13-րդ ԴիջիԹեքն ընդլայնել է մասնակից երկրների աշխարհագրությունը. Այս տարի ակնկալվում է 70.000 այցելու

27-09-2017 14:27:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Շուտով Երևանում մեկնարկելու է ամենամյա 13-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսը, որը Հայաստանին տարածաշրջանում դիրքավորում է որպես առաջատար տեխնոլագիական երկիր: Այն այս տարի աննախադեպ է լինելու  միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ: 
 
Ինչպես սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, սեպտեմբերի 29-ին մեկնարկող եռօրյա ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 20 երկրների ընկերություններ և պատվիրակություններ: 
 
Ըստ նրա` այդ երկրներն են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Անգլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեդիան, Ավստրիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան Լիտվան և այլն: 
 
«Ինչպես արդեն գիտեք, ԴիջիԹեքը Հայաստանում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է: Մենք մինչև նախորդ տարի ունեցել ենք 60 հազար այցելու, այսինքն` մի քանի անգամ ավելի շատ, քան Հայաստանի մյուս բոլոր ցուցահանդեսների այցելուները միասին վերցրած»,- նկատեց նա` հավելելով, որ 13-րդ ԴիջիԹեքի կարևորագույն առանձնահատկություններից մեկը մասնակից միջազգային ընկերությունների թվի կտրուկ աճն է` շուրջ 150 ընկերություն: 
 
Կ. Վարդանյանի փոխանցմամբ` եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ներկայացվելու են հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, անգամ դպրացականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: 
13-րդ ԴիջիԹեքի շրջանակներում անցկացվելու են մի շարք սեմինարներ տեղական և միջազգային ընկերությունների կողմից, ինչպես նաև ռոբոտների 10-րդ առաջնությունը և եռաչափ մոդելավորման մրցույթը: 
 
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը` ԻՏՁՄ գործադիր տնօրենը կոչ արեց այցելուներին իրենց հետ անպայման վերցնել երեխաներին, ովքեր տեղում հնարավորություն կունենան շփվել իրենց հասակակիցների հետ ու ծանոթանալ նրանց կողմից ստեղծված ռոբոտներին:   
«Հայաստանի տարբեր վայրերից շուրջ 300 երեխաներ են մասնակցելու ցուցահանդեսին, ովքեր ցույց են տալու ռոբոտաշինության և ինժեներության ոլորտում ունեցած իրենց հմտությունները»,- ասաց Կ. Վարդանյանը: 
 
Վերջինիս տեղեկացմամբ` այս տարի առաջին անգամ գործելու է DigiTec Expo բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել ԴիջիԹեքի բոլոր միջոցառումներում, ինչպես նաև գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ: 
 
ԴիջիԹեքի պլատինե հովանավոր, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքերով` նշյալ ցուցահանդեսն իրենց համար այն հարթակն է, որտեղ ամեն տարի ցուցադրում են Ucom-ի առաջարկած նորարարությունները: 
«Նախորդ տարի մենք հանդես եկանք մի շարք նորարարական լուծումներով, որոնք արդեն հասանելի են մեր բաժանորդներին: Դրանք էին U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները»,- ընդգծեց նա: 
Հ. Եսայանի փոխանցմամբ` այս տարի ԴիջիԹեքի շրջանակներում Ucom-ը հանդես է գալու հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ SIM-քարտում համատեղել երկու` հայկական և ռուսական հեռախոսահամար: 
 
Իր հերթին ԴիջիԹեք 2017-ի հովանավոր, «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը շեշտեց, որ այս ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող հայկական տեխնոլոգիական մտքի վերջին նվաճումներն ապացուցելու են բոլորին, Հայաստանում ինովացիոն տնտեսություն հիմնելու հեռանկարը շատ մոտ է: 
 
«Ժամանակն է ոչ միայն խոսելու, այլև ցույց տալու այն տեխնոլոգիական լուծումները, որոնք հնարավոր են դարձնում թռիչքային զարգացումներ մի քանի շուկաներում: Մեր ընկերությունը ԴիջիԹեքում ներկայացնելու է OTT թվային հեռուստատեսությունը և բովանդակային լուծումները, ինչպես նաև առցանց կինոթատրոն, որը նորություն է Հայաստանում»,- նշեց Ա. Մուրադյանը: 
 
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում այս տարի ակնկալվում է շուրջ 70 000 այցելու:  
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից