21-րդ դարի գրադարանը մի ճկուն կերպար է, որն ամեն օր աշխատում է իր վրա, սովորում ու սովորեցնում

02-10-2017 16:11:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

21-րդ դարի գրադարանը մի ճկուն կերպար է, որն ամեն օր աշխատում է իր վրա, սովորում ու սովորեցնում: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) գրադարանի վարիչ Աննա Չուլյանը՝ անդրադառնալով Հայկական Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովի ընթացքում քննարկվող «Գրադարանները թվային դարում» թեմային:  
 
Ըստ նրա, այդուհանդերձ, գրադարանային ոլորտում ամբաղջությամբ հնարավոր չի լինի ազատվել թղթային կրիչներից: 
«Որպես սպասարկող օղակ՝ գրադարանը պարտավոր է ապահովել բոլոր օգտվողների պահանջները. Մի օգտվողը նախընտրում է թղթային գիրքը, մյուսը՝ աուդիո գիրքը, իսկ երրորդը՝ թվային գիրքը»,- ասաց Ա. Չուլյանը՝ կարևորելով նաև գրադարանավարների դերը՝ որպես գիտելիքի և սպառողի միջև կանգնած խորհրդատու: 
 
Նրա խոսքերով՝ ներկայումս շատ կարևոր խնդիր է ազատվել գրադարանների ու գրադարանավարների մասին հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերից ոչ թե գիտելիքների առումով, այլ՝ պատկերացումների: 
 
«Գրադարանավարները ներկայացնում են այն խավը, որը շատ անտեսված է թե ֆինանսապես, թե սոցիալապես. Գրադարան գալիս են աշխատելու միայն այն մարդիկ, ովքեր սիրում են այդ աշխատանքը»,- նկատեց ՝  ԵՊԼՀ գրադարանի վարիչը: 
 
Վերջինս, անդրադառնալով այն տարածված կարծիքին, թե այսօր գրադարան չեն այցելում կամ գիրք չեն կարդում, փաստեց հետևյալը. Սեպտեմբեր ամսվա ընթացքում ԵՊԼՀ գրադարանում շուրջ 8000 կտոր ֆիզիկական գրքի սպասարկում է իրականացվել: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից