Հայկական Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը փորձի և մտքերի փոխանակման, գործարար նոր կապեր հաստատելու կարևոր հարթակ է. նախարար

02-10-2017 11:01:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Երևանում մեկնարկել է Հայկական Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017-ը: 
Նպատակն է ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկել և լուծումներ առաջարկել այն բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին, որոնք առաջ են եկել Ինտերնետի աննախադեպ արագ զարգացման հետևանքով: 
 
Համաժողովի ընթացքում այս տարի քննարկվում են «Ավանդական գրադարանները թվային դարում», «Ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա», «Տեղեկատվական անվտանգություն և կիբերանվտանգություն», «Անձնական տվյալները թվային դարում», «Բաց կառավարության համագործակցություն», «Ամպային տեխնոլոգիաներ», «Հաշմանդամների իրավունքները թվային դարում» թեմաներին առնչվող հարցերը: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հայկական Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը փորձի և մտքերի փոխանակման, գործարար նոր կապեր հաստատելու և ամրապնդելու, ինտերնետ կառավարման ոլորտի ժամանակակից ձեռքբերումները ներկայացնելու կարևոր հարթակ է: 
 
«Ինչպես գիտեք ՏՏ ոլորտը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ մնալով՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՏ ոլորտի արդյունավետ զարգացման համար»,- ընդգծեց նախարարը: 
 
Նրա փոխանցմամբ՝ 2017 թվականի առաջին կիսամյակում ՏՏ ոլորտում գրանցվել է 31 տոկոս տնտեսական աճ: 
Վ. Մարտիրոսյանը վերահաստատեց, որ առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման՝ հնարավոր չէ իրականացնել ինտերնետ կառավարումը: 
 
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման համաժողովի քարտուղարության Ծրագրի և Տեխնոլոգիաների մենեջեր Չենգետայ Մասանգոն, Ինտերնետի անուններ և հասցեներ տրամադրող (ICANN) կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդրա Կուլիկովան, IP հասցեներ տրամադրող եվրոպական (RIPE NCC) կազմակերպության ներկայացուցիչ Մաքսիմ Բուրտիկովը, ինչպես նաև Ինտերնետ Հանրության եվրոպական բյուրոյի ներկայացուցիչ Ջերան Ունալը: 
 
ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողովի և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող համաժողովի ընթացքում ձևավորված կարծիքները, առաջարկությունները և դիտողությունները կմշակվեն և կներկայացվեն  կառավարություն: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից