ԱՄՆ դեսպանությունը հովանավորում է ֆոտոլրագրողական «Կամրջելով պատմությունները» գրքի հրատարակումը

26-09-2017 18:16:09   | Հայաստան  |  Նոր գրքեր
Փակ սահմանի երկու կողմերում ապրող հայ և թուրք երիտասարդ  լուսանկարիչների ներկայացրած առօրյա կյանքի ու ընդհանուր հիշողությունների դրվագները տեղ են գտել լուսանկարների մի ազդեցիկ ժողովածուի մեջ, որը վերնագրված է «Կամրջելով պատմությունները»: Սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ժողովածուում ընդգրկված լուսանկարների երիտասարդ հեղինակներից մի քանիսը և նրանց ավագ գործընկեր-խորհրդատուները՝ մենթորները: Սա ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորված ծրագրի եզրափակիչ ակորդն էր, որի ներքո ֆոտոլրագրողական աշխատանքի ոլորտում իրենց հմտությունները զարգացնել ցանկացող հայ և թուրք երիտասարդների համար անցած տարվա ամռանը կազմակերպվել էր ֆոտոլրագրողների ճամբար, ապա եղավ լուսանկարների ցուցահանդես, որը կրկին կրում  էր  «Կամրջելով պատմությունները» խորագիրը:
 

2016թ. օգոստոսին Դիլիջանում հավաքվել էին 24 հայ և թուրք երիտասարդ ֆոտոլրագրողներ մասնակցելու ինտենսիվ դասընթացների, որոնք վարում էին միջազգային և տեղացի մասնագետները, մասնավորապես՝ հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանը, թուրք ֆոտոլրագրող Սեռա Աքչանը և «Նեշենլ Ջիոգրեֆիք» ամսագրի լուսանկարիչ ամերիկացի Ջոն Ստենմայերը: Դասընթացից հետո մասնակիցները վերադարձան տուն և ամիսներ շարունակ լուսանկարում էին իրենց հայրենի համայնքների կյանքն ու անցուդարձը և շարունակում աշխատել իրենց մենթորների հետ: Լուսանկարներից շատերը հունվարին ցուցադրվեցին Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):
 
«Նրանց կողմից արված լուսանկարները, որոնց մի մասը զետեղված է այստեղ, ազդեցիկ ու խոսուն ֆոտոպատումներ են: Դրանցում պատկերված է կյանքն այնպես, ինչպես կա. լավն ու վատը, ուրախն ու տխուրը, հրատապն ու առօրեականը, - գրքի նախաբանում գրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, - Երիտասարդ լուսանկարիչները  պատկերում են իրենց ընտանիքը, շրջապատը և կյանքը: Նրանց ստեղծագործություններն ի ցույց են դնում կյանքի ու առօրյայի նմանությունները՝  հայ-թուրքական սահմանի երկու կողմերում»:
 
«Բնականաբար, լուսանկարները տեսնելու հնարավորություն ունեցան միայն ցուցահանդեսի այցելուները: Շարունակելով մեր քայլերը և կրկին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ մենք հղացանք «Կամրջելով պատմությունները» գիրքը հրատարակելու գաղափարը, որը կդառնա այսօր արդեն ընկերներ դարձած հարևանների միջև հարաբերությունների զարգացման մշտական վկայություն», - գրքի նախաբանում գրում է Ջոն Ստենմայերը:
 
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակից լուսանկարիչներին, - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը ելույթ ունենալով գրքի շնորհանդեսին, - ձեր արվեստի միջոցով ու ձեր աչքերով կառուցվում են փոխըմբռնման կամուրջն ու մենք տեսնում ենք դա: Իսկ այս գիրքը թույլ կտա, որ ձեր աշխատանքներն ավելի շատ մարդիկ տեսնեն ու նոր քննարկումների ծավալման առիթ դառնան»:
 
Գիրքը հասանելի կլինի հայաստանյան տարբեր գրադարաններում: Շատ շուտով կարող եք նաև այն հարցնել ԱՄՆ դեսպանության հինգ Ամերիկյան անկյուններում, որոնք գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Չարենցավան և Կապան քաղաքներում: 
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից