Աշխարհը դարձյալ վտանգի տակ է, Հայաստանը՝ նույնպես. մնում է ճիշտ կողմնորոշվել

27-09-2017 20:53:48   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
 
Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և ԱՄՆ նոր ղեկավարության կողմից առավել կոշտ կեցվածքով: «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով Երևանում երեկ կազմակերպված «կլոր սեղանների» շարքի անդրանիկ քննարկման ընթացքում այս համոզմունքը հայտնեց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:
Վերջինիս հավաստմամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտումը և Միացյալ Նահանգների նոր ղեկավարության առավել կոշտ կեցվածքն իր դրսևորումը գտավ օրերս կայացած ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանում Դոնալդ Թրամփի հայտնի ելույթում, որում ներկայացվեց աշխարհի նկատմամբ  ամերիկյան նոր հայեցակարգը:
«Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կատարվեցին շեշտադրումներ ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեան ամբողջովին ոչնչացնելու, Իրանի հետ իր նախորդի օրոք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, կնքած ատոմային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու, Վենեսուելայի ղեկավարությանն իր տեղը նստեցնելու, այսինքն՝ այն փոփոխելու առնչությամբ,- հանդես գալով «Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստանի ազգային անվտանգության դեմ միջազգային հիմնադրամների ու կազմակերպությունների կողմից սպառնալիքները» վերտառությամբ զեկույցով, ասաց Հայկ Նահապետյանը:- Թեև ՄԱԿ-ի այս նստաշրջանին չէր մասնակցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն այդ օրերի մամուլը հեղեղված էր 2015 թվականին ՄԱԿ-ում նրա ելույթի հետևյալ հատվածով. «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ եք արել»: Այս խոսքերն ուղղված էին Արևմուտքի ղեկավարներին, որոնք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով մի շարք երկրներում փորձել էին տապալել այդ երկրներում սահմանադրական կարգը»:
Այդ առումով, ըստ բանախոսի, խիստ հատկանշական է ՌԴ Նախագահի 2017 թվականին մայիսի 13-ի «Ռուսաստանի Դաշնության տնտեսական անվտանգության ռազմավարությունը մինչև 2030 թվականը» թիվ 208 հրամանագիրը, որն ունի պատմական նշանակություն: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ համաշխարհային զարգացման ներկա փուլում հստակորեն դրսևորվում են համաշխարհային միաբևեռ կարգի փլուզման հայտանիշները և երևում է բազմաստիճան աշխարհակարգի ստեղծումը: Ընդ որում, բազմաբևեռ աշխարհակարգին անցումը ուղեկցվում է աշխարհաքաղաքական անկայունությամբ և համաշխարհային տնտեսության անկայուն զարգացմամբ, գլոբալ մրցակցության կտրուկ աճով:
«Փաստենք,- շարունակելով իր խոսքը, ասաց հիշյալ նախաձեռնության համակարգողը,- որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ինն ամիս անց, ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի կողմից ստացել են երկու լուրջ հարված. օգոստոսին Թրամփը ստորագրեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ: Դրանից բացի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակում է զարգանալ դիվանագիտական հակամարտությունը…»:
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ը սկսելով հիշյալ հակամարտությունը, արտաքսեց ՌԴ բազմաթիվ դիվանագետների, Ռուսաստանն, իր հերթին, որպես պատասխան քայլ, արդեն արտաքսել է ամերիկյան, ընդհանուր առմամբ, 775 դիվանագետի, ինչին հաջորդել է Սան-Ֆրանցիսկոյի հյուպատոսությունից Ռուսաստանին զրկելու ԱՄՆ-ի քայլը:
«ՄԱԿ-ի վերոնշյալ նիստում ունեցած իր ելույթում նախագահ Թրամփը լսարանի ուշադրությունը հրավիրեց նրան, որ ինքը չի պատրաստվում խառնվել այլոց գործերի մեջ, շեշտելով, որ «Ամերիկայում մենք չենք ցանկանում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը, մենք ցանկանում ենք, որ նա փայլի, և մյուսները դրա մեջ տեսնեն օրինակ»,- ասաց Հայկ Նահապետյանը:- Չնշելով Ռուսաստանի անունը, ամերիկյան առաջնորդը հիշեցրեց, որ «ավտորիտար իշխանությունները» ցանկանում են ոչնչացնել դաշինքի ջանքերը և արժեքները, որոնք թույլ չեն տվել հակամարտություններ, և Երկրորդ աշխարհամարտից հետո իրենք հաստատել են խաղաղություն աշխարհում: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…
Թեև ԱՄՆ նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրենք այլևս չեն խառնվելու այլ երկրների գործերին, և որ իրենց համար առաջնահերթությունը սեփական երկրի երբեմնի փառքը վերականգնելն է, սակայն, միաժամանակ, ռազմական ծախսերի համար ֆինանսավորումը հասնելու է մինչև 700 միլիարդ դոլարի, և ԱՄՆ բանակը, ըստ ԱՄՆ նախագահի, պետք է դառնա պատմության մեջ ամենահզոր ուժը»:
Հանդես գալով «Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդները» թեմայով զեկուցմամբ, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանն ասաց.
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվեցին թեմաներ, որոնք պետք է գնահատել
1-ին. արհեստածին,
2-րդ. որևէ աղերս չունեցող ՀՀ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների և դրանց լուծումների հետ»:
Բանախոսի հավաստմամբ, նշված թեմաների արծարծումն ուղղակի և անուղղակի կերպով սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը:
«Տեղեկատվական այդ հոսքերը խմբավորելով, կարելի է գնահատել, որ գործ ունենք տեղեկատվական պատերազմի վարման օրենքների, մեթոդաբանության և գործիքակազմի հետ,- ասաց Ավագ Հարությունյանը:- Այն կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
1-ին. ժողովրդի կյանքում կարևորագույն խնդիրների վերաբերյալ ձևավորվում է կեղծ օրակարգ, տեղեկատվական և քարոզչական դաշտում բարձրացվում են արհեստական խնդիրներ և առաջարկվում դրանց լուծումները: Այդ օրակարգում ներառված են.
Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների պետական, կուսակցական գործիչների գործունեության գնահատականները և միմյանց հակադրելը,
շուրջ երկու հարյուր տարի մեր ժողովրդի մոտիկ և հեռու հարևանների հետ ազգամիջյան շփման լեզվի անհրաժեշտությունը կասկածի տակ դնելը, 
ՀՀ ազգաբնակչության, ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար ռազմավարական դաշնակիցներից հրաժարվելը, 
ՀՀ-ում խիստ վտանգավոր և ծանր հետևանքներով հղի հակառուսականության և հակաեվրասիականության քարոզչության իրականացումը,
ՀՀ տնտեսական կայունությունն ապահովող և զարգացման համար նպաստավոր իրական պայմաններ ստեղծող վերպետական կառույցներից Հայաստանի հրաժարումը,
իշխանության տարբեր կառույցների, անձանց միջև իբր հակասությունների գոյության բացահայտումը, բարձրաձայնումը և լուծումների առաջարկումը,
հայոց ոսկեղենիկ լեզվի դիլետանտական և թշնամական գնահատականը:
2-րդ. ընտրվում է հայ ժողովրդի և պետականության պատմության որոշակի ժամանակահատված, որի պետական, կուսակցական գործիչների գործունեության վերաբերյալ տրվում են դիլետանտական մակարդակով միակողմանի և կողմնակալ գնահատականներ և փաստերի կեղծմամբ իրականացվում է քարոզչություն: Այսպես`
կատարվում է խորհրդային անցյալի պատմական իրողությունների կեղծում, փաստերի աղավաղում, անգամ՝ այդ ժամանակի փաստաթղթերի խեղաթյուրմամբ,
ներկայացվում է այդ տարիների կուսակցական-պետական գործիչների գործունեության, դերակատարության վերաբերյալ միակողմանի, կողմնակալ և փաստազուրկ քննադատություն, նսեմացվում և սևացվում Հայաստանի և հայության համար նրանց ունեցած մեծ վաստակը,
փորձ է արվում նույնացնել խորհրդային տարիների հայ պետական գործիչների գործունեությունը և նպատակները երիտթուրքերի հետ, ցինիկաբար մոռանալով, որ երիտթուրքերի կառավարման տարիներին Արևմտյան Հայաստանի տարածքում ցեղասպանության հետևանքով համարյա հայ չմնաց, իսկ խորհրդային տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը 700 հազարից դարձավ շուրջ 3 միլիոն 700 հազար:
փորձ է արվում նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի` ժամանակին որպես հոգևոր-պետական-ազգային, իսկ այսօր հոգևոր-ազգային ամենակարևոր ինստիտուտի դերակատարությունը:
3-րդ. իբր մասնագիտորեն կատարված սոցիոլոգիական հարցումների միջոցով կատարվում է իրականության խեղաթյուրված ներկայացում, կեղծելով արդյունքները և եզրահանգումները: Ընդհանրապես, սոցիոլոգիական հարցումները` հիմքում որպես կանոն պատվիրված և իրականում ոչ հավաստի լինելով հանդերձ, միշտ էլ հետապնդել են քողարկված քաղաքական նպատակներ: Ավելին, հենց ծպտյալ կեղծիքը, տվյալների չհիմնավորված և թռուցիկ ներկայացումն ակնհայտ է դարձնում նման հարցում կատարողի ինչպես մասնագիտական անկարողությունը, այնպես էլ՝ պատվիրատուին: Նշյալի ցայտուն օրինակ են 2017թ. հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները»: 
Անդրադառնալով հիշյալ հարցմանը, բանախոսը նախ նշեց, որ հարցման վերաբերյալ զեկույցի մեթոդաբանության, գործիքակազմի, հարցվածների տարիքային և սոցիալական խմբերի, հարցումը պատրաստող գլխավոր հետազոտողների, մասնակիցների, ուսումնասիրող խմբի անդամների, հարցումն իրականացնելիս մասնագիտական պատրաստվածության և կարգավիճակի, խմբագրական, գրաֆիկական, կոմունիկացիոն տվյալների վերաբերյալ անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է: Ըստ գիտնականի, չկա որևէ կայք, ներառյալ այդ կենտրոնի պաշտոնական կայքը, որտեղ պետք է տեղադրված լիներ անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Ընդամենը,- շարունակելով իր խոսքը, ասաց Ավագ Հարությունյանը,-  տեղի է ունեցել մամուլի ասուլիս «Կոնգրես» հյուրանոցում, Ստեփան Գրիգորյանը լրագրողներին իրազեկել է շուրջ 3 ամիս տևած և իբր իրականացված հարցման թվերը, որոնք էլ ԵԱՏՄ-ին, ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ԵՄ-ին ՀՀ բնակչության վերաբերմունքի գնահատման հիմք են հանդիսացել և ապագայում հանդիսանալու են»: 
Գիտնականը ներկաների ուշադրությունը հրավիրեց գրեթե նույն շեշտադրումներով նմանատիպ մի հարցման ուշագրավ արդյունքների վրա, որը շուրջ երկու տարի՝ 2015-2016թթ., իրականացրել է ամերիկյան հայտնի «Պյու» հետազոտական կենտրոնը կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունում: Բանախոսը հիշեցրեց, որ այդ տարիներին Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց խեղաթյուրված ներկայացումը ԶԼՄ-ներով բնակչության մոտ առաջացրեց հակառուսականության լուրջ ալիք: Խոսքը Պերմյակովի կատարած ոճրագործության, Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների և Երևանում ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունների մասին է: Այսինքն՝ դա մի ժամանակահատված էր, որի ընթացքում ՀՀ քաղաքացիների շրջանում ավելի շատ մարդիկ կարող էին ունենալ հակառուսական տրամադրվածություն, քան սովորաբար կա այն մեր իրականության մեջ:
«Ամերիկյան այդ հետազոտական կենտրոնի անաչառության վրա չկասկածելով, փաստենք միայն, որ այդ հարցման մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է հետազոտական կենտրոնի պաշտոնական կայքէջում,- ասաց Ավագ Հարությունյանը:- Եվ այսպես՝ ներկայացնեմ համեմատական զուգահեռներ Ստեփան Գրիգորյանի և ամերիկյան «Պյու» հետազոտական կենտրոնի կատարած հարցումների վերաբերյալ:
Ըստ Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կենտրոնի հարցման, ՀՀ քաղաքացիների 58 տոկոսը Հայաստանի Հանրապետության ապագան կապում է Եվրամիությանն անդամակցության հետ, և միայն 38 տոկոսն է դեմ: ՀՀ-ի՝ 2013թ. Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը քաղաքացիների 78 տոկոսը գնահատում է բացասական, 20.5 տոկոսը՝ դրական: ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը քաղաքացիների 88.6 տոկոսը գնահատում է դրական, 10 տոկոսը՝ բացասական: Այս հարցումներից երևում է, որ իբր ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը Հայաստանի ապագան կապում է Եվրամիության անդամակցության հետ:
Իսկ ինչպիսի՞ն են ամերիկյան հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման ցուցանիշները:
Փաստենք, որ Եվրամիությունը ՀՀ բնակչության մոտ ուղղակի ասոցացվում է որպես ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքներին նետված սպառնալիքի աղբյուր, որով փորձ է արվում Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում ամրագրել այլասերվածների և պղծվածների իրավունքերը:
«Համասեռամոլությունը համարվո՞ւմ է բարոյապես անթույլատրելի» հարցմանը տրված «այո» պատասխանով հարցմանը մասնակցած 20 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է առաջին տեղը՝ 98% արդյունքով, իսկ «Կո՞ղմ եք միասեռականների ամուսնություններին» հարցին տրված «ոչ» պատասխանով առաջին երկու տեղերը զբաղեցնում են Հայաստանը և Վրաստանը՝ 3% արդյունքով: «Բնակչությունը կո՞ղմ է, որպեսզի պետությունն օժանդակի կրոնական արժեքների տարածմանը» հարցին տրված «այո» պատասխանների 59%-ով Հայաստանը գտնվում է առաջին տեղում:
Համաձայն Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կենտրոնի իրականացրած հարցման, այն հարցին, թե Ռուսաստանի Դաշնությանն արդյոք համարո՞ւմ եք Հայաստանի դաշնակից, հարցվածների 34.33 տոկոսը դրական է պատասխանել, 30.56 տոկոսը՝ բացասական, իսկ 35.11 տոկոսը դաշնակից է համարել մասամբ: Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիության հետ հարաբերություններում, 29.6 տոկոսը՝ ոչ, իսկ 29 տոկոսը՝ մասամբ»:
Ըստ բանախոսի, հետաքրքրական են նաև ամերիկյան հետազոտական կենտրոնի տված հարցերից ևս երկուսի պատասխանները: Հարցին, թե, արդյոք, «Ռուսաստանը պե՞տք է դիմագրավի Արևմուտքին, թե ոչ», Հայաստանը «այո» պատասխանով 83%-ով ՌԴ-ից հետո գտնվում է երկրորդ տեղում: «Ռուսաստանին դիտո՞ւմ եք արդյոք որպես բուֆեր Ձեր և Արևմուտքի միջև» հարցին (այսինքն՝ «Հզոր Ռուսաստանն արդյոք հանդիսանո՞ւմ է հակակշիռ Արևմուտքի ազդեցությանը, թե ոչ» հարցին) Հայաստանը 83% դրական պատասխանով գտնվում է հարցված երկրների շարքում 2-րդ տեղում, ՌԴ-ից հետո:
«Սա՛ է Հայաստանի Հանրապետության բնակչության վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ըստ ամերիկյան հետազոտական կենտրոնի կատարած հարցումների»,- շարունակելով իր խոսքը, ասաց գիտնականը և ներկայացրեց, թե որոնք են Ստեփան Գրիգորյանի ղեկավարած կենտրոնի հրապարակած, այսպես կոչված, հարցումների նպատակը.
«Դա ԶԼՄ-ներով ապատեղեկատվության տարածման միջոցով քարոզչության իրականացումն է, հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր անվտանգության ապահովմանը ծառայող պետությունների, ռազմա-քաղաքական և տնտեսական դաշինքների թուլացումը, այդ պետությունների և ժողովուրդների նկատմամբ թշնամանքի սերմանումը, սպասարկելով, առաջին հերթին, աշխարհաքաղաքական այլ կենտրոնների, պետությունների և միջազգային որոշակի կառույցների շահերը, իսկ որպես հետևանք՝ ՀՀ ազգային անվտանգության համար իրական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի և Թուրքիայի պետական և ազգային շահերի սպասարկումը,- ասաց Ավագ Հարությունյանը:- Հայաստանի Հանրապետությունում հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման փորձերն իրականում առաջին հերթին, ըստ էության, ունեն հենց հակահայկական ուղղվածություն, քանզի միտված են հայության հոգևոր, ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական կենսական շահերի խարխլմանը»:
Ինչպե՞ս պայքարել այս ամեն կեղծիքի, ստի, մարդկանց ապակողմնորոշման դեմ: Ըստ բանախոսի, լուծումը մեկն է՝ ասել ճշմարտությունը փաստարկված, մասնագիտական հիմնավորմամբ, անշահախնդիր, ելնելով միմիայն Հայաստանի Հանրապետության և հայության ազգային-պետական շահերից, ասել և գործել ամենուր, հասանելի բոլոր միջոցներով, կազմակերպված և համակարգված ձևով:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից