«Աշտարակ կաթ»-ի խաբված աշխատակիցները պահանջում են նախորդ տարվա չվճարված աշխատավարձերը. Նրանք վարչապետից հանդիպում են ակնկալում (տեսանյութ)



05-10-2017 15:51:45   | Հայաստան  |  Իրավունք
 


«Աշտարակ կաթ» ընկերության ներկա և նախկին աշխատակիցները պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը: Այս խնդրով նրանք հանդիպում են ակնկալում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նաև պատրաստվում են դիմել ՀՀ վերաքննիչ դատարան: 
 
Ինչպես հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Աշատարակ կաթ»-ի աշխատակիցների շահերը ներկայացնող իրավաբան, իրավախորհրդատու Հայկազ Մակարյանը, նշյալ ընկերության նախկին տնօրենը` ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը, ոչ միայն չի վճարել աշխատակիցների 2016 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների աշխատավարձերը, այլև կրճատել է աշխատակիցների մի մասին պարտք աշխատավարձերը ուղիղ կեսով: 
 
Ըստ նրա` «Աշտարակ կաթ»-ի նախկին անբարեխիղճ ղեկավարության երեսից տուժել է շուրջ 302 աշխատակից, որոնցից 25-ի աշխատավարձն ընդհանրապես չեղյալ է հայտարարվել: 
 
«Ի սկզբանե ես խոսել եմ ընկերության տասնյակ աշխատակիցների հետ, և տեսեք թե ինչ զավեշտալի պատասխան են նրանք ստացել ընկերության նախկին ներկայացուցիչներից. «Համակարգչում նշված է, որ դուք ստացել եք ձեր աշխատավարձերը», իսկ երբ աշխատողները հետաքրքրվել են, թե արդյոք ստորագրություն կա իրենց անունների դիմաց, ընկերության նույն ներկայացուցիչները նշել են, որ յուրաքանչյուր ոք կարող էր գնալ, ստորագրել և ստանալ աշխատավարձը, ուստի պետք է աշխատակիցները հետևողական և ուշադիր լինեին այդ հարցում»,- նշեց Հ. Մակարյանը` շեշտելով, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը հստակ պատիժներ է սահմանում փաստաթղթերի և կնիքների կեղծման համար: 
 
Իրավաբանի խոսքերով, եթե իսկապես եղել է ստորագրությունների կեղծում, ապա ստացվում է, որ գրիչի մեկ հարվածով խախտվել են հարյուրավոր մարդկանց իրավունքներ: 
 
Հ. Մակարյանի փոխանցմամբ` աշխատակիցների մի մասին «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերը ոչ թե երեք ամսվա աշխատավարձ է պարտք, այլ մեկ տարվա, մինչդեռ նրանց հասանելիք աշխատավարձերի ցուցակում չվճարված աշխատավարձի իրական չափը կրճատված է ուղիղ կեսով: 
«Իրավական տերմինալոգիայով սա կոչվում է փողերի յուրացում, այլ բառ չեմ գտնում այստեղ»,- նշեց նա` ընդգծելով, որ գործը հասել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն վերջինիս կայացրած վճիռն անարդար է և հակասահմանադրական, քանի որ հակասում է Աշխատանքային օրենսգրքի համապատասխան կետերին: 
 
«Աշտարակ կաթ» ընկերության ներկա աշխատակից Ալիսա Մարգարյանի տեղեկացմամբ` իրեն չվճարված աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ, մինչդեռ համապատասխան փաստաթղթում իր անվան դիմաց 0 է դրված: 
 
«Մենք սեզոնային աշխատակիցներ ենք, աշխատում էինք պաղպաղակի արտադրամասում: Աշխատանքային պայմանագիրը մեզ հետ կնքվել է 6 ամիս ժամկետով, սահմանված ամսական աշխատավարձը «սևով» կազմում էր 78 հազար»,- նշեց նա` հավելելով, որ իրենք երբևէ տնօրենի հետ հանդիպելու հնարավորություն չեն ունեցել, իսկ որոշ պարզաբանումներ էլ ստացել են տնօրենի կողմից լիազորված իրավաբանից:  
 
«Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցները նաև ընդգծեցին, որ ներկայիս ղեկավարության հետ ոչ մի խնդիր չկա, քանի որ վերջինս ժամանակին կատարում է աշխատավարձերի վճարումը: 
 
Նշենք, որ «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերությունը 29․11․2016 թվականին դիմում է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Նույն դատարանի 30․11․2016 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և սնանակության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Խաչիկ Նազարյանը։ 
Նույն դատարանի 19․12․2016 թվականի վճռով «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից