Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԵՄ «Ջրային նախաձեռնություն» ծրագրի ներկայացուցիչների հետ

04-10-2017 15:50:13   | Հայաստան  |  Տնտեսություն
Հոկտեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրամիության «Ջրային նախաձեռնություն» ծրագրի փորձագետներ Ֆիլիպ Հոհենբլումի, Տիմատի Թորների և Ռոբերտ Կոնենսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
 

Քննարկման առանցքում  ԵՄ «Ջրային նախաձեռնություն»  տարածաշրջանային ծրագիրն էր, որում ընդգրկված  է 6  երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի նպատակը մասնակից երկրներում ջրային ռեսուրսների կառավարման բարելավումն է  ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների կիրառման միջոցով: Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանը տարբեր ծրագրերով շարունակական օժանդակության համար՝ նախարար Արծվիկ Մինասյանը հյուրերին հանգամանալից ներկայացրել է ջրային ոլորտում իրականացվող աշխատանքները:Նախարարը կարևորել է ոլորտի իրավական և կարգավորող մեխանիզմների բարելավումը, նշել , որ ջրավազանային կառավարման պլանների մշակման, նոր մեթոդոլոգիայի կիրառման անհրաժեշտություն կա: Կարևորելով կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ նախարարը հատկանշել է, որ ներկայում գործող կառավարման պալնները համահունչ չեն այն մոտեցումներին, որոնք ընդգրկված են նաև ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի դրույթներում: Անդրադարձ է եղել նաև գետավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի ցանցի, ներառյալ լաբորատոր ենթակառուցվածքների հզորացման հարցերին: «Ոլորտում իրականացվող բարեփոխումները և աշխատանքները պետք է լինեն տեսանելի, չափելի և հասարակության համար նկատելի արդյունքներ ապահովող»,-նշել է Արծվիկ Մինասյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Ֆիլիպ Հոհենբլումն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում իրականացված  աշխատանքների առնչությամբ և նշել , որ ծրագրի առաջընթացը կայացել է ու հաջող ընթացքի մեջ է :Որպես բարեհաջող աշխատանքի արդյունք նաև տեղեկացրել է, որ Բրյուսելը տվել է իր համաձայնությունը ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի հնարավոր տեղափոխման, վերանորոգման, և այլ հարցերի օժանդակության, համաֆինանսավորման համար: Կարևորը՝ գործընթացը սկսվել է և արդեն կոնկրետ քայլերի կանցնեն: Միաժամանակ, լաբորատորիայի վերազինման համար օժանդակություն կցուցաբերվի, ինչը նաև հնարավորություն կտա ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի միջազգային հավատարմագրման գործընթացի իրականացմանը, որի համար ծրագրի կողմից լիարժեք օժանդակություն կլինի: Եվրոպացի պաշտոնյան հատկանշել է  լաբորատորիայի անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, որից իսկապես տպավորված են: Նախարարը շնորհակալություն է հայտնել նման օժանդակության համար նշել , որ լաբորատորիան իսկապես կարող է բարձր ծառայություններ մատուցել ոչ միայն Հայաստանում, այլև դառնալ տարածաշրջանային և միջազգային ասպարեզում բարձրակարգ աշխատանք իրականացնող կառույց: Միաժամանակ, նախարարը ներկայացրել է ՀՀ ԲՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հնարավորությունները՝ կառույցի միջոցով տարբեր ծրագրեր իրականացնելու  նպատակով: Նախարարի հետ հանդիպումից հետո  ԵՄ «Ջրային նախաձեռնություն» ծրագրի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է կայացել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի մոտ: 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից