Քրդական հանրաքվեն դեռ «շատ ջուր կքաշի». Հայաստանի երեք բաղադրիչը

03-10-2017 18:14:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը
 

 
 
- Պարոն Մելքոնյան, Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է այն փոխում տարածաշրջանում։
 
 
- Քուրդիստանում անցկացված հանրաքվեն մի քանի ոլորտների է վերաբերում և մի քանի հետևանքներ կարող է ունենալ։ Նախ, եթե դիտարկենք այն խորհրդանշանակ դաշտում, ապա շատ հետաքրքիր մի խորհրդանիշ ստեղծվեց, որ քուրդ ժողովուրդը որևէ տարածքում, այս պարագայում Իրաքում ապրող քրդերը, իր մեծամասնության կողմից անկախ պետություն ստեղծելու իր կամքի մասին հայտարարեց։ Եթե անգամ այդ զարգացմանն անմիջապես չհետևի պետության ստեղծումը, ինչը կապված է մի շարք բարդությունների հետ, այնուամենայնիվ, սա որոշակի խորհրդանշական քայլ է, որը քրդական հարցի շրջանակներում իր էական դերն է ունենալու։ Սա որոշակի իրավական գործընթաց է, որն, իհարկե, կապված է քաղաքական գործընթացների հետ, բայց ի վերջո, ամփոփվեց և, ըստ էության, ունենք կայացած փաստ՝ հանրաքվե։
 
Երկրորդ, մենք տեսնում ենք տարածաշրջանային պետությունների շահերի բախման նոր հարթակ։ Ընդ որում, այդ հարթակում այլ հարցերում իրար հակադիր պետությունները կարողանում են համագործակցել։ Մենք տեսնում ենք, որ այս հարցում ակտիվ հետաքրքրվածություն ունի Թուրքիան, որն, իմ կարծիքով, ոչ այնքան հետաքրքրվում է քրդական հարցի արտաքին բաղադրիչներով, որքան իր երկրի ներսում այդ հարցի հնարավոր ազդեցությունների՝ դիմինոյի էֆեկտով տարածվելու հավանականությամբ։ Պատահական չէ, որ Թուրքիան այս հարցը քննարկեց Ազգային անվտանգության խորհրդում՝ այլ երկրում տեղի ունեցած խնդիրը դիտարկելով իր երկրի ազգային անվտանգության սպառնացող երևույթ։ Այս պարագայում տեսնում ենք նաև, որ այս հարցում Թուրքիայի, Իրանի, Իրաքի շահերը ինչ-որ տեղ համընկնում են, և նրանց գործողությունները, հայտարարությունները երբեմն կրում են միասնական բնույթ։ Իհարկե, պետք է ասել, որ նշված պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն։ Եթե Թուրքիային առավելապես այդ խնդիրները հետաքրքրում են ներքին բաղադրիչի տեսանկյունից, ապա Իրանի համար մտահոգություններն այլ են։ Դա պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ այս խնդրին բացահայտորեն իր մասնակցությունը, աջակցությունն է հայտարարել Իսրայելը, իսկ կա չգրված նորմ՝ այն, ինչ ձեռնտու է Իսրայելին, չի կարող ձեռնտու լինել Իրանին։ Իսկ Իրաքի պարագայում, պարզ է, որ խոսքը վերաբերում է իր երկրի ամբողջականությանը, և երկրի մասնատումն Իրաքին որևէ կերպ ձեռնտու չի կարող լինել։
 
Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա մենք տեսնում ենք մի կողմից ուժի ցուցադրում, երբ տեղի են ունենում զորավարժություններ, մյուս կողմից Թուրքիայի խորհրդարանը լիազորություններ է տալիս Թուրքիայի բանակին գործողություններ իրականացնել այդ տարածքներում։ Սա ուժի ցուցադրություն է, որ կարող են լինել կոնկրետ գործողություններ։
 
 
Իհարկե, չի կարելի անտեսել նաև այս ամենում տնտեսական բաղադրիչը և այդ տարածքներում գոյություն ունեցող օգտակար հանածոների առկայությունը, որը կարող է ռազմական գործողությունները կանխելու համար լուրջ գրավական լինել, կամ գոնե թուլացնել այդ գործողությունների ագրեսիվ բնույթը։ Այս նույն համատեքստում պետք է դիտարկել տնտեսական բնույթի դժվարությունները, որը կարող է Իրաքի Քուրդիստանն ունենալ, և դա կարող է արգելակող դեր ունենալ անկախության գործընթացում։ Այս հարցում, եթե նկատեք, Էրդողանը շատ կենցաղային, բայց բավական դիպուկ էր արտահայտվել, ասելով՝ մենք կփակենք սահմանը, և հարցը կվերջանա։ Այսինքն նա ասում է՝ մենք տնտեսապես կխեղդենք Քուրդիստանին։
 
 
Եվ իհարկե, վերջում չենք կարող նաև հաշվի չառնել առկա տարածաշրջանային խաղացողներին և կոնկրետ ԱՄՆ-ին։ Վերջինիս դիրքորոշումը, կարող եմ ասել, գտնվում է չեզոքության սահմաններում, բայց այն ավելի շատ դրական չեզոքություն է, քան բացասական, քանի որ ԱՄՆ-ի հայտարարություններում, որոնք եղել են հանրաքվեից առաջ և հետո, շատ կոպիտ շեշտադրումներ չկան։ Իսկ մենք գիտենք, որ եթե ԱՄՆ-ը ակտիվորեն շահագրգռված է որևէ խնդրում, ապա նրա  հայտարարություններն էլ լինում են համարժեք։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունները դիվանագիտական էթիկայի սահմաններում են և չեզոք են արտահայտված։ Գրեթե համանման կամ մի փոքր այլ շեշտադրումներով է նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս ամենին ավելացնենք  մի կարևոր հանգամանք, որ ԱՄՆ-ը Իսրայելի կարևոր դաշնակիցն է, իսկ Իսրայելը այս հարցում շահագրգռված է, և այս ամենը պետք է տեղավորել ԱՄՆ-Իսրայել շահերի համատեքստո՞ւմ, թե՞ սա լոկալ Իսրայելի քայլն է, որ վերջինս վարում է տարածաշրջանում։ Վերջին տեսակետի հարցում ես ունեմ լուրջ կասկածներ։
 
 
- Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
 
 
- Հայաստանի հետ կապված, կարծում եմ, երեք բաղադրիչ պետք է առանձնացնել։ Նախ, ցանկացած պարագայում, ժողովուրդների ազատ ինքնորոշման կամքի իրացումը ևս մեկ փոքրիկ դրական քայլ է Արցախի հարցում, քանի որ այստեղ մենք պաշտպանում ենք ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը։ Ճիշտ է, սա այլ քաղաքական հարթությունում ու այլ իրավիճակում է, բայց, այնուամենայնիվ, ազատ ինքնորոշման իրավունքի իրացման կոնկրետ դրսևորում է։ Այս հարցում մենք պետք է առնվազն ունենանք չեզոք դիրքորոշում։ Երկրորդ բաղադրիչն այն է, որ Իրաքի Քուրդիստանում ապրում են նաև հայեր, կա հայ համայնք, խոսվում է նաև հայերենին որոշակի կարգավիճակ տալու մասին։ Այսինքն՝ այս պարագայում մենք բախվում ենք այն խնդրի հետ, որ այդ երկրում, ըստ էության, գոյություն ունի հայկական որոշակի շերտ, և մեր հայտարարությունները, ըստ այդմ, պետք է լինեն այդ ամենը հաշվի առնելու ծիրում։  Եվ երրորդ՝ Իրաքի Քուրդիստանը կարող է մեզ համար դիտարկվել նաև տնտեսական հեռանկարում։ Որքան ինձ հայտնի է, արդեն իսկ մեր միջև կան տնտեսության ոլորտում կոնկրետ քայլեր, կան նաև տարբեր պայմանավորվածություններ, եթե չեմ սխալվում՝ առողջապահության ոլորտում որոշակի հարաբերություններ են փորձել ձևավորել Էրբիլի հետ և այլն։ Այնպես որ, կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ունենա շատ ակտիվ, չեզոք հետաքրքրվածություն և այս իրավիճակում փորձի օգտվել այս երեք բաղադրիչների կենսագործման համապատկերում։
 
- Տեսակետ կա, որ այս հակամարտությունից կարող են օգտվել ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Չինաստանը։
 
- Քանի որ աշխարհում մեծ խաղացողները հենց ձեր նշած ուժերն են, գումարած Ռուսաստանը, ապա ցանկացած մեծ խաղում այդ պետությունները պետք է ունենան իրենց շահերն ու մասնաբաժինը։ Իհարկե, խոսել այն մասին, որ հանրաքվեն պարզապես Բարզանիի կամքի արտահայտություն էր, և նա կարողացավ ուղղակի իր համառության շնորհիվ հասնել դրան, մի քիչ միամիտ կլինի։ Չպետք է նաև կարծել, թե լոկ Բարզանիի կամ իր թիմի ցանկությամբ կարող է լինել նման զարգացում առանց վերը նշված պետությունների ուղղակի կամ անուղղակի աջակցության։ Կարծում եմ՝ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, և հիմա կատեգորիկ գնահատականներ տալը կամ եզրահանգումներ անելն անշնորհակալ կլինի։ Սա մեծ ու բազմավեկտոր զարգացում է, որում ընդգրկված են տարբեր խաղացողներ, և զարգացումներն էլ, ըստ էության, լինելու են այդ բարդ, բազմավեկտոր դաշտում։
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից