Սորոսի հիմնադրամը որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր

03-10-2017 12:10:13   | Հայաստան  |  Հոդվածներ
«Իրատես»-ի նախորդ համարում մասնակիորեն անդրադառնալով Երևանում սեպտեմբերի 26-ին կազմակերպված «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր» անվանմամբ համաժողովին, խոստացել էինք ներկայացնել նաև համաժողովի մյուս ուշագրավ ելույթները:
 


Մինչ այդ տեղեկացնենք, որ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի նախաձեռնած հիշյալ համաժողովին հրավիրվել ու մասնակցում էին քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ասպիրանտներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և ԱՄՆ նոր ղեկավարության առավել կոշտ կեցվածքով: Հիշյալ համաժողովում հանդես գալով «Նոր աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստանի ազգային անվտանգության դեմ միջազգային հիմնադրամների ու կազմակերպությունների կողմից սպառնալիքները» վերտառությամբ զեկույցով, այս համոզմունքը հայտնեց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Վերջինիս հավաստմամբ, համաշխարհային տիրապետության պահպանման ԱՄՆ-ի ձգտումը և Միացյալ Նահանգների նոր ղեկավարության առավել կոշտ կեցվածքն իրենց դրսևորումը գտան օրերս կայացած ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանում Դոնալդ Թրամփի հայտնի ելույթում, որում ներկայացվեց աշխարհի նկատմամբ ամերիկյան նոր հայեցակարգը:
«Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց շեշտադրումներ ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեան ամբողջովին ոչնչացնելու, Իրանի հետ իր նախորդի օրոք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ մի կողմից, և Իրանի՝ մյուս կողմից, կնքած ատոմային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու, Վենեսուելայի ղեկավարությանն իր տեղը նստեցնելու, այսինքն՝ այն փոփոխելու առնչությամբ,- ասաց Հայկ Նահապետյանը:- Թեև ՄԱԿ-ի այս նստաշրջանին չէր մասնակցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն այդ օրերի մամուլը հեղեղված էր 2015 թվականին ՄԱԿ-ում նրա ելույթի հետևյալ հատվածով. «Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ինչ եք արել»: Այս խոսքերն ուղղված էին Արևմուտքի ղեկավարներին, որոնք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությամբ և գործիքակազմով մի շարք երկրներում փորձել էին տապալել այդ երկրներում սահմանադրական կարգը»:
 
Այդ առումով, ըստ բանախոսի, խիստ հատկանշական է ՌԴ նախագահի 2017 թվականի մայիսի 13-ի «Ռուսաստանի Դաշնության տնտեսական անվտանգության ռազմավարությունը մինչև 2030 թվականը» թիվ 208 հրամանագիրը, որն ունի պատմական նշանակություն: Այդ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ համաշխարհային զարգացման ներկա փուլում հստակորեն դրսևորվում են համաշխարհային միաբևեռ կարգի փլուզման հայտանիշները, և երևում է բազմաստիճան աշխարհակարգի ստեղծումը: Ընդ որում, բազմաբևեռ աշխարհակարգին անցումը ուղեկցվում է աշխարհաքաղաքական անկայունությամբ և համաշխարհային տնտեսության անկայուն զարգացմամբ, գլոբալ մրցակցության կտրուկ աճով:
«Փաստենք,- շարունակելով իր խոսքը, ասաց հիշյալ նախաձեռնության համակարգողը,- որ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ինն ամիս անց, ռուս-ամերիկյան հարաբերությունները Վաշինգտոնի կողմից ստացել են երկու լուրջ հարված. օգոստոսին Թրամփը ստորագրեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ: Դրանից բացի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շարունակում է զարգանալ դիվանագիտական հակամարտությունը…»:
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ը, սկսելով հիշյալ հակամարտությունը, արտաքսեց ՌԴ բազմաթիվ դիվանագետների, Ռուսաստանը, իր հերթին, որպես պատասխան քայլ, արդեն արտաքսել է ամերիկյան, ընդհանուր առմամբ, 775 դիվանագետի, ինչին հաջորդել է Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսությունից Ռուսաստանին զրկելու ԱՄՆ-ի քայլը:
«ՄԱԿ-ի վերոնշյալ նիստում ունեցած իր ելույթում նախագահ Թրամփը լսարանի ուշադրությունը հրավիրեց նրան, որ ինքը չի պատրաստվում խառնվելու այլոց գործերին մեջ, շեշտելով, որ «Ամերիկայում մենք չենք ցանկանում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը, մենք ցանկանում ենք, որ նա փայլի, և մյուսները դրա մեջ տեսնեն օրինակ»: -Չնշելով Ռուսաստանի անունը, ամերիկյան առաջնորդը հիշեցրեց, որ «ավտորիտար իշխանությունները» ցանկանում են ոչնչացնել դաշինքի ջանքերը և արժեքները, որոնք թույլ չեն տվել հակամարտություններ, և Երկրորդ աշխարհամարտից հետո իրենք հաստատել են խաղաղություն աշխարհում: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…»:- ասաց Հայկ Նահապետյանը:
 
Ըստ Հայկ Նահապետյանի, թեև ԱՄՆ նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրենք այլևս չեն խառնվելու այլ երկրների գործերին, և իրենց համար առաջնահերթությունը սեփական երկրի երբեմնի փառքը վերականգնելն է, սակայն իրականությունն այլ բան է վկայում: ՄԱԿ-ի ամբիոնից Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հիշյալ հայտարարության շրջանակից շատ ավելի դուրս է այլ երկրների ներքին կյանքին միջամտելու, բարեգործության անվան ներքո տվյալ երկրների ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ փորձառություն ունեցող ու գունավոր հեղափոխությունների իրականացման հայտնի մասնագետ, միլիարդատեր Ջորջ Սորոսի (ԱՄՆ) ու նրա կազմակերպությունների գործունեությունը: Միլիարդատեր Սորոսը ոչ մի կերպ հետ չի կանգնում իր, այսպես կոչված, «առաքելությունից», նա անդրդվելի է և շարունակում է իր գործունեությունը տարբեր երկրներում: Նա Սիրիայում տեղի ունեցող պատերազմի սանձազերծման և հարյուր հազարավոր զոհերի մեղավոր է համարում Ռուսաստանին և Սիրիայի օրինական իշխանություններին:
 
Ջորջ Սորոսն այսպես է գնահատել իրավիճակը Սիրիայում. «Այսօր ամբողջ աշխարհն է հետևում պատմական մասշտաբով տեղի ունեցող մարդասիրական աղետին, որի մեղավորներն են անձամբ Վլադիմիր Պուտինը և նրա հովանավորյալ Բաշար Ասադը»: Ընդ որում՝ Սորոսը Սիրիայում ռուսական բանակի գործողություններն անվանել է «ժամանակակից ռազմական հանցագործությունների ամենացայտուն դրսևորում»:
«Ես կոչ եմ անում Ռուսաստանի, Եվրոպայի և մնացած աշխարհի բնակիչներին չնստել ձեռքները ծալած, այլ արտահայտել իրենց վրդովմունքը: Հասարակական կարծիքը կարող է սթափեցնել նախագահ Պուտինին՝ վերջ դնելու մարդկության դեմ գործած հրեշավոր հանցագործություններին»:
«Իսկապես, կեղծիքը սահմաններ և բարոյականություն չի ճանաչում,- մեջբերելով Սորոսի վերոնշյալ խոսքը, ասաց հիշյալ նախաձեռնության համակարգողը:- 2015 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության դատախազությունը կայացրել է որոշում, որով Ռուսաստանի տարածքում երկու օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը ճանաչվել է ոչ ցանկալի: Այդ կազմակերպություններն են «Բաց հասարակության հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը և «Բաց հասարակության համագործակցության հիմնադրամ ինստիտուտը»:
Հիմնավորվել է, որ այդ կազմակերպությունների գործունեությունը երկրի սահմանադրական կարգի և պետության անվտանգության նկատմամբ ներկայացնում է սպառնալիք, և այդ կազմակերպությունների անվանումները ներառվել են Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կազմած այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի տարածքում»:
 
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամի մասնաճյուղի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») հիմնական գործընկերները հանդիսացող, նրանից ֆինանսավորվող ու նրա հետ համագործակցող թվով 60 կազմակերպությունները՝ միավորված 2003 թ. ստեղծված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ներքո, որքանո՞վ են ակտիվ գործունեություն ծավալում և ո՞ր ուղղություններով, Հայկ Նահապետյանն ասաց. 
«Նշված կազմակերպությունների մի մասը, մասնավորապես՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, ղեկավար՝ Լարա Ահարոնյան (ֆինանսավորվել է 183765 ԱՄՆ դոլարի չափով), «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, ղեկավար՝ Մարո Մաթոսյան (ֆինանսավորվել է 50000 դոլարի չափով), «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն, ղեկավար՝ Ջեմմա Հասրաթյան (ֆինանսավորվել է 285695 դոլարի չափով), «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասար իրավունքների կոալիցիա», ղեկավար՝ Անահիտ Չիլինգարյան (ֆինանսավորվել է 68100 դոլարի չափով), «Փինք Արմենիա» ՀԿ-ն, ղեկավար՝ Մամիկոն Հովսեփյան (ֆինանսավորվել է 23600 դոլարի չափով), «Նոր սերունդ» ՀԿ-ն, ղեկավար՝ Սերգեյ Գաբրիելյան (ֆինանսավորվել է 27586 դոլարի չափով) տեղեկատվական ոլորտում իրականացնում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ.- Ա. Հ.) անձանց այլասերված ապրելակերպի քարոզ՝ փորձելով ներկայացնել այլասերումը որպես հայ ժողովրդի կողմից ընդունելի իրողություն։
 
Դրա իրավական ամրագրման նպատակով ՀՀ կառավարություն և Ազգային ժողով են ներկայացվել օրենքների նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դրանք են «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը։ Այդ աշխատանքները լուսաբանում են նաև Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մի քանի զանգվածային լրատվամիջոցներ»:
Բանախոսն այս առումով հիշատակեց նաև «Հոդված 3» ակումբը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, ղեկավար՝ Գայանե Աբրահամյան (ֆինանսավորվել է 143530 դոլարի չափով):
 
«Հաջորդ ուղղությունը, որը սպասարկում է այդ կազմակերպությունների մի մասը, Հայաստանում հակառուսականության, հակաեվրասիականության քարոզչությունն է, երկրում անկայունության օջախների ստեղծումը,- ասաց Հայկ Նահապետյանը:- Այդ գործին լծվել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, ղեկավար՝ Լևոն Բարսեղյան (ֆինանսավորվել է 611370 դոլարի չափով), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», ղեկավար՝ Արթուր Սաքունց (ֆինանսավորվել է 699662 դոլարի չափով), «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն», ղեկավար՝ Ավետիք Իշխանյան (ֆինանսավորվել է 347675 դոլարի չափով): 
Սպասարկվող ուղղություն են նաև Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, այսպես կոչված, ռազմաքաղաքական վերլուծությունները, որոնք միտված են խեղաթյուրելու իրականությունը, ՀԱՊԿ-ը ներկայացնելու որպես ամորֆ մի մարմին, Ռուսաստանը՝ որպես ոչ բարեկամ, իսկ հաճախ նաև թշնամի երկիր, իսկ Եվրասիական տնտեսական կառույցը՝ ապագա չունեցող տնտեսական միավոր: Նշված կազմակերպությունները այս քայլերով հետապնդում են նպատակ՝ սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ: Այդ աշխատանքներում մեծ ներդրում ունեն «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը», ղեկավար՝ Ստեփան Դանիելյան (ֆինանսավորվել է 268020 դոլարի չափով), «Մոդուս վիվենդի» ՀԿ-ն, ղեկավար՝ Արա Պապյան (ֆինանսավորվել է 36100 դոլարի չափով), «Հոդված 3» ակումբը, ղեկավար՝ Գայանե Աբրահամյան (ֆինանսավորվել է 143530 դոլարի չափով):
 
Ընթացիկ ժամանակահատվածում Սորոսի հիմնադրամի ֆինանսավորած կառույցների և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից աճում է ճնշումը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի վրա, ստիպելով վերջիններիս` հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ընդունելու «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և «Խտրականության դեմ» օրենքները, ինչպես նաև ստորագրելու ու վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան:
Վերոնշյալ կազմակերպությունների մի մասը լծվել է նաև «Ելք» պատգամավորական խմբակցության նախաձեռնած Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունից դուրս հանելու նախաձեռնության քարոզչությանը»:
Հիշյալ նախաձեռնության համակարգողի հավաստմամբ, բացի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կառույցից, Հայաստանում այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ և քարոզչությամբ զբաղվում են նաև միջազգային այլ կազմակերպություններ, մասնավորապես՝ «Միջազգային զարգացման գործակալությունը», «Լեսբուհիների ու գեյերի միջազգային ասոցիացիան», «Հայնրիխ Բյոլ հիմնադրամը», Եվրամիությունը:
Համաժողովում այլոց թվում հանդես եկավ նաև «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
 
«Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է 1997 թվականին, իսկ դրամաշնորհներ տրամադրել սկսել է արդեն 1998 թվականից»,- «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործունեության մեթոդները պետական հեղաշրջումների հովանավորման հարցում և այլասերումների լոբբինգը» վերտառությամբ իր զեկույցում ասաց Հայկ Այվազյանը և հավելեց, որ Սորոսի հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Հայաստանում այլասերման քարոզով և, այսպես կոչված, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորումն է։
Բանախոսի հավաստմամբ, սնվելով հիմնադրամի դրամաշնորհներից, այդ կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են երեք հիմնական ուղղություններով.
«Քարոզչական ոլորտում՝ կայքերի, սոցիալական ցանցերի, փողոցային միջոցառումների, ֆիլմերի, քննարկումների, կոնֆերանսների միջոցով տեղեկատվական դաշտում իրականացնում են ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպի քարոզ՝ փորձելով ներկայացնել այլասերումը, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում որպես հայ հասարակության կողմից ընդունելի նորմ,- շարունակելով իր ելույթը, ասաց Հայկ Այվազյանը:- Իրավական ոլորտում՝ մշակում և ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին են ներկայացնում օրենքների նախագծեր, որոնք ուղղված են այլասերված ապրելակերպով անձանց լայն իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը։
Կառավարման ոլորտում՝ մշակում և ՀՀ կառավարությանն են ներկայացնում ռազմավարական ծրագրեր, որոնք ներառում են նաև այլասերված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջոցառումների ծրագրեր։
 
Ցավով պետք է նշել, որ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ռազմավարական ծրագրերն ու առաջարկները ՀՀ որոշ պետական մարմինների կողմից հավանության են արժանանում և դրվում են շրջանառության մեջ որպես հիմնարար փաստաթղթեր։
Այսպես. «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ՀՀ կառավարությանն էր ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը», որով նախատեսվում է նաև խտրականության դեմ պայքարին վերաբերող համապարփակ և միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության ընդունումը, իր մեջ ներառելով նաև խտրականության բացառումը այլ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով»։
 
Հիշյալ կենտրոնի տնօրենը նշեց նաև, որ 2017 թ. ապրիլին, Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ մի քանի նախարարություններին և Երևանի մի շարք դպրոցների տնօրեններին էր ներկայացվել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո այլասերման քարոզով զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության մշակած և դպրոցականների համար նախատեսված սեռական դաստիարակության մասին ձեռնարկը (http://serakanutyun.org/ ):
«Այդ ծրագրի միջոցով նախատեսվում էր երեխաներին պատմել միասեռականության, ինցեստի (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև), ձեռնաշարժության, սեռական հարաբերությունների և հակաբեղմնավորիչների տեսակների մասին,- ասաց Հայկ Այվազյանը:- Ծրագիրը փորձ արվեց փորձնական ձևով ներդնել Երևանի մի քանի դպրոցներում, սակայն այդ գործընթացը հասարակական մի քանի կազմակերպությունների և անհատների ջանքերով կասեցվեց»։
Առայսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է այդ ծրագրի շրջանակներում իր գործունեությունը և դասընթացներ է կազմակերպում դեռահասների և ծնողների համար (https://www.facebook.com/DznoghYerekha/photos/a.544409155738157.1073741828.541703192675420/791811967664540/?type=3&theater, https://www.facebook.com/DznoghYerekha/photos/a.544409155738157.1073741828.541703192675420/791704364341967/?type=3&theater ):
 
Երևանի պետական համալսարանում է գործում Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, որի տնօրենն է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Գոհար Շահնազարյանը, որը նույնպես դրամաշնորհներ է ստանում Սորոսի հիմնադրամից (ysu.am/gender/) :
Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունները, բանախոսի տեղեկացմամբ, 2010 թ. ստեղծել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո իրականացնում է աշխատանքներ, այսպես կոչված, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունման ուղղությամբ (http://coalitionagainstviolence.org/en/about-us/members/ ):
«Արդեն իսկ սույն թվականի սեպտեմբերի 20-ից այդ օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը դրված են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ինչը նշանակում է, որ մոտ ժամանակներում այն կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Ազգային ժողով,- ասաց Հայկ Այվազյանը:- Վերոհիշյալ օրենքը թույլ կտա հասարակական կազմակերպություններին և սոցիալական ծառայություններին երեխաներին տնտեսական և հոգեբանական բռնությունից պաշտպանելու պատրվակով ներխուժել ընտանիքներ, ինչպես նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքներ (դրանք այն ընտանիքներն են, որտեղ ծնողները չեն կարողանում իրականացնել երեխաների լիարժեք և ներդաշնակ զարգացման համար ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունը), օտարել երեխաներին և տեղափոխել ապաստարաններ:
 
Հայաստանում այլասերման և անբարոյականության քարոզով հիմնականում աչքի են ընկնում «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Նոր սերունդ» մարդասիրական և «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ները («ՓԻՆՔ Արմենիա»), որոնք բոլորն էլ ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից»:
Ինչպես նշեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը, գենդերային գաղափարախոսությունը քարոզելու, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում է ստանում նաև «Հոդված 3» ակումբը, որը ևս Հայաստանում այլասերման քարոզ իրականացնող ամենաակտիվ կառույցներից մեկն է։ Ակումբն այլասերման քարոզի և պաշտպանությանը զուգահեռ, հաճախ կազմակերպում է նաև հակառուսական և հակաեվրասիական բնույթ կամ ենթատեքստ ունեցող քննարկումներ և մամուլի ասուլիսներ, որոնք նպատակ են հետապնդում ստվերելու հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային ռազմական և տնտեսական հարաբերությունները (https://www.facebook.com /events /667576753419878/, https://www.facebook.com /article3club/photos/a.1745643515648063.1073741828.1740491036163311/1934009153478164/?type=3, https://www.facebook.com/article3club /videos /1933938526818560/ ):
 
«Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև Հայաստանի Հանրապետությունում մի շարք երկրների և կառույցների դեսպանատները և հավատարմագրված դեսպաններն անձամբ, դիվանագիտական կարգավիճակ ունեցող այլ պաշտոնյաներ,- ասաց Հայկ Այվազյանը:- Այսպես. 2016 թվականի մայիսի 17-ին այլասերման քարոզով զբաղվող «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանը և Վրաստանում Նիդերլանդների դեսպանը։ Քննարկվում էր ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրագրմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների հարցը։ Քննարկմանը մասնակցում էր նաև Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
2016 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող մեկ այլ փակ հավաք, որին մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսիր-Բրայերսը:
Նույն 2016 թվականի մայիսի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը միասեռականության բացահայտ քարոզ էր իրականացնում:
 
2017 թվականի հուլիսի 27-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» («PINK Արմենիա») ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ և շնորհավորել Լոնդոնում գործող Հավասար իրավունքների հիմնադրամի ամենամյա «Բոբ Հեփփլ» հավասարության մրցանակին արժանանալու կապակցությամբ»:
Անհրաժեշտ համարելով ընդգծել նաև այն, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին ներդնում է նաև Հայաստանի քաղաքական դաշտ, բանախոսն ասաց.
«Այսպես. «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը և «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանը «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ են:
Ի դեպ, 2016 թվականին Երևանում ողբերգական դեպքերի՝ ՊՊԾ գնդի գրավման և հետագա զարգացումների ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը և նրա համախոհները համացանցում տարածում էին թռուցիկներ, որոնք նկարագրում էին ոստիկանության դեմ գործողություններ իրականացնելու մեթոդները։
 
Նույնաբովանդակ թռուցիկներ տարածվում էին նաև բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել պետական զինված հեղաշրջումներ գունավոր հեղափոխությունների սցենարներով, մասնավորապես` ՈՒկրաինայում 2014 թվականին, երբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Ակնհայտ էր, որ նման թռուցիկների և քարոզչական այլ նյութերի տարածումը նաև համացանցում հետապնդում էր Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու և ոստիկանության հետ բախումներ հրահրելու նպատակ:
Գործելով հասարակական դաշտում, վերոհիշյալ կազմակերպությունները և քաղաքացիական շարժումները ճիշտ պահին կարող են օգտագործվել երկրի ներսում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու և այն պատվիրատուին ձեռնտու և ցանկալի ուղղությամբ տանելու համար։
Այսպես. Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քարոզչական դաշտում զբաղված է հիմնականում հակառուսական տրամադրությունների հրահրմամբ, ինչպես նաև այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հավաքների ակտիվ մասնակիցներից է։
 
Իրենց քարոզչական և քաղաքական նպատակներին հասնելու համար Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները ստեղծում են կայքեր, էջեր սոցիալական ցանցերում, հիմնադրում են մամուլի ակումբներ և զանգվածային լրատվական միջոցներ»։
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ, հիշյալ տեղեկատվական գործիքների միջոցով իրականացվում են տարբեր քարոզչական հնարքներ, որոնցից են պատմական փաստերի խեղաթյուրումը, առկա քաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների ոչ ճիշտ, միակողմանի և ոչ օբյեկտիվ ներկայացումը, սոցիոլոգիական հարցումների կեղծումը։
 
Վերոնշյալ իրողությունները, Հայկ Այվազյանի համոզմամբ, ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակական դաշտում համախոհ նոր հասարակական կազմակերպությունների դաշինքի ստեղծման անհրաժեշտություն կա, որոնք իրենց գործունեությամբ կչեզոքացնեն Սորոսի հիմնադրամի և նմանատիպ կառույցների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների վնասակար գործունեությունը, որոնց նպատակն է քայքայել հայ ավանդական և ընտանեկան արժեհամակարգը, ատելություն սերմանել ցանկացած իշխանության և Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Այդ ամենն իսկապես շահեկան է միայն Հայաստանի Հանրապետության բացահայտ (Ադրբեջան, Թուրքիա) և ծպտյալ թշնամիներին:
Տեղեկացնենք նաև, որ հիշյալ համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև «Մի շարք միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ՀՀ ազգային անվտանգությունը» թեմայով կազմակերպված «կլոր սեղանների» շարքի անդրանիկ քննարկումը: Քննարկվեցին միջազգային կառույցների, հիմնադրամների և որոշ հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանին և իր դաշնակիցներին նետված մարտահրավերները և առկա սպառնալիքներն ազգային անվտանգության տեսանկյունից և աշխարհաքաղաքական ներկա իրողությունների լույսի ներքո:
 
Համաժողովի նպատակներից էր նաև պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու միջոցով, ներառյալ նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքների կեղծմամբ Հայաստանում հակառուսական, հակառուսաստանյան և հակաեվրասիական տրամադրությունների շիկացման մեթոդների բացահայտումը, ինչը, կարծում ենք, հաջողությամբ արվեց:
Համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների հավաստմամբ, իրենք հետամուտ են լինելու մասնագիտական խմբերի ստեղծմանը՝ իրավական, տեղեկատվական-քարոզչական և կազմակերպական ոլորտներում, որոնք պետք է կազմակերպեն, համակարգեն և մեկտեղեն հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից հանդես եկող կազմակերպությունների և անհատների ջանքերը, նպաստեն դիմադրության նոր օջախների ստեղծմանը և ամրապնդմանը՝ հայությանը և հայոց պետականությանը նետված մարտահրավերներին դիմագրավելու և առկա սպառնալիքները չեզոքացնելու նպատակով:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին բանաձև, որը ներկայացնում ենք ստորև.
 
«1. Համաժողովի կազմակերպիչները և մասնակիցները հետամուտ են լինելու ստեղծելու մասնագիտական խմբեր՝ իրավական, տեղեկատվական-քարոզչական և կազմակերպական ոլորտներում:
2. Տեղեկատվական-քարոզչական ոլորտում անհրաժեշտ է իրականացնել սոցիալական ցանցերում համապատասխան էջերի ստեղծում, կայքի ստեղծում, ասուլիսների անցկացում, քննարկումների կազմակերպում:
3. Իրավական ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգը վտանգող բոլոր օրենքների, միջազգային պայմանագրերի նախագծերի մեջ վտանգների բացահայտում և հանրության իրազեկում:
4. Կազմակերպական ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության դիրքերից հանդես եկող կազմակերպությունների և անհատների հայտնաբերում, ջանքերի մեկտեղում և համակարգում:
5. ՀՀ-ում այլասերումների քարոզչությունն արգելող օրենքի նախագծի մշակում:
6. Այլ երկրների մեզ համախոհ կառույցների, կազմակերպությունների, անհատների, զանգվածային լրատվամիջոցների հայտնաբերում, կապի հաստատում և համադրված աշխատանքների իրականացում:
7. Հայության հոգևոր-ազգային-ընտանեկան արժեհամակարգին նետված մարտահրավերների բացահայտում, սպառնալիքների չեզոքացման համար բոլոր շահագրգիռ կառույցների և անհատների հետ համադրված աշխատանքների իրականացում:
8. Սորոսի հիմնադրամի տրամաբանության ներքո աշխատող միջազգային կառույցների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների բացահայտում և ժողովրդին իրազեկում:
9. Մասնակցություն պետական կառույցների կազմակերպած մասնագիտական խմբերի աշխատանքներին՝ Սորոսի հիմնադրամի կազմակերպությունների առաջարկների վտանգավորությունը փաստարկելու և մեր առաջարկները պետական կառույցներին հասցնելու համար։ 
10. 2017 թվականի հոկտեմբերի վերջին դահլիճային հավաքի անցկացում:
11. Առաջարկել ՀՀ իշխանություններին «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը ՀՀ տարածքում ճանաչել որպես ոչ ցանկալի կազմակերպություն, քանի որ այն սպառնալիք է պետական և ազգային անվտանգությանը, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնությանը։
12. Վերջերս ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասին, որը գաղտնի է պահվում, ասաց, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է գրված համաձայնագրի տեքստում, ապա կարող ենք նայել նմանատիպ ասոցացման համաձայնագրերի տեքստերը ՈՒկրաինայի և Վրաստանի հետ։
Եթե ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը պարունակում է կետեր, որոնք սպառնում են մեր հոգևոր, ազգային և ընտանեկան արժեքներին, ապա մենք հանդես ենք գալու այդ համաձայնագրի ստորագրման և վավերացման դեմ»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից