Հայաստանը մարտական վիճակի է բերում իր հեռահար զենքը.Մեկնաբան

27-09-2017 18:26:26   | Հայաստան  |  Հոդվածներ
ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով: «Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
 


Զորավարժությունը հետեւել է ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ու Ալիեւի ելույթներին եւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Ալիեւը սպառնալից ելույթ էր ունեցել ՄԱԿ ամբիոնից, իսկ ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը:
Հանդիպմանը հետեւել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ընդհանուր ձեւակերպումներ էր պարունակում: Այս փուլում խնդիրը իրավիճակի ապաէսկալացիան է, բանակցությունների համար պայմաններ ստեղծելը, որոնց թվում՝ հանդիպումներ կազմակերպելը: Բանակցություններ սակայն տեւական ժամանակ չեն լինելու, ինչը կապված է թե կողմերի կոշտ դիրքորոշման, թե տարածաշրջանի նոր զարգացումների հետ:
Նյու Յորքից հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, թե Վիեննայի օրակարգը, այն է՝ հետաքննության մեխանիզմի տեղակայումն ու Արցախ-Ադրբեջան սահմանի փաստացի դեմարկացիան, հանված է, քանի որ այդ մասին չկար հիշատակություն հաղորդագրություններում: Իր հերթին, ադրբեջանական կողմը հայտարարեց առարկայական բանակցության մասին, իսկ ռուսական որոշակի շրջանակներ էլ հայտարարեցին, թե համաձայնություններ են ձեռք բերվել:
Ադրբեջանը մերժում է Վիեննայի օրակարգը, իսկ Հայաստանը պնդում է Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդրի առաջնահերթ լուծումը: Եթե առարկայական համաձայնություններ են ձեռք բերվել, նշանակում է կամ Ադրբեջանը համաձայնվել է ճանաչել Արցախի անկախությունը եւ հետաքննության մեխանիզմների տեղակայումը, կամ էլ Հայաստանը հրաժարվել է թե մեկից, թե մյուսից:
Հնարավո՞ր է դա: Մյուս կողմից, սա կարող է նշանակել, որ խոսքը «կարգավորման գործընթացի» իմիտացիայի տարրի մասին է, որն ուղղված է իրավիճակի ապաէսկալացիային, եւ չի բացառվում, որ շահագրգիռ կողմերի միակ պայմանավորվածությունը լինի, մասնավորապես՝ այդ հանգամանքների հիշատակումից հրաժարվելը:
Իրավիճակն ընդհանուր առմամբ բարդացել է ոչ թե բուն Արցախի խնդրի մասով, այլ առավել լայն համատեքստում: Իրաքի քրդերի հանրաքվեն անկասկած փոխելու է 100-ամյա ստատուս քվոն Մեծ տարածաշրջանում, արդեն ի հայտ են գալիս նոր շահեր ու հարաբերություններ, որոնք նախկինում չկային, փոխվում են առաջնահերթությունները: Արցախի խնդիրն անկասկած մեծ խաղի մի տարր է, որտեղ ներկայում կա միայն մեկ խնդիր՝ իրավիճակի ապակայունացում թույլ չտալը:
Մինչ այդ, Հայաստանը մարտական պատրաստության է բերում իր ժամանակակից զենքը: Իրավիճակի կայունության ու միջազգային անվտանգության սահմանը պահում է հայկական զինուժը, հայկական կողմից արդեն իսկ տեղակայված են հետաքննության մեխանիզմներ:
Այդ սահմանից որեւէ նահանջը լինելու է նոր ու ավելի խոշոր ապակայունացման սկիզբը, որը ծանր հետեւանքներ է ունենալու նաեւ տարածաշրջանի խոշոր խաղացողների համար: Իսկ ադրբեջանական նոր արկածախնդրության դեպքում սահմանը «խորանալու եւ ընդլայնվելու է»՝ միջազգային ճանաչմամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից