Շղթայական գնաճը սկսել է. Հաջորդ տարի ավելի վատ է լինելու

02-10-2017 18:38:31   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Հայաստանում հերթական շղթայական գնաճն է սկսվել:
 


Բենզինի թանկացմանը հետևել են մսամթերքի ու կարագի թանկացումը: Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Lragir.am-ին ասաց, որ մսամթերքն այս օրերին թանկացել է 10-20 տոոկսով:
 
«Տավարի միսը 10 տոկոսով է թանկացել, իսկ խոզի մսի դեպքում մինչև 20 տոկոս թանկացում ունենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հերթական շղթայական թանկացման հետ գործ ունենք»,- ասաց մասնագետը:
Մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են արտահանվել Քաթար և Իրաք, ինչն էլ ներքին շուկայում մսի դեֆիցիտ է առաջացրել:
Կարեն Չիլինգարյանն ասում է, որ դեռևս երկու շաբաթ առաջ էր սկսվել մսամթերքի թանկացումը: «Պատճառն այն է, որ առաջին հերթին արտահանման ծավալներն են մեծացել: Երկրորդ, երաշտային տարի է եղել այս տարին, անասնակերը թանկացել է: Այդ պատճառով էլ անասնապահները թանկացրել են մսի գինը»,- ասաց նա:
 
Ըստ մասնագետի՝ թանկացումները ծանր են անդրադառնում սպառողի վրա, հատկապես այն ֆոնին, որ թոշակների, նպաստների ու աշխատավարձերի էական բարձրացում չի եղել: Հաջորդ տարվա բյուջեով նույնպես թոշակների ու նպաստների բարձրացում նախատեսված չէ: Այնինչ, Կարեն Չիլինգարյանի խոսքով, 2018 թվականի հունվարից նոր թանկացումներ են սպասվում, երբ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի համար այլևս չեն գործի մաքսային արտոնությունները: Արդեն հունվարից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 800 անուն ապրանքները կմաքսազերծվեն ԵՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
 
«Սա մեծ հարված է հատկապես սոցիալապես անապահով խավի համար: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի կվատանա, գնողունակության էական անկում կլինի», ասաց Չիլինգարյանը:
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից