«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոն ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից:

29-09-2017 20:09:12   | Հայաստան  |  Մշակույթ
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի երկու մրցութային՝ կարճամետրաժ և լիամետրաժ ծրագրերում ընդգրկված են 30 ֆիլմ՝ 25 երկրից: Կինոնկարներն ընտրվել են այս տարի փառատոնի ստացած շուրջ 1650 հայտից: Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը Երևանում և Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:
 


«Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է: Այն ոչ միայն զանազան մարդկանց, ժողովուրդների ու համայնքների զարկերակը պատկերող վավերագրական ֆիլմերի տոն է, այլև մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած կինոգործիչները կարող են հանդիպել, զրուցել ազատ մթնոլորտում՝ քննարկելով գաղափարները և կազմելով հետագա համագործակցության հնարավոր ծրագրեր:
 
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:
 
Հաջորդ առավոտ մասնակիցները կմեկնեն Ուջան, որտեղ և կանցկացնեն մնացյալ 4 օրը: Մասնակիցների բնակության համար ընտրվել են այնպիսի տներ, որոնցում երեխաները տիրապետում են անգլերեն լեզվին: Այսպիսով՝ ուջանցի երեխաները կլինեն միջազգային կինոփառատոնի կամավորներ: Գյուղում լինելու են ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, զանազան համերգներ: Յուրաքանչյուր օր մասնակիցների մասնակցությամբ տեղի կունենան զրույցներ կինոյի մասին, որոնցում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը՝ տեղացի և արտասահմանցի կինոգործիչները, կքննարկեն կինոյի խնդիրները: Դրանց տրամաբանական ավարտը կլինի փառատոնի շրջանակում Ուջանում անցկացվելիք կինոմասնագետների ժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության եղանակների ընդլայնման խնդրին:
 
Փառատոնի ավարտից հետո ֆիլմերը տարվա ընթացքում կցուցադրվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում՝ որպես առանձին նախագիծ:
 
Առաջին անգամ «Ծիրանի ծառ» կինոփառատոնն անցկացվել է 2015-ի հոկտեմբերին: Եվ եթե այդ տարի այն սահմանափակվել է միայն Երևանով, ապա մեկ տարի անց փառատոնն իր ֆիլմերով հյուրընկալվել է նաև Ուջանում և Գյումրիում: 2016-ին փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված էին 40 ֆիլմեր՝ 22 երկրից, և մասնակցում էին 17 հեղինակ՝ 8 երկրից: Ուջանում անցկացնելով մեկ օր՝ մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ հայկական գյուղի կենցաղին, իսկ փառատոնն, իր հերթին, հատուկ ցուցադրություն է կազմակերպվել գյուղի համար:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից