«Վանաձորում երկու մեծ գործարան է բացվելու». Խոստացել է քաղաքապետը

03-10-2017 18:01:32   | Լոռու մարզ  |  Հարցազրույցներ
Լրագրի  զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը
 


 
-Պարոն Ասլանյան, լրացավ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մեկ տարին։ Մեկ տարի է՝ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը։
 
 
-Իհարկե հաճելի կլիներ, որ բոլոր հարցերի լուծումները ստանայինք ընդհանուր կոնսենսուսի արդյունքում, բայց, փառք Աստծո, աշխատել ենք քաղաքի բնականոն կյանքը շարունակվի։ Պետք է այնպես անենք, որ Վանաձորում ներգաղթ արձանագրվի։ Ես դա խոստանում եմ։
 
 
-Քաղաքում արտագաղթը կանգնեցնելու և ժողովրդագրական խնդիրները լուծելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել։ Ինչպե՞ս է լուծվելու աշխատատեղերի հարցը։
 
 
-Շուտով Վանաձորում երկու մեծ գործարան է բացվելու։ Հոկտեմբերի 7-ին՝ քաղաքի տոնի օրը, գործարանների հիմնարկեքը կանենք, 450-500 աշխատատեղ է բացվում, կանանց զբաղվածության խնդիր ենք լուծել։ Դեռ 100-150 տեղ էլ թափուր ունենք, ուղղակի կարող բանվորի մասնագետների պատրաստի  կադրեր չունենք։ Իսկ ռուս-իրանական գործարանի շինարարությունն արդեն սկսվել է, և ներդրողը խոստացել է, որ մինչև ապրիլ կաշխատի և մոտ 500 հոգու կապահովի աշխատանքով, և Վանաձորում 100-150 միլիոն դոլարի ներդրում է կատարելու։ Իրանցի և ռուս են ներդրողները։
 
 
-Կարծում եք՝ արտագաղթածները կվերադառնա՞ն։
 
 
-Ոչ թե կարծում եմ, այլ բազմաթիվ արձագանքներ ունենք, որ եթե Վանաձորում տղամարդկանց աշխատատեղեր բացվեն, շատ ընտանիքներ կվերադառնան Վանաձոր ապրելու և աշխատելու։
 
 
-Պարոն Ասլանյան, օրերս Վանաձորում լրագրող է բռնության ենթարկվել, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ լռում են մարզային և քաղաքային իշխանությունները։
 
 
-Քաղաքային, մարզային իշխանությունները լուռ չեն, այսօր էլ ասել եմ, որ եթե նման դեպք տեղի է ունեցել, խիստ դատապարտում եմ նախ որպես կնոջ, հետո որպես լրագրողի նկատմամբ բռնությունը։ Հիմա քննություն է ընթանում, դրա համար ես չեմ ուզենա իրավապահ մարմինների տիրույթում գտնվող գործի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ կամ մանրամասնել։
 
 
-Իսկ Ձեզ չի՞ մտահոգում, որ անձրևին  թաց ասֆալտ են անում Վանաձորում։
 
 
-Մեզ մտահոգում է ցանկացած գործ կամ գործընթաց, որը չի բխում օրենքից և կարգուկանոնից։ Ես այս պահին զերծ եմ մնում գնահատականներ տալուց, որովհետև կան մասնագետներ, որոնք գտնում են, որ եթե անձրև չի տեղում, բայց գետինը թաց է անձրևից հետո, իրենք ունեն համապատասխան տեխնիկա, որ չորացնեն, և հենց նույն պահին չորացնում են, ասֆալտը նորմալ լցնում են և որակի փոփոխություն տեղի չի ունենում։ Ես մասնագետ չեմ, և կարծում եմ՝ մասնագետները եզրակացություն կտան։ Այս պահին ես նախաքննական որևէ տեղեկատվության չեմ տիրապետում։
 
 
-Ասում են, որ հիմնական գումարները, «ատկատները» հենց ասֆալտապատումից են գոյանում։
 
 
Ես տեղյակ չեմ, այդ բառաֆոնդն ինձ մոտ չի աշխատում, ես չգիտեմ ինչի մասին եք ասում։ Ինձ նման գործելաոճը խորթ է։
 
 
-Արձանագրո՞ւմ եք, որ մեկ տարվա ընթացքում Ձեզ չհաջողվեց կոնսենսուսի գալ ավագանու հետ և չհաջողվեց նրանց քաղաքապետարան բերել նիստերի։
 
 
-Ոչ, չենք կարող արձանագրել, այդ ուղղությամբ որևէ մեծ աշխատանք չենք կատարել, կարծում եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ժամանակը բոլոր անպատասխան հարցերի պատասխանը կտա։
 
 
-Ժամանակի վրա եք ամեն ինչ գցում, շեշտադրում անում։
 
 
-Ժամանակի վրա շեշտադրում չեմ անում, ես ապրում և աշխատում եմ հանուն Վանաձորի։
 
 
-Մեկ տարի է անցել, քի՞չ ժամանակ է։
 
 
-Ինչ եք առաջակում, որևէ առաջարկություն կա՞։
 
 
-Իսկ որևէ քայլ անո՞ւմ եք այդ ուղղությամբ։
 
 
-Այո, միշտ սպասում ենք և փորձում ենք։
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից