ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը

04-10-2017 14:53:22   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:
 

Նիստի օրակարգի առանցքային թեման գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 2017 թվականին մշակված ծրագրերի փաթեթի քննարկումն էր, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
 
«Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի հանգամանորեն ներկայացնենք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերը, դրանց գաղափարախոսությունը:  Վերլուծել ենք նախկինում իրականացված բոլոր ծրագրերը, հաշվի առել առկա բոլոր խնդրահարույց հարցերը, նոր ծրագրերը մշակելիս նախապես քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ կողմերի հետ և եկել ենք այն եզրակացության, որ արդեն ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու, և մենք այս ծրագրերի միջոցով փորձում ենք նրանց տալ այդ հնարավորությունը, դա մատչելի ֆինանսական ռեսուրսներ են և նորագույն տեխնոլոգիաները», - ողջունելով ներկաներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
 Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրել է Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում: Առաջարկություն է հնչել քննարկել նաև բարձր  լեռնային համայնքների համար նույնպես 3 % տոկոսադրույք կիրառելու հնարավորությունը, ինչն ընդունվել է ի գիտություն:
 
Ընթացիկ տարվա նախաձեռնությունների թվում Իգնատի Առաքելյանը մատնանշել է նաև Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որով ընկերություններին տրամադրվում են  3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ վարկեր: Նախարարի խոսքով՝ արդեն 3 ընկերություն ծրագրի շրջանակում վարկ է ստացել, ևս 10 հայտ քննարկման փուլում է:
 
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության»  ծրագրի նպատակն է թարմացնել և արդիականացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում տրամադրվել է շուրջ 140 միավոր գյուղտեխնիկա և ստեղծվել է գյուղատնտեսական տեխնիկայի մեկ կայան Գեղարքունիքի մարզում:  Միաժամանակ նախարարը նշել է, որ պիլոտային այս ծրագրերն իրականացվել են խնայված միջոցների հաշվին:
 
Լիզինգի ծրագրի շրջանակում առաջարկվել է տրամադրել նաև վերամշակման ոլորտում կիրառվող  սարքավորումներ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է, որ նման ծրագիր այժմ մշակման փուլում է:
 
Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին մեկնարկող ծրագրերը, այդ թվում` «Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման» և «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» ծրագրերը:
 
Հասարակական խորհուրդը  դրական է գնահատել և հավանության է արժանացրել  քննարկման դրված  ծրագրերի փաթեթը:
 
 
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից