարները գնում են այդ համայնքների սակավաթիվ բնակիչների գրպանները ու մեկ էլ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության և պետական այլ մարմինների այն կոռումպացված չինովնիկների, որոնք փաստացի թույլատրում են այդ գողությունն ու գողոնի վաճառքը:
Մեր աղբյուրի հավաստմամբ, Հաղարծին գյուղի մոտ ճանապարհն արգելափակողների թվում ակտիվիստներն ընդամենը 15-20-նն են եղել: Մնացած մոտ 400 հոգին հավանաբար եղել են այն մարդիկ, որոնց այդ ակտիվիստները կարողացել են ոտքի հանել: Հասկանալի է, եթե այդ ակտիվիստներից յուրաքանչյուրն իր հարազատներից, բարեկամներից, ընկերներից մոտ 20 հոգու էլ կարողանար հրավիրել կամ բերել այդտեղ, ապա ճանապարհը փակելու համար անհրաժեշտ և իշխանությունների վրա ազդեցություն գործելու միտում ունեցող զանգվածը կապահովեր:
Այլ խնդիր է, թե իշխանությունները որոշակի այս պարագայում որքանո՞վ են ենթարկվե՞լ են այդ ազդեցությանը, թե ոչ: Այն, որ և՛ ՀՀ ոստիկանությունը, և՛ ՀՀ կառավարությունը ճանապարհի փակման, հիշյալ բանակցությունների էության և արդյունքի մասին լռում են (նրանց կայքերում այս ամենի վերաբերյալ բառ անգամ չկա), ոչինչ չեն հաղորդում, թե բանակցությունների արդյունքում ինչ է որոշվել, իշխանության ներկայացուցիչները բողոքավորների հետ ինչ-որ ընդհանուր հայտարարի եկե՞լ են, թե ոչ, ի վերջո, ինչի՞ շնորհիվ է բացվել ճանապարհը,  վերոնշյալի առումով կարծես թե լավ բան չի հուշում: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ իրենց կայքում նման դեպքերը չեն հրապարակում (ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ կայքում հրապարակվում են նույնիսկ, ասենք, մեկ հավի կամ հեծանվի գողության դեպքերը), իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ, տրվեց հետևյալ պատասխանը՝ մենք ենք որոշում: Այն տպավորությունն է առաջանում, թե իշխանությունները ենթարկվել են բողոքավորների ճնշմանը: Շատ կուզենայինք սխալված լինել տվյալ հարցում, համենայն դեպս, ճշմարտությունը շուտով կպարզվի: Միաժամանակ չի կարելի բացառել, որ ոմանց վերոնշյալ բիզնեսին զուգահեռ, Հաղարծինի բնակիչները ձմռան վառելափայտի խնդիր ունեն, խնդիր, որին տվյալ համայնքի ղեկավարը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն արդեն պետք է լուծում տված լինեին (առայժմ գոնե դեռ տեղեկատվական մակարդակով), որպեսզի բանը չհասներ ճանապարհ փակելուն:
Վերջում ընդգծենք, որ սեպտեմբերի 17-ին Հաղարծին գյուղի մոտ ճանապարհը փակելը թերևս «բացահայտեց» այն հանցավոր իրողությունը, որ նախորդ տարիներին եղել է: Հարց չի՞ առաջանում, թե տեղի բնակիչները նախորդ տարիներին ճանապարհն ինչու չէին փակում…
Պաշտոնապես ներկայացվում է, թե «Հայանտառ»-ի ենթակայության տակ 277,1 հազ. հա անտառածածկ տարածք կա, սակայն ըստ բնապահպանների և անտառին գիտակ մարդկանց, ապօրինի անտառահատումների և այլ պատճառներով իրականում այդքան տարածք այլևս չկա:
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից