ՀՀ-ի և Լիտվայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության 2018-2019 թ գործողությունների ծրագիր

05-10-2017 15:40:50   | Հայաստան  |  Տնտեսություն
Նախօրեին  Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:
 

Նիստի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:
 
Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում և մեկ տարվա ընթացքում  իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն:
 
«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որը ուսումնասիրելու ենք, և եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:
 
Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաև անասնապահության ոլորտում, մասնավորապես փորձի փոխանակում են իրականացնելու  այծաբուծական տնտեսությունների զարգացման և կաթնամթերքի արտադրության բնագավառում: Այդ նպատակով Հայաստանից պատվիրակիություն է մեկնելու Լիտվա, որտեղ ներգրավված են լինելու նաև այծաբուծությամբ  և այծի կաթից ստացվող պանրի արտադրությամբ զբաղվող անհատները:
 
Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակով`  Ռոլանդաս Տառաշկյավիչուսը նշել է, որ 2016 թվականին ստորագրված գործողությունների ծրագիրը  հաջողությամբ իրականացվել է ի օգուտ կողմերի և այսօր արդեն Հայաստանն ու Լիտվան համատեղ ծրագրերի իրականացման  նոր քայլ են կատարում:
 
 
 
 
 
                                                 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության 
                                                  և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից