Այդ օրն Արենի քարանձավն ընդունում է հյուրերի, և այնտեղ պատմում են այդ ամենի մասին (ֆոտոշարք)

05-10-2017 09:29:10   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների, Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի, սակայն իրականում հայերը գինեգործությամբ զբաղվել են շատ ավելի վաղ ժամանակից:
Հնագետները գինու մնացորդներով, խաղողի կորիզներով տարաներ, գինեգործության հարմարանքներ են գտել Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում: Հայերից, իռլանդացիներից և ամերիկացիներից կազմված խմբի կատարած բարդ ուսումնասիրությունները հաստատել են այն ենթադրությունը, որ Արարատյան դաշտում գինեգործությունը բազմահազարամյա պատմություն ունի: Հայերն առաջինն են գինի արտահանել, գրավոր աղբյուրների վկայությամբ, հայ գինեգործների արտադրանքը 2000 տարի շարունակ հայտնվել է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան մարդկանց սեղանին
Զարմանալիորեն տարատեսակ, հնեցված և անուշաբույր հայկական գինիների մասին գրել է հռչակավոր պատմիչ Հերոդոտը: Նա պատմել է այն մասին, թե գինով լցված նավակներն ինչպես են Արածանի գետով (Արևելյան Եփրատ) Հայաստանից ուղևորվել Միջագետք, ուր այդ գինիները մեծ պահանջարկ ունեին: Ըստ ժամանակակիցների բազմաթիվ վկայությունների, Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը մորթիները, կտորները, վարդի յուղը, գինիները և դեղաբույսերը Հայաստանից արտահանվել են Կրետե, Կիպրոս, Սիցիլիա, Կորսիկա, Սարդինիա, ժամանակակից Ֆրանսիայի և Իսպանիայի միջերկրականի ափ և նույնիսկ Հյուսիսային Աֆրիկա:
Նաև վերոնշյալի առումով միանգամայն իմաստավորված է Հայաստանում «Արենի» գինու ամենամյա փառատոնի կազմակերպումը, որն արդեն ավանդական է դարձել: Ընդամենը 2 օրից` հոկտեմբերի 7-ին, Արենիում կազմակերպվելու է հայկական գինու 9-րդ ավանդական փառատոնը, որը միջոցառման կազմակերպիչները մտադիր են այն, ինչպես նախորդ տարիներին, վերածել ազգային տոնի: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը «Արենի» գինու մրցույթ- փառատոնի կազմակերպչի` «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի հետ:
 
- Հայկական գինու առաջիկա փառատոնը ո՞րերորդն է:
- «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող 9-րդը: Մինչ այդ ևս երկու փառատոն կազմակերպվել է USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության) CARD ծրագրով, 2004 և 2006 թվականներին:
- Իսկ դուք շարունակելով փառատոնի կազմակերպումը, ամեն տարի անընդմեջ կազմակերպե՞լ եք:
- Այո, մենք մեր տեղեկությունների մեջ նշում ենք 9-րդը, որովհետև այն անընդմեջ կազմակերպվում է մեր հիմնադրամի կողմից:
- Ի՞նչ նպատակ կամ նպատակներ է հետապնդում հայկական գինու փառատոների կազմակերպումը:
- Երբ որ մենք սկսում էինք, հետապնդում էինք երեք նպատակ` համայնքների զարգացում, զբոսաշրջության խթանման միջոցով Հայաստանի ճանաչելիության բարձրացում և գինու զբոսաշրջության զարգացում: Ինը տարվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ մեր ծրագիրը ճիշտ է և հասնում ենք այն նպատակներին, որոնք մեր առջև դրել ենք: Այսօր մենք արդեն բազմաթիվ զբոսաշրջիկներ ունենք, որոնք հատուկ գալիս են հենց փառատոնին մասնակցելու նպատակով: Զբոսաշրջիկներ են գալու Ռուսաստանից, դեռ հունվարին գիտեինք, որ լեհական խմբեր են գալու, Իրանից են գալու, Իսրայելից ունենք հարցումներ, ինչը նշանակում է, որ արդեն ճանաչելի ենք: Փառատոնի կազմակերպումը մեկ օրվա աշխատանք չէ, անցած ժամանակաընթացքում էլ մենք զբաղվել ենք դրանով: Մենք փառատոնի շրջանակում անցկացնում ենք գինու համտես, խանութներից գնում ենք գինիներ, դրսից հրավիրում գինու համտեսի մասնագետներ, որոնք անցկացնում են համտես- մրցույթ, և մենք տեղում որոշում ենք, թե մեր հայկական գինիներից որն է լավագույնը:
Նախորդ տարիներին ժյուրիի անդամներ ենք ունեցել Պորտուգալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից` 3 անգամ, Միացյալ Նահանգներից, Իսրայելից, Վրաստանից: Նրանք երբ որ այստեղից գնում ու գրում են, որ իրենք Հայաստանում են եղել որպես ժյուրիի անդամ, դա էլ է նպաստում, որպեսզի Հայաստանը, նրա գինեգործությունը ճանաչվեն արտերկրում: Բոլորս քիչ-քիչ աշխատել ենք այդ ուղղությամբ և այսօր արդեն ունենք գինիների բազմաթիվ սիրահարներ, դուք տեսնում եք, թե Հայաստանում ինչպես է արդեն զարգանում գինու արդյունաբերությունը:
- Դուք գինու սիրահա՞ր եք:
- Այո:
- Ո՞ր գինիներն եք նախընտրում:
- Հայկական բոլոր գինիները:
- Այս տարի ժյուրիի անդամները ո՞ր երկրներից են լինելու:
- Նրանք հինգն են` Ֆրանսիայից, Գերմանիայից և Կիպրոսից:
- Իսկ զբոսաշրջիկները հիմնականում ո՞ր երկրից են գալիս:
- Ռուսաստանից, ընդ որում, նկատի ունեմ հենց ռուսներին, որոնք գալիս են փառատոնին մասնակցելու (արտերկրից եկող հայերին որպես զբոսաշրջիկ չեմ ընկալում, նրանք իրենց հայրենիքն են գալիս): Անցյալ տարի մենք Արենիում մեկ օրվա մեջ ունեցել ենք 23 000-ից ավելի այցելու, եկել են և՛ հայեր` այստեղից և Սփյուռքից, և՛ տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
- Ինչպե՞ս է լուծվելու այդքան մարդկանց տեղափոխման խնդիրը:
- Նախորդ տարիներին շատ մարդիկ եկել և այս տարի էլ գալու են իրենց սեփական տրանսպորտային միջոցներով: Բացի այդ, տուր-օպերատորները նրանց նախկինում առաջարկել, այս տարի էլ առաջարկում են զբոսաշրջային տարբեր փաթեթներ, որոնց մեջ ներառված են նաև այցելությունները Նորավանք, Խոր Վիրապ և այլ տեսարժան վայրեր: Դա տուր-օպերատորներն են առաջարկում, իրենք էլ գումար են աշխատում, լուծում այդքան մարդու տանել-բերելու տրանսպորտային խնդիրը: Դա շատ կարևոր է, երբ որ ուզում էինք «Արենի» գինու փառատոնը կազմակերպել, ցանկանում էինք նաև, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները նաև տուր-փաթեթներից օգտվեն, գնան նաև համայնքներ, ծանոթանան Հայաստանին, նրա մարդկանց, տեսարժան վայրերին, միաժամանակ դա նպաստի տարածաշրջանների զարգացմանը: Տեսեք, օրինակ, խորովածի փառատոնը նպաստեց, որ Ախթալան ավելի մեծ ճանաչելիություն ունենա, հազարավոր մարդիկ գնացին Ախթալա, ուր նախկինում երբևէ չէին եղել:
- Գինի արտադրող հայաստանյան քանի՞ ընկերություն է մասնակցելու մրցույթ- փառատոնին:
Ներկայացված են լինելու գինի արտադրող 21 ընկերություն` ի տարբերություն նախորդ տարվա 16-ի, հայաստանյան 25 արտադրողներից չորսն այս տարի չեն մասնակցելու, որովհետև նրանց արտադրանքների ծավալը մեծ չէ, որպեսզի դրանք կարողանան ներկայացնել և համտեսի, և վաճառքի: Անցյալ տարիներին, սակայն, նրանք մասնակցել են մրցույթ- փառատոնին: Ի դեպ, կան գինի արտադրողներ, օրինակ, «Վանարդի», «Ոսկեվազ», «Արմաս» ընկերությունները, որոնք առաջին անգամ մեզ մոտ են ստացել ոսկե մեդալ, մեզ մոտ են եղել փառատոնում ներկայացված, և մեր մոտից է սկսվել իրենց ճանաչելիությունը: Տեղեկացնեմ նաև, որ անցյալ տարվա մրցույթ- փառատոնին մասնակցել է նաև տնական գինու շուրջ 100 արտադրող:
- Ի՞նչ գինիներ են մասնակցելու մրցույթին:
- Ե՛վ տնական, և՛ գործարանային արտադրության: Բոլոր անվանակարգերում մրցանակային տեղերը երեքն են: Մրցույթին գինիները մասնակցել և մասնակցելու են տարբեր անվանակարգերում, այդ թվում նաև` գնային երեք անվանակարգերում (մինչև 2500 դրամ գին ունեցող, 2500-5000 և 5000 դրամից բարձր գին ունեցող): Բացի այդ, կան նաև գինիների «Կարմիր անապակ» և «Սպիտակ անապակ» անվանակարգերը: Քաղցր և մրգային գինիները մրցույթ- փառատոնին չեն ներկայացվում:
- Ինչո՞ւ:
- Որովհետև մրգայինը չի կարող «գինի» անվանումն ունենալ:
- Պետական մարմինները հիմնադրամին աջակցո՞ւմ են այս գործում:
- Այո, եթե չլիներ պետական աջակցությունը, դժվար թե կարողանայինք այս ամենը կազմակերպել: Սա մեկ հոգու կամ կազմակերպության գործ չէ: Շատ շնորհակալ եմ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարությանը, որը հավատում էր մեր ներկայացրած այս նախագծի իրագործելի լինելուն: Ի սկզբանե, նախարարությունն աջակցեց մեզ, անվանափոխված այդ նախարարությունը հիմա էլ է մեզ աջակցում: Մեր աջակիցներին միացել է նաև գյուղատնտեսության նախարարությանը կից գործող Գինեգործության և խաղողագործության նորաստեղծ հիմնադրամը: Ի դեպ, արդեն 5-րդ տարին է, որ գյուղատնտեսության նախարարությունն է տալիս տնական գինիների անվանակարգում մրցույթի հաղթողների համար նախատեսված մրցանակները:
- Գինու փառատոնը որքանո՞վ է նպաստում հայկական գինիները միջազգային արենայում ճանաչելի դարձնելուն:
- Եթե, ասենք, ֆրանսիացին կամ ռուսն իր երկրի ինչ-որ մի խանութում տեսնում է հայկական գինի, որի համը չգիտե, այդ գինին նրան գրեթե ոչինչ չի ասում, դժվար թե այն գնի: Սակայն եթե եղել է Հայաստանում և այն փորձել է, համն արդեն գիտե, նշանակում է, որ, որպես սպառող, հայկական գինին արդեն ճանաչում է, դրանից հետո նա իր երկրում կփնտրի ու կփորձի գտնել այդ գինին:
- Մրցույթ- փառատոնին Հայաստանը այցելուներին ներկայացնո՞ւմ եք որպես գինեգործության հնագույն կենտրոն, այդ կապակցությամբ արդյոք ներկայացնո՞ւմ եք հայ և օտար պատմիչների վկայությունները, մեր քարանձավներում պեղված, գտնված և այդ մասին վկայող հնագիտական գտածոների մասին տեղեկություններ:
- Անշուշտ, ներկայացնում ենք, մենք այնտեղ հատուկ ցուցանակ ունենք, որը դրված է կենտրոնում ու տեղեկություններ է ներկայացնում Արենի քարանձավի մասին: Այդ օրն Արենի քարանձավն ընդունում է հյուրերի, և այնտեղ պատմում են այդ ամենի մասին: Ի դեպ, նախորդ փառատոների ժամանակ նաև տեղեկատվական թերթիկներ ենք բաժանել, որով ներկայացրել ենք այդ տեղեկատվությունը: Այո, տեղեկատվությունը շատ կարևոր է, օրինակ, երբ Պորտուգալիայից ժյուրիի անդամ հրավիրեցինք, նա մեծ հաճույքով եկավ և ասաց` եկել եմ, քանի որ գիտեմ, դպրոցում անցել եմ, որ գինեգործությունն առաջինը եղել է ձեզ մոտ:
- Իսկ այս տարի այդ տեղեկատվական թերթիկներն ինչո՞ւ չեք բաժանելու, ֆինանսական միջոցների անբավարարությո՞ւնն է պատճառը:
- Այո: Նախորդ տարիներին շատ բան էլ անվճար արվել է հովանավորների շնորհիվ, երկար տարիներ «Տիգրան Մեծ» տպագրատունն է աջակցել մեզ, «Անտարեսն» է աջակցել, «Էդիտ պրինտը»… Մեր բոլոր հովանավորներն էլ հասկացել են, որ փառատոնը կազմակերպվում է երկրի համար, ոչ թե իմ համար, սա իմ բիզնեսը չէ: Եթե փառատոնը հաջող կազմակերպվի, գոհ զբոսաշրջիկը հաջորդ կամ մյուս տարի իր հետ կբերի, ասենք, տասը զբոսաշրջիկ, իսկ դժգոհ զբոսաշրջիկն այլևս չի գա և պատճառ կհանդիսանա, որ իր հայրենակիցներից ուրիշներն էլ չգան: Եթե դուք գաք, մասնակցեք փառատոնին, կտեսնեք, թե որքան ուրախ մարդիկ են լինելու, չէ՞ որ այդ մեկ օրվա մեջ նրանք գինիներ, ուտեստներ են համտեսելու, ժողովրդի հետ շփվելու, երգ-երաժշտություն լսելու, էմոցիաներ ձեռք բերելու, զբոսաշրջիկները հետո գնալով իրենց երկիր, Հայաստանի մասին լավ բաներ են պատմելու, և ամբողջ տարին զբոսաշրջիկներ ենք ունենալու:
- Փառատոնը ժամը քանիսի՞ն է բացվելու և փակվելու:
- Պաշտոնապես բացվելու է ժամը 12-ից, շքերթով: Նախորդ տարիներին բացել ենք նաև բեմականացված կերպով, օրինակ, Քաջ Նազարն է եկել էշի վրա նստած, եղել է, որ Օրբելյան իշխանն է եկել ձիով և ազդարարել բացումը, եղել է, որ Նոյն է եկել իր զավակների հետ ու չանի մեջ լցրել խաղողը, եղել է նաև, որ շքերթով է սկսվել փառատոնը, ու խաղողագործությամբ զբաղվող տարբեր համայնքներ զամբյուղներով բերել, ներկայացրել են իրենց արտադրանքը: Այս տարի նախատեսել ենք գինեգործների և համայնքների ներկայացուցիչների շքերթով սկսել: Թեև շատ կուզեինք, որ փառատոնն ավելի երկար տևեր, բայց միջոցառումն ավարտելու ենք ժամը 17-ին, որովհետև այդ գյուղով է անցնում Խաչիկ գյուղի ճանապարհը, որն ավելի երկար չի կարող փակված մնալ:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից