Հայաստանի տնտեսությունն ավերող, երկիրը դատարկող կառավարության գործելակերպը շարունակվում է

Չնայած վարչապետի փոփոխությանը

22-09-2017 21:11:17   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
Արտագաղթը խթանող, Հայաստան գալու և այստեղ ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերին մեր երկրից հիասթափեցնող ու վանող ՀՀ կառավարության խայտառակ գործելակերպը շարունակվում է: Գործելակերպ, որ արդեն իսկ ներդրումներ կատարած սփյուռքահայ գործարարներին ճամպրուկները հավաքելու է դրդում, փոքր ու միջին բիզնեսը սպանում, ի վերջո, աստիճանաբար ավերում երկրի տնտեսությունը: Ըստ էության, մենք գործ ունենք կադրային հանցավոր քաղաքականության արդյունքում ձևավորված մի համակարգի հետ, որը, չնայած վարչապետների փոփոխությանը, ոչ մի կերպ չի փոխվում: Այս թեմայի վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ խոստացել էինք ՀՀ վարչապետին սփյուռքահայ գործարարի հասցեագրած դիմում-բողոքի պատասխանին առանձին անդրադառնալ:
1985 թվականից Հայաստանում հաստատված, արդեն մոտ 5 տարի գործարարությամբ կամ ֆերմերությամբ զբաղվող Օհաննես (Հովհաննես) Ստեփանյանն իր սեփականության նկատմամբ կատարված ոտնձգությունից, պատճառված վնասից, բացահայտ ապօրինության շարունակման փորձերից հարկադրված, 2017թ. հուլիսի 4-ին գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բողոքել է այդ ոտնձգությունների ետևում կանգնած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության դեմ (այսուհետ` ԲԷՑ):
Վարչապետը գուցե չի էլ կարդացել Օ. Ստեփանյանի դիմում-բողոքը: Թե ում է վստահել դիմումին ընթացք տալը, իր գործը, իր խնդիրն է, բայց տրված ընթացքի համար, առաջին հերթին, ինքն է պատասխանատու, որովհետև դիմումը հենց իրեն է հասցեագրված եղել, ոչ թե` մեկ ուրիշին: Վարչապետը կամ նա, ում պրն Կարապետյանը վստահել է տվյալ դիմումին ընթացք տալը, փոխանակ սփյուռքահայ գործարարի դիմումը վարչապետի վերահսկողական ծառայություն ուղարկելու, այն հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, որի համակարգում է գտնվում Օ. Ստեփանյանի սեփական հողատարածքի նկատմամբ ապօրինություններ կատարած հիշյալ ընկերությունը: Սակայն, սա դեռ մի կողմ, ընդունենք, որ վարչապետը կամ նրա համապատասխան ենթական կարող էր նաև այդպես վարվել, ի վերջո, կարևորը դիմումի օբյեկտիվ քննությունն է, դիմումում բարձրացված հարցերին լուծում տալը և դիմումատուին հավուր պատշաճի պատասխանելը:
Այս հոդվածը գրելու առիթն ու անհրաժեշտությունը չէին լինի, եթե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կամ նրա տեղակալը Օ. Ստեփանյանի դիմումի հետ չվարվեր հին և արատավոր մեթոդով: Փոխանակ դիմումի քննությունը հանձնարարվեր նախարարության իրավաբանական վարչությանը, անձնակազմի կառավարման բաժնին, կամ, թեկուզ, նախարարի կամ նրա տեղակալի կողմից դիմումն անձամբ քննվեր ըստ էության, ապա և հավուր պատշաճի պատասխան տրվեր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, որը, ի դեպ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, Օ. Ստեփանյանին ս. թ. հուլիսի 25-ի թվագրությունն ունեցող մի գրությամբ տվել է հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված 2017թ. հուլիսի 4-ի Ձեր դիմումի, հայտնում ենք, որ հարցը քննարկվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագիրն իրականացնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հետ: Քննարկման արդյունքներով կից ներկայացնում ենք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարզաբանումները դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ»:
Նախարարությունը ԲԷՑ-ի հետ, այո՛, պետք է քննարկեր հարցը, նշված ընկերությանը պետք է հարցեր առաջադրեր, նրանից պատասխաններ պահանջեր, բայց հետո ստուգեր այդ պատասխանների կամ պարզաբանումների ճշմարտացիությունը, հիմնավորվածությունը, տվյալ հարցում ընկերության իրավացի լինել-չլինելը, բարձրացված հարցերի հետ կապ ունենալ-չունենալը, և դրանից հետո նոր միայն պատասխաներ Օ. Ստեփանյանին: Ի՛նքը պատասխաներ, ոչ թե դիմումատուին փոխանցեր այն ընկերության` ԲԷՑ-ի «պարզաբանումները դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ», որի կողմից իր սեփականության նկատմամբ կատարված ոտնձգության դեմ բողոքել է սփյուռքահայ գործարարը:
Ի՞նչ է ստացվում Օ. Ստեփանյանը ՀՀ վարչապետին բողոքել է իր սեփականության նկատմամբ ԲԷՑ-ի ոտնձգության դեմ, ներկայացրել նշված ընկերության կողմից իրեն պատճառված վնասը, իսկ իր դիմումին ըստ էության պատասխանի և հարցին լուծում տալու փոխարեն, նախարարության մի քանի տողանոց հիշյալ գրությանը («պատասխանին») կից ստացել այն ընկերության «պարզաբանումները», որի դեմ բողոքել է: Ընդ որում, այդ ամենը (նախարարության 25.07.2017թ. գրությունը` ԲԷՑ-ի փոխանցած փաստաթղթերով) «Հայփոստ» ընկերությունը ստացել է միայն սեպտեմբերի 1-ին, ինչը նույնպես խայտառակություն է: Նշանակում է` կամ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն է իր այդ «պատասխան» կոչվածն ավելի քան մեկ ամիս մոտ պահել իր մոտ, կամ` կատարող Հրայր Հարությունյանը, իսկ այդպես են աշխատել, որովհետև գիտեն, որ օրեցօր ձեռքից գնացող այս երկրում դրա համար պատասխան չեն տա, եթե, իհարկե, մարդիկ մի օր հարկադրված զենք չվերցնեն…
Հիմա տեսնենք, թե իրենցից ինչ են ներկայացնում ԲԷՑ-ի «պարզաբանումները»: Փաստաթղթերի փաթեթում ներկայացված է Շատին համայնքի նախկին ղեկավար Մ. Սմբատյանի 24.09.2016թ. տեղեկանքն առ այն, որ Օհաննես Ստեփանյանին պատկանող «հողամասը փաստացի օգտագործում է Շատին համայնքի բնակիչ Առաքել Համայակի Խուդոյանը»:
«Սուտ է, նման բան չկա, սա կեղծիք է»,- ասում է Օհաննես Ստեփանյանը:
Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է այս տեղեկանքը, եթե ոչ պաշտոնեական կեղծիքի արտահայտություն, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Լավ, սոսկ մի պահ ենթադրենք, թե 2016թ. սեպտեմբերի դրությամբ Շատին համայնքի հիշյալ բնակիչը փաստացի օգտագործել է Օ. Ստեփանյանին պատկանող հողամասը, այսինքն` վերջինս Շատինի տվյալ բնակչին, ասենք, տվել է իր անասունները, որպեսզի արածեցնի իրեն պատկանող հողամասում, կամ հողամասը մի քանի օրով տվել, որ խոտհունձ կատարի: Սակայն դա, ի՞նչ է, ԲԷՑ-ին իրավո՞ւնք է տալիս, որ նա առանց հողի սեփականատեր Օհաննես Ստեփանյանի թույլտվությունը, համաձայնությունն ունենալու, նրա կամքին դեմ գնալով, իր պատվերը կատարող հնդկական «AL Kalpataru Power Transmission» կապալառու ընկերության միջոցով  ներխուժի Օ. Ստեփանյանին պատկանող հողատարածք, այնտեղով ծանր տեխնիկայի համար ճանապարհ բացի դեպի իրեն պատկանող 241 քմ հողատարածք, որպեսզի տվյալ վայրում էլեկտրահաղորդման գծերի համար հենասյուն տեղադրի: Իհարկե՛ ոչ:
Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ճանապարհ բացելու համար լուրջ վնաս է պատճառվել սեփականատիրոջը, որի հետևանքները դեռ վերացված չեն, սեփականատիրոջը պատճառված վնասը փոխհատուցված չէ, այդ կապակցությամբ Օ, Ստեփանյանի հայցով դատական գործընթացը հիմա ընթացքի մեջ է:
ԲԷՑ-ի ներկայացրած հաջորդ փաստաթուղթը ԲԷՑ-ի գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին հասցեագրված 20.07.2017թ. պատասխան գրությունը կամ պարզաբանումն է, որում նշված է.
«Նշված 0.0241 հա մակերեսով հողամասի վրա կապալառու ընկերության կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով պետք է տեղադրվեր Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան 1 220 ԿՎ օդային էլեկտրահաղորդման գծի մաս կազմող հենարանը, սակայն տվյալ հենարանով ծանրաբեռնված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող 0.0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը` առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մետենալու անհնար է»:
Իյա՜, ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կամ ԲԷՑ-ը նո՞ր պարզեց, որ իր սեփականությունը հանդիսացող 0.0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը` առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մոտենալու, անհնար է: Եթե Արթուր Բաղդասարյանը կամ ԲԷՑ-ի մեկ այլ պաշտոնյա դա նոր է պարզել, ապա այդ խայտառակ բացթողման համար համապատասխան պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե Արթուր Բաղդասարյանին կամ ԲԷՑ-ի մեկ այլ պաշտոնյայի նշված հանգամանքը հայտնի է եղել ի սկզբանե, սակայն մտածել են, որ կարիք չկա դիմել, որպեսզի այդ տարածքի և, ընդհանրապես, Օ. Ստեփանյանին պատկանող ողջ հողատարածքի (մոտ 10 հա) նկատմամբ նույնպես ճանաչվի բացառիկ գերակա հանրային շահ ու սեփականատիրոջը փոխհատուցվի, նախընտրել են դրա փոխարեն անցնել Օ. Ստեփանյանի իրավունքների և օրինական շահերի վրայով, ապա դրա համար նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կամ համապատասխան պաշտոնյան:
«Հաշվի առնելով վերոնշվածը, Օհաննես Ստեփանյանի հետ նախնական բանավոր համաձայնություն է ձեռք բերվել հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ»,- նշված է Արթուր Բաղդասարյանի հիշյալ գրության մեջ:
Օ. Ստեփանյանը պնդում է, որ դա նույնպես սուտ է, չի համապատասխանում իրականությանը, ինքը երբևէ, թեկուզ բանավոր, չի տվել իր համաձայնությունը հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ:
Ի՞նչ է նշանակում նախնական բանավոր համաձայնություն սեփականության հետ կապված այդպիսի լուրջ հարցում: Հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ համաձայնությունը իրավական ուժ և արժեք կունենար միամիայն գրավոր լինելու դեպքում, մինչդեռ գրավոր համաձայնություն չկա: Այսպիսով, ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը վկայել է իր ցածր իրավագիտակցության մասին, ինչի վառ արտահայտությունը տեսնում ենք նրա պարզաբանման նաև հաջորդ պարբերությունում.
«Միաժամանակ, հիմք ընդունելով, որ Շատին համայնքի ղեկավարի կողմից 24.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` նույն համայնքում գտնվող Օհաննես Ստեփանյանին պատկանող, ինչպես նաև վերջինիս կողմից վարձակալված հողամասերի փաստացի օգտագործող է հանդիսանում Շատին համայնքի բնակիչ Առաքել Հմայակի Խուդոյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը տվյալ հատվածով անցնող հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է նաև Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ»:
ԲԷՑ-ն այսպիսով հողամասի սեփականատիրոջը թողած, հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է ոմն Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ: Հարց չի՞ առաջանում, որ եթե ԲԷՑ-ը գրավոր համաձայնեցման կարգն ու ճանապարհը գիտեր, ինչո՞ւ այդ ճանապարհների կամ, թեկուզ, 0.0241 հա մակերեսով իր սեփական հողատարածք տանող ճանապարհի կառուցման հարցը գրավոր չի համաձայնեցրել Օ. Ստեփանյանի հետ, որի սեփական հողատարածքով պետք է անցներ այդ ճանապարհը: Կամ, ընդհանրապես, ո՞վ է, ասենք, Առաքել Խուդոյանը, որ նրա հետ է գրավոր համաձայնեցրել` այն դեպքում, երբ Առաքել Խուդոյանն այդպիսի համաձայնություն տալու իրավասություն և լիազորություն չի ունեցել ու չունի:
Եթե նորմալ երկրում ապրեինք, ապա թեկուզ միայն իր ցածր իրավագիտակցության համար ԲԷՑ-ի գլխավոր տնօրենին պաշտոնանկ կանեին, սակայն Հայաստանում, որը խժռված է կոռուպցիայի կողմից, նորություն չէ, որ խայտառակ ու հանցավոր բարքեր են:
Ինչպես ակնհայտ է, Ա. Բաղդասարյանի պարզաբանման վերը մեջբերված հատվածն ավարտվում է «հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է նաև Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ» բառերով: Եվ ահա դրանից անմիջապես հետո, հաջորդ պարբերությամբ ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը շարունակել է.
«Սակայն, հետագայում վերջինս հայտնել է, որ հենարանի կառուցման աշխատանքները իրականացվում են նախագծով սահմանված հատվածից դուրս և դրա կառուցման արդյունքում քարեր են թափվում իր հողատարածք և կարող են վնասել իր շինությունները»:
Ո՞վ է հայտնել` Շատին համայնքի ղեկավա՞րը… Հողատարածքը, շինությունները նրա՞նն են… Պարզ է, որ այս անհեթեթությունը Արթուր Բաղդասարյանի անպատասխանատու աշխատանքի, խայտառակ գործելաոճի հետևանքն է: Այլ խնդիր է, որ նա Օ. Ստեփանյանին է նկատի ունեցել, բայց գրել Շատին համայնքի ղեկավարի վերաբերյալ: Սակայն, խնդիրը սոսկ սա չէ… Իր ներկայացրած պարզաբանման այս և նախավերջին պարբերություններով ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կիսաճշմարտությունը ներկայացնելով, մոլորության, թյուրիմացության մեջ է գցել իր վերադասին` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին: Իրականում Օ. Ստեփանյանը հայտնել է նաև, որ դեպի հենարանի կառուցման վայր տրանսպորտի, ծանր տեխնիկայի համար ճանապարհը բացվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում, քարերը թափվել են նաև այդ ճանապարհը բացելու ընթացքում:
««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը կարևորելով անձանց առողջությանը սպառնացող ենթադրյալ վտանգը նախապես կանխարգելու անհրաժեշտությունը, անկախ տվյալ հատվածում քարերը շինարարական աշխատանքների արդյունքում թափվելու հանգամանքից, տեղում ուսումնասիրել է խնդիրը Օհաննես Ստեփանյանի և կապալառու ընկերության հետ միասին,- իր պարզաբանումը շարունակելով, գրել է Արթուր Բաղդասարյանը:- Արդյունքում, պարզվել է, որ հենարանը կառուցվում է նախագծի պահանջներին համաձայն և դրանով նախատեսված տեղում»: Ի՜նչ էլ անձանց առողջությունը կարևորող ընկերություն է… Կարևորող լիներ, ի սկզբանե կհետևեր, որ չառաջանար նշված իրավիճակը` ճանապարհի կառուցման հետևանքով քարերը չթափվեին սփյուռքահայ ֆերմերի հողատարածք ու չվտանգեին նրա շինությունները և ոչ միայն…
Ահա և ԲԷՑ-ի գլխավոր տնօրենի պարզաբանման նախավերջին պարբերությունը. «Միաժամանակ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը հանձնարարել է կապալառու ընկերությանը ամեն դեպքում վերացնել անձանց սպառնացող բոլոր հնարավոր վտանգների աղբյուրները, որի արդյունքում կապալառու ընկերության կողմից Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը մաքրվել է քարերից, ինչպես նաև վերացվել է ենթադրյալ քարաթափության վտանգը»:
Մենք չգիտենք, թե ԲԷՑ-ը կապալառու ընկերությանն իրականում ինչ է հանձնարարել, բայց Հ. Հարությունյանին ուղղված Ա. Բաղդասարյանի հիշյալ` 20.07.2017թ. գրությունից հետո, օգոստոսի 11-ին անձամբ ենք եղել տվյալ վայրում ու մեր աչքերով տեսել, որ Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը քարերից մաքրված չէ, վերացված չէ նաև քարաթափության վտանգը: Այդ վտանգն առկա է ոչ ուժեղ երկրաշարժի, նաև` Օ. Ստեփանյանին պատկանող անասունների տեղափոխման դեպքում, եթե վերջինս փորձի իր անասուններն անցկացնել այդ վայրով` արոտավայրից դեպի գոմ միակ ճանապարհով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «պատասխանին» կից ներկայացված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «պարզաբանումների» փաթեթում առկա մյուս փաստաթուղթը Շատին համայնքի այժմ արդեն նախկին ղեկավար Մ. Սմբատյանի կողմից վերոնշյալ ընկերությանը տրված արդեն ժամկետանց շինթույլտվությունն է: 2016թ. հունիսի 1-ին տրված այդ շինթույլտվության մեջ հստակ նշված է` «Շինարարական աշխատանքներն իրականացնել 01.06-01.11. 2016թ. ընթացքում»:
Երկրորդ. տվյալ փաստաթուղթն ընդհանրապես կապ չունի Օ. Ստեփանյանի բարձրացրած խնդրի հետ, քանի որ այն ընդամենը համայնքի վարչական տարածքում բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի մետաղական հենարանների կառուցման շինթույլտվությունն է, մինչդեռ սփյուռքահայ գործարարը բողոքում է ոչ թե հիշյալ ընկերության կողմից վերջինիս պատկանող հողատարածքում նշված հենարանների կառուցման դեմ, այլ դրանցից մեկը կառուցելու նպատակով իր սեփական հողատարածք ներխուժելու, ծանր տեխնիկայի համար ճանապարհ բացելու, իր անասունների կերակրմանը ծառայող խոտհարքը ոչնչացնելու, տարբեր չափերի, այդ թվում նաև հսկայական քարերը ներքև, դեպի ձորը գլորելու և քարաթափության վտանգ առաջացնելու դեմ:
Ի վերջո, հիշյալ շինթույլտվության մեջ հստակ նշված է նաև. «Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»: Թե համայնքի ղեկավարն ո՞ւմ է նկատի ունեցել որպես կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներ, չգիտենք, բայց միանշանակ կարող ենք ասել, որ կառուցապատողը Օ. Ստեփանյանի (իր հողատարածքին հարակից հողատարածքի սեփականատիրոջ) հետ կառուցապատման հետևանքով պատճառվելիք վնասների վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերել:
Հիմա ի՞նչ` այս ամենից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համարելու է, թե իրեն ուղղված սփյուռքահայ գործարարի դիմում-բողոքին պատասխա՞ն է տվել կամ տրվել… Հետո էլ զարմանալո՞ւ է, թե ինչու է երկիրը դատարկվում, ներդրումները քիչ, անբավարար, տնտեսությունը խղճուկ, ողորմելի վիճակում:
 
 
 Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից