Մոսկվայում կնոջ և դստեր սպանության մեջ մեղադրվող հայազգի գործարար Խորեն Ղազարյանին արդարացրել են

01-10-2017 07:49:37   | Ռուսաստան  |  Իրավունք
Երկու տարի առաջ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել էր մայրաքաղաքը: Դեպի Կրեմլ նայող շքեղ պենտհաուսում ոստիկանները հայտնաբերել էին 41-ամյա կնոջ և 9-ամյա աղջնակի մարմինները: Սպանության մեղադրանք էին առաջադրել ընտանիքի հորը՝ Խորեն Ղազարյանին: Ավելի քան կես տարի քննիչները ապացույցներ էին հավաքում Ղազարյանի դեմ: Արդյունքում նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները: Փաստն ինքնին եզակի է: Դրա մանրամասները «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին պատմել է անձամբ Ղազարյանը:
 


Քննիչները չէին կասկածում՝ ազարտային խաղերի հանդեպ սերն ու բռնկուն բնավորությունն են Ղազարյանին դրդել սարսափելի հանցագործության: Բայց տղամարդը չէր ընդունում մեղքը:
 
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2015 թ․-ի փետրվարին, Շաբալովկա փողոցի վրա գտնվող, դեպի Կրեմլ նայող եռահարկ պենտհաուսում: Բնակարանի վերևի հարկից կարելի էր դուրս գալ տանիք, որտեղ տեղակայված էին ամառային ծածկավոր պատշգամբը, ձմեռային այգին, խորոված անելու հարմարանքները և այլն: Վերոնշյալ հանգամանքներն էլ հենց օգնել էին հանցագործին թաքնվել: Բնակարանի տերը՝ ԵՊՀ և ՄՊՀ շրջանավարտ Խորեն Ղազարյանը, մի քանի լեզվի է տիրապետում, իսկ ավելի վաղ խոշոր ընկերություն էր ղեկավարում:
 
Հետաքննության վարկածը։ Այն բանից հետո, երբ Ղազարյանը թղթախաղով մեծ գումար է տանուլ տվել, առավոտյան ժամը 4-ին վերադարձել է տուն: Թե ինչ է տեղի ունեցել ամուսնու և կնոջ միջև, անհայտ է: Բայց այդ գիշերվա ավարտը ողբերգական էր․ Վիկտորյան դանակի մի քանի հարված էր ստացել: Աղմուկի վրա մանկական սենյակից դուրս է եկել դուստրը: Հանցագործը նրան նույնպես դանակի հարվածներ է հասցրել պարանոցին, որովայնին, ոտքերին և ձեռքերին։ Դրանից հետո հանցագործը թաքցրել էր դանակը սպասք լվացող մեքենայի մեջ, փակել էր դուռը ներսից, այնուհետև տանիքով դուրս էր եկել ձմեռային այգի և իջել ներքև:
 
Ղազարյանի վարկածը։ Ընկերների հետ թղթախաղի սեղանի շուրջ անկացրած գիշերվանից հետո (ընկերներն են նրան տուն ուղեկցել) նա չի կարողանում տուն մտնել․ դուռը բացող չի լինում: Այդժամ նա որոշում է, որ կինը նեղացել է իրենից՝ ուշ ժամի վերադառնալու համար և իջնում է ներքև՝ մեքենայում գիշերելու: Կեսօրին մոտ, չկարողանալով կապվել կնոջ հետ, նա բակի հավաքարարին խնդրում է արտաքին սանդուղքով բարձրանալ տանիք, այնտեղից էլ մտնել բնակարան: Վերջինս կատարում է խնդրանքը, բայց պահուհանի միջով տեսնելով աղջնակի դին, սարսափահար փախչում է: Ղազարյանն ինքն է ահազանգում ոստիկաններին: Հաջորդ օրը նրան ձերբակալում են:
 
Խորեն Ղազարյանը հարցազրույցի եկել էր որակյալ պիջակով, սպիտակ վերնաշապիկով ու կոկիկ կոշիկներով: Նա ցույց է տալիս հեղինակության վերականգնման իրավունքը: Երկու թերթի վրա է տեղավորվել մարդու ճակատագիրը:
 
-Իմ պատմությունն այն մասին է, թե ինչպես կարող ես դառնալ իրավապահ համակարգի զոհը՝ անկախ այն բանից՝ մեղավոր ես, թե ոչ,- զրույցը սկսում է Ղազարյանը:- Եթե ես պաշտպանվելու համար բավականաչափ միջոցներ չունենայի, հիմա գուցե ցմահ բանտարկված լինեի: Ես ստիպված եղա վաճառել ամեն ինչ, որպեսզի 8-9 փաստաբան վարձեմ: ՌԴ Քննչական կոմիտեում էլ գտնվեցին պարկեշտ մարդիկ:
 
 
-Իսկ դատավորնե՞րը։
 
-Դատավորներն այդ համակարգում ոչ ոք են: Մարդու վրա բոլորը թքած ունեն: Մեր երկրում չեն սիրում արդարացնող դատավճիռները, էլ չեմ խոսում հեղինակության վերականգնման մասին: Ինձ հսկայական գումարներ պետք է վճարեն, բայց որպեսզի ստանամ դրանք, ես պետք է պետության հետ դատական գործընթացների մեջ մտնեմ: Հիմա փաստաբան եմ փնտրում, ով նման գործերի փորձ ունի: Եվ պատկերացնո՞ւմ եք՝ նման փաստաբան չկա: Ոչ ոք նմանատիպ փորձ չունի, քանի որ Ռուսաստանում հեղինակության վերականգնում չկա: Վերջին տարիներին ընդամենը 10 մարդու հեղինակություն է վերականգնվել:
 
 
-Ստացվում է՝ Ձեր բախտը բերե՞լ է:
 
 
-Երբ ինձ տնային կալանք նշանակեցին, ես խիստ զարմացա: Հետո ինձ բացատրեցին, որ այդ ժամանակ դատախազությունում արդեն բոլորը հասկացել էին, որ ես անմեղ եմ: Այդ օրն իմ գործը Մոսկվայի քաղաքային դատարանում մի նոր դատավոր էր վերանայել: Ամենայն հավանականությամբ, խղճացել է ինձ՝ իմանալով, որ 6 ամիս շարունակ դատախազությունը պահանջել է ինձ ազատ արձակել:
 
 
 
-Եղե՞լ են պահեր, երբ հուսահատվել եք:
 
 
-Իհարկե: Փաստաբանները երդվյալների դատարանին էին պատրաստվում: Բայց ես չէի ապրի մինչ դատը: Անկեղծ եմ ասում՝ ես պատրաստվում էի մահանալ: Նույնիսկ երբ ինձ տվեցին վերականգնման այդ թուղթը, ցավը չանցավ: Ասենք, ազատ արձակվեցի, ի՞նչ պետք է անեի: Ի՞նչ ապացուցեի: Կամ գնայի, սպանեի՞ այն մեկին, ում կասկածում եմ: Իմ կասկածների մասին ես հայտնել էին քննիչներին, բայց նրանք հաշվի չառան դա:
 
Ես լավ եմ հիշում այն օրը, երբ տեղի ունեցավ ամեն ինչ: Դա սուրբ Վալենտինի օրն էր: Ինձ ոստիկանության բաժանմունք տեղափոխեցին, շուրջբոլորս բոլորը հարբած էին՝ կանայք, տղամարդիկ, բոլոր սենյակներից հայհոյանքներ էին լսվում, ամենուր կեղտ էր: Այդ պահին ես չէի էլ պատկերացնում, որ ինձ կձերբակալեն: Ինձ հետ կոպիտ էին խոսում: Երբ ես նկատողություն արեցի և ասացի՝ «Ինչպե՞ս եք ինձ հետ խոսում, իմ կնոջն ու երեխային ես սպանել», ինձ տեղում ձեռնաշղթաներ հագցրին: Առավոտյան հայտնվեց քննիչը: Եվ ես նվաստացման հերթական չափաբաժինը ստացա: Իմ առաջին քննիչն աղջիկ էր, ով, կարճ շրջազգեստն ու ցանցավոր զուգագուլպան հագին, հարցաքննություն էր իրականացնում: Ես չկարողացա ինձ զսպել և ակնարկեցի, որ փոխի զուգագուլպան, հակառակ դեպքում մարմնավաճառուհու է նման: Հնարավոր է՝ նա հետագայում ինձնից վրեժ լուծեց՝ մեղադրելով սպանության մեջ:
 
 
 
-Ցուցմունքները Ձեզնից բռնությա՞մբ էին կորզում:
 
-Երբ ինձ տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն, մոտս երեք հոգի եկան: Ամեն ինչ տեղի ունեցավ նախապես ծրագրված սցենարով: Մեկն ամրակազմ ու չար էր, մյուսը՝ բարի ու անվնաս, երրորդը՝ չեզոք: Ամեն մեկն իր դերն էր խաղում: Սկսեց «չարը»․ «Եթե արարքներդ չխոստովանես, մենք քեզ կկոտրենք»: Խոսակցությանը խառնվեց «լավը»․ «Պետք չի նրան այդպես վախեցնել»: Հետո միջամտեց «չեզոքը»․ «Մենք քո մեղքն ապացուցող փաստեր ունենք: Կողքի շենքի հարևանները նկարահանել են քեզ՝ դանակը ձեռքիդ, ամբողջովին արյան մեջ կորած, շրջում ես բնակարանով: Դիմադրելն անիմաստ է, ստորագրիր խոստովանությունը»: 
 
Ես լավ հասկանում էի, որ նրանք բլեֆ են անում․ պենտհաուսը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը, մեծ պատուհաններ ուներ, բայց դրանք ամուր փակված էին շերտավարագույրներով, որոնք ես անձամբ էի գնել: Դրանց միջով ոչինչ տեսնել հնարավոր չէ: Ես պատասխանեցի․
 
-Քո ինչի՞ն է պետք իմ խոստովանությունը, եթե արդեն ամեն ինչ ունես, հիմար:
 
 
 
-Հենց այդպես էլ ասացի՞ք, «հիմա՞ր»:
 
 
-Այդպես էլ ասացի: Ես հասկանում էի, թե ինչ էր նրանց ուզածը: Բայց «չարը» չէր նահանջում․ «Մեզ հետաքրքիր է մարդասպանի հոգեբանությունը»: Ես այստեղ էլ իրար չխառնվեցի ու պատասխանեցի․ «Գնա հոգեբույժի մոտ, նա քեզ ամեն ինչ կպատմի»: Եվ այդտեղ միջամտեց «բարին»․ «Ստորագրիր խոստովանությունը և մենք քեզ թույլ կտանք մասնակցել կնոջդ ու դստերդ հուղարկավորությանը»: Նրանք գիտեին, թե որ ցավոտ կետերը կարելի էր սեղմել:
 
 
- Ձեր կնոջ ու դստեր հուղարկավորությանը Ձեզ չթողեցի՞ն ներկա գտնվել:
 
-Ոչ, իհարկե: Եթե անգամ ստորագրեի խոստովանությունը, միևնույն է, ինձ չէին թողնելու ներկա գտնվել: Դա նրանց աշխատանքային մեթոդներն են: Հետո ինձ սկսեցին սպառնալ․ «Այդպիսի հոդվածով քննչական մեկուսարանում հայտնվելու դեպքում քեզ այնտեղ կբռնաբարեն ու կծեծեն, իսկ եթե խոստովանես, մենք քեզ բոլորից կառանձնացնենք և առանձին խուց կտրամադրենք»: Ես նայում էի այդ մարդկանց ու խորը հիասթափություն ապրում մեր իրավապահներից: Եվ օր-օրի այդ հիասթափությունն ավելի էր մեծանում:
 
 
-Ձեզ ինչո՞ւ էին կալանավորել: Որքան ես եմ հիշում, Ձեզ վրա ոչինչ չէի գտել:
 
-Երբ ես հետաքրքրվեցի, թե ինչու են ինձ կալանավորել, ինձ ասացին, որ իմ կոշիկի վրա երեխայի արյունն են հայտնաբերել: Ես այդ ժամանակ մտածեցի․ «Վերջս եկել է, հանցանշանները կեղծել են»: Հետո պարզվեց, որ դա արյուն չի եղել:
Կալանավորումից երեք ամիս անց քննիչներն իմ շապիկի վրա արյան հետքեր էին հայտնաբերել: Եվ կրկին սխալվել էին․ պարզվել էր՝ արյունը ոչ այլ ինչ է, քան տոմատի հյութ: Հետագայում իբր արյան հետքեր էին գտել մեքենայումս, այնտեղ նաև իմ մատնահետքերն էին եղել․․․․ Ես զարմացել էի․ իմ մեքենայում էլ ո՞ւմ մատնահետքերը պետք է լինեին, եթե ոչ իմը:
 
Նույն իրավիճակն էր բնակարանի դեպքում: Քննիչներն ասում էին․ «Ձեր մատնահետքերն ամենուր են՝ բաժակի վրա, լոգարանում, դռների բռնակներին»: Իսկ ի՞նչ կար այդտեղ զարմանալու: Ես ապրել էի այդ տանը: Իմ մոտավոր հաշվարկներով՝ 250 նմանատիպ փորձաքննություն են իրականացրել: Այդ դատարկ փորձաքննությունների վրա պետությունը 5-6 միլիոն ռուբլի է ծախսել:
 
 
-Պատմեք այդ գիշեր տեղի ունեցած իրադարձութունների մասին:
-ԶԼՄ-ների վարկածով՝ ես այդ գիշեր 200 հազար դոլար եմ տանուլ տվել: Երևի հնարավոր է այդքան տանուլ տալ: Չգիտեմ: Այդ երեկո մենք ընկերներով իրոք թղթախաղ ենք խաղացել: Առավոտյան ժամը 4-ին ես վերադարձել եմ տուն: Դուռն իմ առաջ ոչ ոք չբացեց: Ես վերադարձա մեքենայիս մեջ քնելու: Մտածեցի, որ կինս նեղացել է ինձնից: Ահա ողջ պատմությունը։ 
Քննինչները կառչել են նրանից, որ ես 30 րոպե չեմ երևացել անվտանգության տեսախցիկների տակ: Նրանց վարկածով՝ ես այդ ժամանակահատվածում հասցրել եմ սպանել կնոջս և դստերս: Եվ այդ ամենն արել եմ շատ արագ: Տուն եմ մտել տանիքից, ամբողջովին մերկացել եմ, սպանել եմ կնոջս, հետո՝ երեխայիս՝ ընդհանուր առմամբ հասցնելով դանակի 40 հարված: Հետո գնացել եմ լոգարան, լոգանք եմ ընդունել: Նոր հագուստ եմ հագել: Կրկին տանիքով հեռացել եմ: Հետո ինչ-որ տեղ եմ վազվզել, հետքերը թաքցրել: Ճանապարհին թաքցրել եմ արյունոտ շորերն ու սպանության գործիքը, որը մինչ օրս չի հայտնաբերվել, և վերադարձել եմ ավտոտնակ: Ձևացրել եմ, թե քնած եմ մեքենայում: Ավելին՝ սպանության ժամանակ ես նաև 17 անգամ զանգահարել եմ կնոջս: Քննիչների վարկածով՝ մի ձեռքով ես սպանել եմ, մյուսով՝ հեռախոսի կոճակները սեղմել: Այս բոլոր դրվագներով քննչական փորձարարություններ են անցկացվել և բոլորն էլ տապալվել են:
-Մահացածի հայրն ու եղբայրը ևս վստա՞հ էին, որ դուք մեղավոր եք:
 
-Իմ աները՝ Կառլ Կարագուլյանը, դատարանում հայտարարեց․ «Երբ Ղազարյանը տեսել է մահացածներին, նա անգամ լաց չի եղել»: Սա հի՞մք է, որպեսզի ինձ մարդասպան համարեն: Ես այդ ժամանակ լռեցի, որ իր աչքերն էլ այդ պահին չոր էին: Սպանված կնոջս հարազատ եղբայրը՝ Սերգեյը, առանձին թեմա է: Երբ ինձ կալանավորել էին, սոցիալական ցանցերում իմ հասցեին մեղադրական հայտարարություններ էին տարածվում: Երբ իմ տնային կալանքը վերջացավ, և ես գնացի նրա մոտ, նա հրաժարվեց իր խոսքերից՝ ասելով․ «Ոչ մեկին ոչինչ չեմ պատմել, Ձեզ երբեք մեղավոր չեմ համարել»:
-Կառլ Կարագուլյանը մեզ հետ էլ է կապ հաստատել, բողոքում էր, որ Դուք ցանկանում եք խլել նրա ունեցվածքը:
 
-Մոսկվայի քաղաքային դատարանի նիստերից մեկի ժամանակ դատավորը հետաքրքրվեց իմ աներոջից․ 
-Տուժող Կարագուլյան, մենք ցանկանում ենք կասկածյալին ազատ արձակել գրավի դիմաց: Դուք համաձա՞յն եք: 
Պատասխանեց․ 
-Այն բնակարանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, ոչ ոք չի ապրում: Բայց ես այնտեղի հոսանքի համար ավելի շատ եմ վճարում, քան այն բնակարանի համար, որտեղ ապրում եմ: Դա թյուրիմացություն է: 
Դատավորը․ 
-Պատասխանեք իմ հարցին: 
Տուժողը․ 
-Ախ, հա, իհարկե, թողեք նրան քննչական մեկուսարանում: 
Դատավորը․
-Դուք կարծում եք՝ նա՞ է սպանել Ձեր դստերը: 
Կարագույլանն իբր թե չլսեց․ 
-Բնակարանում հոսանքի վարձը շատ թանկ է, ի՞նչ անեմ: 
Իսկ ժամանակին ես իմ ողջ անշարժ գույքը գրանցել էի կնոջս ու նրա հարազատների անունով:
 
-Ինչո՞ւ էիք Դուք ամեն ինչ նրանց անունով գրանցել:
 
-Ես լուրջ բիզնեսով էի զբաղվում: 2009 թ․-ին ես վարկային պարտավորություններ ունեի, երաշխավորագրեր բանկերում: Այդ ամենը գործի մեջ ներառված են: Երբ ես հայտնվեցի անորոշ վիճակում, այդ ժամանակ էլ ամեն ինչ գրանցեցի նրանց վրա:
Իմ ընկերներն այն ժամանակ զգուշացնում էին․ «Չե՞ս վախենում, որ նրանք ամեն ինչ կխլեն»: Ես վախենալու ոչինչ չունեի: Ես ամեն ինչ հաշվարկել էի․ եթե ինձ կամ կնոջս հետ ինչ-որ բան պատահեր, ապա ամեն ինչ կմնար իմ միակ դստերը: Դա ինձ ձեռք էր տալիս: Ես հանուն նրա էի ապրում: Բայց կարո՞ղ էի արդյոք պատկերացնել, որ նման ողբերգություն տեղի կունենա:
 
 
-Այժմ Ձեզ ոչինչ չի՞ մնացել:
 
-Իմ բնակարանում այն մարդկանց ստացականներն էին, որոնց ես պարտքով փող էի տվել: Դրանք բոլորն իմ կնոջ անունով էին: Աներս օգտվել էր դրանից ու դատարանում հաղթել իմ վարկառուներից դեմ հարուցված 2 միլիոն դոլարանոց գործը: Իմ ազատ արձակվելուց հետո նա միայն մեքենաս է վերադարձրել: Ինչպես նաև իմ կալանավորումից հետո տանը 5-7 հազար դոլար արժողությամբ ոսկյա զարդեր էին մնացել: Դրանք տեղափոխվել էին դեպոզիտարիա, իմ պահոց: Աներս պարբերաբար գնացել է քննիչների մոտ և աղաչել, որպեսզի նրան փոխանցեն այս ոսկեղենը:
-Իսկ ի՞նչ եղավ այն պենտհաուսի հետ, որտեղ կատարվել էր սպանությունը:
 
-Ես այնտեղ այլևս չեմ ապրում: Այժմ դա պատկանում է աներոջս:
-Առգրավված սեփականությունը վերադարձրե՞լ են:
 
-Երբ ինձ ձերբակալեցին, գրպաններիցս 50-60 հազար ռուբլի առգրավվեցին: Բնակարանից վերցրել էին համակարգիչները, հեռախոսները, որտեղ իմ հարազատների լուսանկարներն ու տեսանյութերն էին: Վերջերս ես դիմեցի քննիչներին և ասացի․ 
-Չե՞ք ցանկանում ինձ վերադարձնել իմ իրերը:
Նրանք ձեռքերը թափահարեցին և ասացին․
- Ամեն ինչ կորել է: Ուզում եք, բողոք գրեք, մենք կփոխհատուցենք:
Ինչպե՞ս են նրանք փոխհատուցելու: Ինչո՞վ: Որտեղի՞ց ես պետք է դստերս տեսանյութը վերցնեմ: Ես շոկի մեջ էի, որ Քննչական կոմիտեում կորցնում են իրեղեն ապացույցները:
-Ե՞րբ քննիչները հասկացան, որ Դուք անմեղ եք:
-Երբ լրացավ մեկուսարանում իմ գտնվելու երրորդ ամիսն, ու ապացույցների բազան փլվեց նրան աչքի առաջ: Բայց դրանից հետո ինձ ավելի քան կես տարի պահեցին ճաղերից այն կողմ: 
 
-Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց դուրս գալ:
 
-Դուք չեք պատկերացնի, թե քանի ատյանների միջով մենք անցանք, որպեսզի հասնենք արդարության: Գրել ենք ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության պետ Դրիմանովին, դիմել ենք Մոսկվայի դատախազությանն ու Գլխավոր դատախազին:
2015 թ․-ի օգոստոսին Մոսկվայի դատախազությունը դատախազի անունից պահանջ ներկայացրեց դադարեցնել այդ անօրինությունը: Այդ նույն պահանջով ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությանն են դիմել գլխավոր դատախազի երկու տեղակալներ Մալինովսկին ու Գրինը: Գործը մեռյալ կետից առաջ չէր գնում, մինչև չխառնվեց Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մասկալկովան: Տիտանական աշխատանք է տարվել: Մարդիկ, ովքեր ինձ պաշտպանում էին, գործնականում դատախազությունում էին ապրում:
 
-Երբ Դուք կասկածյալ էիք, մարդասպանի բացահայտման ուղղությամբ ոչինչ չի՞ արվել:
 
-Իմ միամտության արդյունքում ես սկզբում փորձում էի օգնել հետաքննությանը, հարցաքննությունների էի գնում, հավատում էի, որ, եթե ամեն ինչ պատմեմ, ինձ բաց կթողնեն: Հետո ինձ բացատրեցին, որ պետք չէր բացել բերանս: Իմ ասված բոլոր խոսքերն իմ դեմ էին ուղղվել:
Մեկուսարանում իմ կալանավորման չորրորդ ամսին իմ գործը վերցրեց մեծատառով քննիչ Ալեքսեյ Օստրովիդովը: Ես նույնիսկ զարմացա, որ դեռ այդպիսի մարդիկ են պահպանվել այդ համակարգում: Մեր առաջին ծանոթությունը տեղի ունեցավ մեկուսարանում: Նա մեկնեց ձեռքը և ես ասացի․
-Չէ՞ որ ես մարդասպան եմ, ինչո՞ւ եք բարևում ինձ: 
Այդ ժամանակ ես արդեն հուսահատվել էի: Նա մեկնեց ձեռքն ու ասաց․
-Ի՞նչ մարդասպան, Դուք զոհ եք: Կխոսեմ ղեկավարության հետ, և Ձեզ մեկուսարանից կազատեն ու տուժողի կարգավիճակ կտան:
Օստրովիդովը ևս մեկ անգամ մանրամասն ծանոթացավ փաստաթղթերին, գնաց պենտհաուս և դրա տանիքում մարդասպանի մատնահետքերով օղու շիշ գտավ: Այնտեղ նաև հանցագործի հետքերն էին մնացել: Եվ նա սկսեց քիչ-քիչ ապացույցներ հավաքել:
 
-Նախկինում դա չէի՞ն արել:
 
-Ինչ-որ բան արել էին: Օրինակ՝ իմ ոտքի չափսն էին վերցրել: Առաջին օրը բնակարանը լի է եղել օտար հետքերով․ մատնահետքերով, ոտքերի հետքերով: Իմ ոտքերը 48 չափսի են, իսկ բնակարանում հայտնաբերվել էին 39 չափսի հետքեր: Հինգ անգամ իմ ոտնաթաթի չափսի ճշտման փորձաքննություն են իրականացրել, որպեսզի պարզեն՝ իմ ոտնահետքն այնտեղ կա՞, թե՞ ոչ: Արդյունքում գործի մեջ գրել են՝ ոտքի չափսը հնարավոր չեղավ նույնականացնել:
Իսկ Օստրովիդովը ձեռքը վերցրեց իմ մարզակոշիկը, նայեց՝ 48 չափս, ու եզրակացրեց․ «Հետքերը Ձերը չեն»: Օստրովիդովին անգամ հանցագործներն էին հարգում, խոստովանում, որ նա հենց այնպես ոչ ոքի չի նստեցնում: Նա իրեն ամբողջովին նվիրել էր գործին: Մշտապես սև վերնաշապիկով էր շրջում, որպեսզի չլվանա այն, քանի որ դրա ժամանակը չկար․ նա Քննչական կոմիտեում էր գիշերում:
 
(2017 թ․-ի հուլիսի 17-ին ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության քննիչ Ալեքսեյ Օստրովիդովը հրաժարական է տվել՝ պատճառը նշելով «ղեկավարության մասնագիտական անբավարարությունն» ու «նրանց կողմից քրեական դատավարության օրենսդրության անտեսումը»․ խմբ․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»):
-Դուք կարծում եք՝ Ձեր դեմ եղած հանցանշանները կեղծվե՞լ են:
 
-Կարող եմ միայն մեկ հանցանշանի մասին պատմել, ինչի պատճառով իմ կալանքը երկարաձգեցին: Բնակարանում ինչ-որ մկրատ էին գտել, որի վրա իմ դստեր արյունն ու իմ հոտն են եղել․ կարծես թե շներն են հայտնաբերել: Այդ ժամանակ սպանությունից 9 ամիս էր անցել: Վստահ եմ՝ մկրատով հանցանշանները կեղծվել են:
Քննիչները կառչում էին ամեն ինչից, որպեսզի ինձ ճաղերից այն կողմ պահեին: Մեկուսարանում գտվելուս 7-րդ ամսում նրանք որոշեցին այցելել այն «խաղամոլներին», ում հետ ես սպանության գիշերը թղթախաղ եմ խաղացել: Առավոտյան 7-ին խուզարկության իրավունքով գնացել էին իմ ընկերների մոտ, փնտրել արյունոտ սպանության գործիքը:
Գիտե՞ք՝ ովքեր են իմ ընկերները: Նրանցից մեկը Հայաստանի նախկին փոխարտգործնախարարն է, մյուսը՝ Երևանի քաղաքի կուսակցական կոմիտեի նախկին քարտուղարի որդին է, երրորդը, ում մոտ խաղացել ենք, երկու ինքնաթիռ ունի, որոնք վարձակալության է հանձնում ու այդ փողերով ապրում: Նրանք բոլորը կրթված, ինտելեկտուալ մարդիկ են: Երբ իմ ընկերներն իրենց դռան առջև ուսադիրներով մարդիկ են տեսել, զարմացել են․ «Դուք կարծում եք, որ մենք 7-8 ամիս անց տանն արյունոտ սպանության գործի՞ք կպահեինք»: Քննիչները բարեհամբույր խնդրել են նրանց ցույց տալ տանը եղած դանակները: Մեկի մոտից հեռուստացույցն են առգրավվել, մյուսի մոտից՝ նոթբուքը:
 
-Դուք ալիբի ունեի՞ք:
 
-Ալիբի կար: Ես վերադարձել եմ առավոտյան 4-ին: Սպանությունը դրանից ավելի վաղ է կատարվել: Կինս ու դուստրս անգամ չեն հասցրել փոխել զգեստները․ կինս ջինսով է եղել, իսկ դուստրս՝ ոչ, գիշերազգեստով: Բայց այդ ամենը շատ ավելի ուշ ապացուցվեց:
Իսկ մինչ այդ մի փորձագետ էր ելույթ ունեցել և իր եզրակացության մեջ գրել․ «Սպանությունը կարող էր կատարված լինել առավոտյան 4-6-ն ընկած հատվածում»: Եվ հղում էր տվել 1853 թ-ին մշակված մեթոդաբանությանը: Ինձ բացատրեցին, որ այդ ժամանակ Ռուսաստանում մի բժիշկ է եղել, ով որոշել է մարդու սպանության ժամը և հենց նա էլ գրել է այդ գիրքը: Այնտեղ ինչ-որ բանաձև էր նշված, որով էլ որոշում էին սպանության ժամը: Ահա այդ բանաձևով էլ փորձագետը հետևություններ էր արել:
Բայց ավելի ուշ մեկ այլ գիրք գտան, որը գրվել էր 2012 թ-ին, փորձագետ-քրեագետի կողմից: Այնտեղ լրիվ այլ մեթոդաբանություն էր ներկայացված: Հետո սպանության ժամի ճշգրտության ևս երկու փորձաքննություն կատարեցին և պարզեցին, որ այն տեղի է ունեցել իմ՝ տուն վերադառնալուց ամենաքիչը 3 ժամ առաջ:
-Ի՞նչ է սա․ անփութությո՞ւն, քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալի՞զմ:
 
-Գոյություն ունի վիճակագրություն․ նման հանցագործությունների 90%-ի դեպքում հանցագործն ամուսինն է: Ահա դրանով էլ բոլորն առաջնորդվել են, երբ սպանությունը բարդել են ինձ վրա: Իմ ձերբակալության հենց երկրորդ օրն արդեն քննիչներն ու ոստիկաններն իրենց ղեկավարությունից շնորհակալական խոսքեր էին ակնկալում: Չեմ զարմանում, որ ինչ-որ մեկին պարգևատրած կամ պաշտոնի բարձրացում տված լինեն՝ կրկնակի սպանության արագ բացահայտման համար: Եվ կռահում եմ, որ հենց այդ նույն մարդկանց գլխում պտտվել է այն միտքը․ «Իսկ եթե նա չէ՞»: Բայց անմիջապես էլ վանել են այն իրենցից, ինչպես ճանճին կվանեն:
 
 
-Դուք կարծում եք՝ դա սովորական պրակտիկա՞ է հանցագործությունների բացահայտման գործում:
 
-Մեկուսարանում ես մի տղայի հետ ծանոթացա: Նա պատմեց իր պատմությունը: Փողոցում կանգնած է եղել, երբ կողքով մի տղամարդ է անցել և գցել հեռախոսը: Իմ զրուցակիցը բարձրացրել է այն ու մենել նրան: Այդ տղամարդն էլ ուսով հարվածել է նրան, աղմուկ բարձրացրել, իբր տղան ուզեցել է իրենից բռնությամբ խլել հեռախոսը: Արագ մոտեցել են ոստիկանները, տեղում ձերբակալել տղային: Գործը փակված է: Ոչ ոք ոչինչ անգամ ապացուցել չի պատրաստվում: Սա օրինակներից մեկն է:
 
 
-Եղե՞լ է պահ, երբ մտածել եք, որ պայքարելն անօգուտ է:
 
-10 ամիս ես անցկացրել եմ մեկուսարանում՝ «Բուտիրկայում», այնուհետև «Մատրոսկայա տիշինայում»: Ինձ՝ որպես հատկապես վտանգավոր հանցագործի, օրենքով գողերի հետ մի խցում էին պահում, մինչև չխառնվեցին հարազատները, որպեսզի ինձ չտեղափոխեն ընդհանուր խուց:
 
Դուք բանտ չե՞ք նստել: Գիտե՞ք՝ այնտեղ ինչն է սարսափելի: Տոները՝ մայիսյան, հունվարյան: Մեկուսարաններում մարդիկ նստում են փոքրիկ խցերում: Ցերեկները շարժ կա․ դու գնում ես հարցաքննությունների, քեզ մոտ փաստաբաններ, քննիչներ են գալիս: Իսկ տոնական օրերին ժողովուրդը ոչ մի տեղ չի մտնում և դուրս չի գալիս: Այդ օրերին խելագարվել կարելի էր:
 
Հիշում եմ՝ բոլորը տոներին էին պատրաստվում: Որոշում էին, թե որտեղ դնեն սեղանը, թե ինչից պետք է օղի քաշեն: Ես այդ քննարկումներին չէի մասնակցում, ուղղակի պառկել էի ու չէի շարժվում:
 
Դեկտեմբերի 22-ին ես պատրաստվում էի մահանալ: Այդ ժամանակ ես արդեն համակերպվել էի: Շատ էի քնում: Սկզբում 8, 10, 12 ժամ: Հետո անկողուց վեր չէի կենում 20 ժամ: Ինչ-որ պահի զգացի, որ ուժերս լքում են ինձ:
 
Եվ ահա, նման մի օր ինձ արթնացրին․ «Պատրաստվիր դատարան գնալուն»: Գնացինք Մոսկվայի քաղաքային դատարան: Այդ օրը մեկուսարանի կալանավորների մոտ բաղնիքի օր էր: Ես վախենում էի ուշանալ, բաց թողնել լոգանքի օրը, որն այդքան հազվադեպ էր լինում: Այդ իսկ պատճառով էլ նախատեսում էի գործընթացն արագ ավարտել: Եվ ահա, նիստի ժամանակ դատավորն ասում է․ 
 
-Մենք փոխում ենք Ձեր խափանման միջոցը տնային կալանքի:
 
 
 
-Ձեր զգացողություննե՞րը։
 
-Ուզում եք իմանալ՝ ի՞նչ  էի զգում: Բացարձակապես ոչինչ: Այդպիսի դատարկություն էլ զգացի, երբ հայտարարեցին իմ հեղինակության իրավունքի վերականգնման մասին: Ինձ վրա այդքան վիշտ էր թափվել, իսկ ինձ մարդասպանների հետ մի խցում էին պահում:
 
 
-Պատմեք Ձեր խցակիցների մասին:
 
-Երբ նոր ես մուտք գործում խուց, այսպես կոչված գողականները քեզ մոտ հատուկ մարդ են ուղարկում, ով ուսումնասիրում է քո գործը: Խցակիցներդ պետք է անպայման պարզեն, թե ինչ ես արել: Եթե նստել ես ընդդեմ գողական հասկացությունների, այսինքն՝ տատիկի ես ծեծել, կնոջ ես բռնաբարել կամ երեխա ես սպանել, ապա քո վերջը մոտ է:
 
Ինձ հետ մի տղա էր նստած, ով տրավմատիկ զենքով երիտասարդ աղջկա էր կրակել, այնուհետև՝ բռնաբարել: Երկու օր անց, մինչ մենք զբոսանքի էինք գնացել, նրան զուգարանում սպանված գտան:
 
Ենթադրում եմ, որ չի դիմացել խցակցի ճնշումներին:
 
Իսկ ինձ 20 րոպե անց մոտեցան և ասացին․ «Լավ, եղբայր, մենք քեզ կօգնենք, կաջակցենք»: Չորս ոչ այդքան գրագետ կալանավորներ 20 րոպեում պարզեցին, որ ես անմեղ եմ: Դրանից առաջ հարցրել էին․ 
 
-Ե՞րբ է տեղի ունեցել սպանությունը:
 
-Երեկ չէ, առաջին օրը:
 
-Իսկ ինչո՞ւ ձեռքերիդ վրա հետքեր չկա:
 
Իմ ձեռքերը մաքուր էին․ ո՛չ քերծվածք, ո՛չ վնասվածքներ:
 
 
-Քննիչներն այդ փաստից չշփոթվեցի՞ն:
 
-Ամենևին: Նույնիսկ իմ եղունգները փորձաքննության ենթարկեցին՝ ասելով․ «Դուք գիշերը բոլորին սպանել եք, իսկ առավոտյան «скипидар»-ով մաքրել եղունգները»: Երբ ես փորձեցի հակադարձել՝ ասելով, որ «скипидар» վերջին անգամ 1978 թ․-ին եմ տեսել, նրանք արագ պատասխանեցին․ «Ուրեմն՝ օղիով ես մաքրել»:
 
 
 
-Ի՞նչ է Ձեզ հուշում Ձեր ինտուիցիան՝ Ձեր հարազատների սպանությունը կբացահայտվի՞:
 
-Ինչպե՞ս կարող են գտնել մարդասպանին 2,5 տարի անց: Գուցե պատահմամբ, մատնահետքերով: Բայց գործի մեջ անգամ մահացածների մատնահետքերը չկան: Երևի բոլորն այնքան են ուրախացել, որ տաք հետքերով բռնել են «մարդասպանին», որ մոռացել են սպանվածների մատնահետքերը վերցնել: Ստացվում է, որ քննիչներն անգամ չգիտեին, թե ում մատնահետքերն են հայտնաբերել բնակարանում: Հնարավոր է՝ կնոջս մատնահետքերը նրանք մարդասպանի մատնահետքերի տեղ են ընդունել: Հիմա, որպեսզի նույնականացնեն մատնահետքերը, քննիչները հարցումով գնացել են ամերիկյան դեսպանատուն, որտեղ մենք վիզաներ էինք պատրաստել:
 
Ավելին ասեմ՝ տեղի ունեցածի երրորդ օրն արդեն բնակարանում ոչ մի հետք չէր մնացել: Քննիչը պենտհաուսի բանալիները հանձնել էր աներոջս, ով այնտեղ մաքրություն էր կատարել:
 
-Ո՞ր վարկածին են հակված քննիչները, հանցագործության դրդապատճառը նրանց հայտնի՞ է:
 
-Կա կողոպուտի վարկածը: Բայց այն ինձ տարօրինակ է թվում: Բնակարանից ընդամենը 1500 դոլար են գողացել, այն էլ՝ երևացող տեղում է դրված եղել:
 
-Դուք ինչ-որ մեկին կասկածո՞ւմ եք:
 
-Ես կասկածում եմ կնոջս հարազատներից մեկին:
 
-Այլ տարբերակ չունե՞ք: Գուցե Ձեր թշնամիներն են:
 
-Ես թշնամիներ չունեմ: Ես կյանքում ոչ մեկի հետ չեմ վիճել:
 
-Որտե՞ղ եք այժմ բնակվում:
 
-Որտեղ պատահի, հիմնականում ընկերներիս տանը: Այսօր մեկը կհյուրընկալի, վաղը՝ մեկ ուրիշը: Ինձ գրանցումից դատարանով հանեցին, երբ ես չհեռանալու մասին ստորագրություն էի տվել: Ավելին՝ ես դատարանում հայտարարեցի, որ ինձ այս կարգավիճակում չի կարելի հանել գրանցումից: Չէ՞ որ ինչ-որ տեղ ես պետք է գրանցված երևամ: Երեք նիստ դատավորը մտածում էր, թե ինչ անի: Վերջում ինձ հանեցին գրանցումից:
 
 
 
-Չե՞ք մտածում Ռուսաստանից հեռանալու մասին:
 
-Ինձ համոզում են ԱՄՆ մեկնել: Խորհուրդ են տալիս ցույց տալ նրանց այս գործն ու հնարավոր է՝ քաղաքացիություն ստանամ: Բայց արտագաղթելու հարց դեռևս դրված չէ:
 
 
-Քննիչները Ձեզնից ներողություն խնդրեցի՞ն:
 
-Ոչ: Ոչ ոք ո՛չ եկավ, ո՛չ ներողություն խնդրեց:
 
 
-Իսկ Դուք կարծես թե դիմանում եք, երբեմն՝ անգամ կատակում:
 
-Փորձում եմ: Իրականում ես ուրախ մարդ եմ, բայց ինչպե՞ս ապրի ուրախ մարդը, եթե ուրախանալու ոչ մի առիթ չունի: Երբ ես ստացա վերականգնման մասին թուղթը, ինձ զանգահարեցին ընկերներս, շնորհավորեցին, հարցնում էին. «Նշելո՞ւ եմ այդ առիթը»: Ես անգամ չգիտեի, թե ինչպես արձագանքեմ: Ես, ինչ է, պետք է գնամ դա նշելո՞ւ: Ինչո՞վ պետք է ուրախանամ: Որ ինձ արդարացրե՞լ են: Ես չգիտեմ, թե ինչպես ապրեմ այս ամենից հետո, իսկ ինձ ասում են, որ պետք է ուրախանամ: 
 
 
Թարգմանեց՝ Արամ Գևորգյանը
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից