«Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան

Հայաստան չբերելով ամերիկյան դատական իշխանության վստահության աստիճանը

10-10-2017 15:00:22   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
Վերջերս, ինչպես արդեն հայտնի է, վերստին վստահության շատ մեծ քվեով (1087 ընտրողից 1002 կողմ, ընդամենը 69 դեմ քվե) ՀՀ փաստաբանների պալատի նախագահ վերընտրվեց պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը: Փաստաբանների պալատի առջև եղած, լուծման անհրաժեշտություն ունեցող ներքին և արտաքին խնդիրների, ինչպես նաև այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը պարոն Զոհրաբյանի հետ:
- Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն արդեն ետևում են մնացել, դուք մեծ հաջողությամբ, ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերստին ընտրվել եք: Շնորհավորելով փայլուն հաղթանակի կապակցությամբ, նախ ցանկանում ենք տեղեկանալ, թե նախորդ ընտրաշրջանից մնացած ի՞նչ անավարտ խնդիրներ կան, որոնց լուծումը պետք է փորձեք իրականություն դարձնել որպես պալատի նախագահ պաշտոնավարելու երկրորդ կամ նոր ժամանակահատվածում:
- Ես արդեն փաստաբանների դատին եմ ներկայացրել նախընտրական ծրագիրս, և ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ փաստաբանները հավանություն են տվել այդ նախընտրական ծրագրին: Այդ պահից սկսած, տվյալ ծրագիրը դարձել է ինձ համար պարտադիր կատարման ենթակա պայմանագիր, որի դրույթներով պետք է ղեկավարվեմ:
Նախընտրական ծրագրում երկու տեսակի խնդիրներ են արձանագրված` ներքին և արտաքին, և այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն են ներկայացվել: Մասնավորապես` ներքին խնդիրներից մեկն է հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը: Ընդ որում, տվյալ խնդիրը նշված էր նաև իմ նախկին (2013-2017 թվականների) նախընտրական ծրագրում:
- Ինչո՞ւ տվյալ խնդիրը 2013-2017 թվականներին չի լուծվել և հիմա դարձյալ ներառվել է առկա խնդիրների ցանկում:
- Պատճառը հետևյալն է. նախ, գործերի քանակը տարեցտարի ավելացել է: Երկրորդ պատճառը Հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպանների ծառայությունների որակի բարձրացումն է: Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ հասարակությունը միշտ չէ, որ պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններն ընկալում է որպես որակյալ ծառայություններ: Այսօր, սակայն, Հանրային պաշտպանի գրասենյակն ապացուցել է, որ այդ ծառայությունները որակյալ են, իսկ որակյալ ծառայությունները, բնականաբար, որոշակի իմաստով հանգեցնելու էին և հանգեցրել են ծանրաբեռնվածության ավելացման: Իհարկե, սա կարևոր պայման է և մենք չենք կարող որակի հաշվին ժամանակի խնայման ու գործերի քանակի ավելացման խնդիր լուծել: Այդ իսկ պատճառով Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեոնվածության հարցն այսօր էլ արդիական է:
Խնդիրներից մեկը, որն արդեն որպես նոր խնդիր ենք ձևակերպել, փաստաբանական գրասենյակների դանդաղ զարգացումն է, ինչպես նաև փաստաբանների աշխատանքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մշակույթի բացակայությունը: Այս խնդրի լուծման նպատակով մի շարք միջացառումներ ենք նախատեսել, մասնավորապես պետք է փաստաբանական գրասենյակների կառավարման վերաբերյալ փաստաբանների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպենք, փորձենք միջազգային փորձը տեղայնացնել, այսինքն` ուսումնասիրենք, թե զարգացած երկրներում փաստաբանական գրասենյակներն ինչպես են աշխատում, և իրենց փորձն ընդօրինակենք: Բացի այդ, ինչպես գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման դաշտում մարդկանց աշխատանքը և՛ հեշտացել է, և՛ դժվարացել: Այսօր թույլատրելի տեղեկատվությունը հասանելի է, ցանկացած տեղեկատվություն համացանցից կարող ես հանգիստ ներբեռնել, հետևաբար շատ կարևոր է իմանալ, թե որտեղից պետք է այդ տեղեկատվությունը հավաքես: Բացի այդ, փաստաբանը պետք է ունենա որոշակի գործիքներ, որով կկարողանա հեշտ պլանավորել իր աշխատանքը:
Կարծում եմ, Փաստաբանների պալատն այս առումով ունի անելիք, մասնավորապես պետք է այդ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մշակույթը ներդնի Հայաստանում և փաստաբաններին օգնի ինչպես Հայաստանում գործող այլ գրասենյակների կամ այլ փաստաբանների, այնպես էլ արտերկրի փաստաբանների և գրասենյակների փորձով: Օրինակ, մենք մտադիր ենք փաստաբանների համար կազմել փաստաբանի գրասենյակի էլեկտրոնային կառավարման ծրագիր և այն անվճար հանձնել փաստաբաններին կամ գրասենյակներին, որպեսզի նրանք հեշտ պլանավորեն իրենց աշխատանքը: Ծանրաբեռնված աշխատանքը կարող է հանգեցնել նաև սխալների, եթե փաստաբանը, ասենք, մեկ շաբաթվա ընթացքում ունի մի քանի դատական նիստեր, ծանրաբեռնված է, կարող է մոռանալ նիստերից մեկի մասին, հետո չհասցնել այդ գործով որոշակի գործողություններ իրականացնել: Այդ ծրագիրը, սակայն, կօգնի փաստաբանին, կհիշեցնի նախատեսված դատական նիստերի, անհրաժեշտ գործողությունների մասին, և, կարծում եմ, կնպաստի, որ փաստաբանական ծառայությունների որակը բարձրանա:
Մեկ այլ խնդիր էլ փաստաբանների միասնականությունը պառակտելուն նպատակաուղղված փոքրաթիվ փաստաբանների միտումներն էին: Որպես այդ խնդրի լուծում, նախատեսել էի, որ կկատարեմ միասնականությանը նպաստող որոշակի քայլեր: Ինչպես տեղյակ եք, համերաշխության կոչ արեցի այն փաստաբաններին, ովքեր վիրավորված կամ դժգոհ էին ինձանից, կամ ովքեր դժգոհ էին Փաստաբանների պալատի աշխատանքից: Պետք է խոստովանեմ, որ, բնականաբար, իդեալական չեմ աշխատում, դա գիտակցում եմ և աշխատանքի տրամադրվելիս, որևէ բան գործելիս, ղեկավարվում եմ այն սկզբունքով, որ ամենաշատ թերությունն ունեցողն ես եմ, որպեսզի լավ աշխատելու ձգտումն ինձ ավելի մոտիվացնի: Ինչևէ, այդ փոքրաթիվ խմբի իմ գործընկերների մի մասը համերաշխության այդ կոչիս չպատասխանեց, մի մասը ծաղրանքով պատասխանեց, մի մասը չհավատալով պատասխանեց… Իրենց գործն է, ես, բոլոր դեպքերում, փորձելու եմ միասնականությանն ուղղված այդ գիծը պահել:
- Նշեցիք նաև արտաքին խնդիրների առկայության մասին, որո՞նք են դրանցից հիմնականները:
- Խնդիրներից, իհարկե, կարևորը կապված է իշխանությունների կողմից փաստաբանների մասնագիտական պրակտիկան վերահսկելու մտադրության հետ: Այդ ձգտումը միշտ եղել է, կա և, վստահ եմ, կլինի որպես արտաքին խնդիր, հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ փաստաբանները միահամուռ պայքարեն այդ ձգտումն իրականություն դարձնելու իշխանությունների քայլերի դեմ: Վերջին շրջանում այն աղմկահարույց գործերով, երբ որ փաստաբանները դատական նիստերի դահլիճները լքում էին կամ չէին գալիս դատական նիստերի, շրջանառվեցին լուրեր, որ պետք է համապատասխան օրենքում, որպես դատական սանկցիայի միջոց, մի այնպիսի լրացում ունենալ, որը թույլ կտա դատարանի ներգործությունն անմիջապես փաստաբանի նկատմամբ: Ինչպես գիտեք, այսօր փաստաբանի պատասխանատվությանը հասնելու նպատակով, դատարանը Փաստաբանների պալատին դիմելու սանկցիան է կիրառում, որը պարտադիր հիմք է, որպեսզի վարույթ հարուցվի փաստաբանի նկատմամբ: Վարույթի շրջանակում Փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է` փաստաբանը թո՞ւյլ տվել է խախտում, թե ոչ: Այդ գործընթացն ինքնին երկարատև է, տևում է մինչև 8 ամիս, ինչն այսօր դատական իշխանության համար կարող է խնդրահարույց լինել: Մանավա՛նդ, եթե Փաստաբանների պալատն էլ որոշեց, որ փաստաբանի արարքում խախտում չկա, դա կարող է անհանգստացնել դատական իշխանությանը: Սակայն, եթե օրենքի փոփոխությամբ, լրացմամբ փաստաբանի վրա ներգործելու, նրա նկատմամբ սանկցիա կիրառելու իրավունքն անմիջականորեն տրվի դատարանին, կարծում եմ, լուրջ խնդիրներ կառաջանան փաստաբաններիս ու մեր վստահորդների համար: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ իշխանությունները չկարողանան այդ գործիքը տալ դատարանին: Ի վերջո, մենք` փաստաբաններս, շատ լավ ենք պատկերացնում` փաստաբանն իրականում խախտում թույլ տվե՞լ է, թե ոչ, և ինքներս էլ կարողանում ենք, ինչպես ասում են, իրերը կոչել իրենց անուններով: Կարծում եմ, մեզ երբևիցե չեն կարող մեղադրել նրա մեջ, որ Փաստաբանների պալատի խորհուրդը զուտ փաստաբանների մասնագիտական համերաշխության համար անօրինական որոշում է կայացրել: Մենք խախտման դեպքում հայտարարել ենք, որ փաստաբանի կողմից խախտում է եղել, իսկ եթե չի եղել, արդարացրել ենք փաստաբանի արարքը: Եթե չի եղել խախտում, Փաստաբանների պալատի խորհուրդը միշտ էլ վարույթը կարճել է, իսկ եթե եղել է խախտում, փաստաբանին պատասխանատվության է ենթարկել:
- Այս առումով ինչպիսի՞ն է զարգացած երկրների օրենսդրությունը:
- Տարբեր է, օրինակ, ԱՄՆ-ում փաստաբանի նկատմամբ ներգործության միջոցը դատական իշխանությունն է կիրառում, սակայն մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր, Հայաստան չբերելով ամերիկյան դատական իշխանության վստահության աստիճանը:
- Արտաքին էլ ի՞նչ խնդիրներ ունեք:
- Ունենք նաև խնդիր որոշ պետական մարմինների կողմից փաստաբաններին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը մերժելու առումով: Դրանց մի մասը կախված է պրակտիկայից, այսինքն` օրենքի ոչ ճիշտ կիրառումից, մի մասն էլ կախված է հենց օրենքից: Օրինակ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները փաստաբաններին չեն տրամադրում տեղեկատվություն, թե փաստաբանի հարցման մեջ նշված անձն ամուսնացա՞ծ է, թե ոչ: Դա շատ հաճախ անհրաժեշտ է լինում բռնագանձման վարույթների դեպքում, որպեսզի իմանան, թե տվյալ անձն արդյոք համասեփականատեր չէ՞ կնոջ անունով գրանցված գույքի, կամ հակառակը` կինը` ամուսնու, որովհետև գույքն ամուսինների համասեփականությունն է, եթե այն իրենց ամուսնության ընթացքում են ձեռք բերել: Շատ հաճախ, որպեսզի փաստաբանները համոզվեն` ամուսնական հարաբերությունների մե՞ջ են գտնվում, թե ոչ, հարցում են կատարում, սակայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են տեղեկատվության տրամադրումը: Սակայն, ինչպես արդեն նշեցի, այս դեպքում մերժման հիմքն օրինական է, որովհետև օրենքն է այդպես նախատեսել: Հիմա պետք է փորձենք համապատասխան օրենսդրական փոփոխության հասնել:
- Բավական խնդրահարույց էին նաև փաստաբաններին դատարաններում խուզարկելու կամ զննելու դեպքերը, որոնք վերջին շրջանում հասարակական մեծ հնչեղություն ստացան: Դրանից հետո Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը համատեղ հայտարարություն տարածեցին, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում:Այդ հայտարարությունում առկա դրույթներն այսօր իրականում հարգվո՞ւմ, կատարվո՞ւմ են:
- Իմ կարծիքով, կատարվածը զննություն էր, որովհետև զննությունը խուզարկությունից տարբերվում է այն պարզ առանձնահատկությամբ, որ զննության դեպքում զննողն ինքնուրույն չի միջամտում և ինքնուրույն խոչընդոտը չի վերացնում, ինքը դիտարկում է միայն տեսանելի օբյեկտները: Այսինքն` եթե բաց իր է, զննողը տեսնում է այն, սակայն ինքը չի կարող ինքնուրույն բացել, ասենք, պայուսակը, ձեռքը տանել պայուսակի մեջ, այդ դեպքում այն արդեն կլինի խուզարկություն: Նա կարող է անձից պահանջել կամ խնդրել, որ նա բացի իր պայուսակը, հանի կամ տեսանելի դարձնի նրանում գտնվող իրերը: Սա «զննություն» հասկացության մեջ տեղավորվում է, մինչդեռ խուզարկության պարագայում խուզարկողը կարող է նույն պահանջը ներկայացնել, սակայն եթե, ասենք, պայուսակի սեփականատերը չի համաձայնվում կատարել նրա պահանջը, խուզարկողը հարկադրանքի միջոց է կիրառում, ինքը ստիպողաբար բացում է պայուսակը: Զննության դեպքում, եթե անձը չի կատարում զննողի այդ պահանջը, վերջինս առավելագույնը կարող է չթույլատրել, որ այդ պայուսակը մտնի դատարան, քանի որ չգիտի, թե նրա մեջ ինչ կա:
- Իսկ զննության դեպքում պարտադիր պայման չէ՞, որ զննությունը կատարվի երրորդ անձի համար անտեսանելի պայմաններում, առանձին սենյակում կամ խցիկում, որովհետև այդ պայուսակում կարող են լինել անձնական օգտագործման այնպիսի իրեր, որոնք փաստաբանը չէր ցանկանա, որ, զննողից բացի, մեկ ուրիշը տեսներ:
- Այո, փաստաբաններն էլ այդ տեսակետն արտահայտում էին, դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ բանակցելիս առաջարկեցինք, որ եթե փաստաբանը պահանջի, դուք իր համար պետք է ապահովեք այնպիսի մեկուսի պայմաններ, որպեսզի նա իր մոտ եղած անձնական իրերը տեսանելի չդարձնի անցանկալի աչքի համար: Բացի այդ, պետք է ապահովվի ընթերակայի ներկայությունը, ընդ որում, և դատական կարգադրիչը, և ընթերական պետք է լինեն նույն սեռի ներկայացուցիչ, ինչ փաստաբանը: Դատական դեպարտամենտը համաձայնել է այս պայմանին, և այն իր արտացոլումն է գտել հայտարարության մեջ:
- Ռուսաստանի Դաշնության  Փաստաբանների պալատի նախագահի հետ համագործակցելով, կարողանո՞ւմ եք գործնականում պաշտպանել այնտեղ գտնվող մեր այն հայրենակիցների իրավունքները և օրինական շահերը, որոնք Ռուսաստանում իրավապահ ու դատական մարմինների հետ կապված խնդիրներ են ունենում:
- Մենք, այո, համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների պալատի հետ, ունենք կապեր նաև Ռուսաստանի հայ փաստաբանների հետ, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են և այնտեղի Փաստաբանների պալատի անդամ: Եղել են դեպքեր, երբ նշված համագործակցության շրջանակում խնդրել ենք իրավական առումով օժանդակել այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին: Օրինակ, այնտեղ մի դեպք էր տեղի ունեցել, որի առնչությամբ օգնության խնդրանքով դիմել էին պալատին: Ավտովթարի հետևանքով մահացել էր մեր հայրենակիցը, իսկ հանդիպակած գոտի դուրս եկած և այդ վթարի ու մահվան պատճառ հանդիսացած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էին, քրեական գործի վարույթը կարճել: Այդ առումով մեր այնտեղի գործընկերներին խնդրեցինք, հնարավորության դեպքում, իրավական օգնություն ցուցաբերել զոհվածի ընտանիքին: Իրենք ներգրավվեցին այդ գործի մեջ, կարճման որոշումը վերացնել տվեցին, հիմա քննություն է գնում: Նմանատիպ դեպքեր էլի են եղել:
Լինում է նաև, որ մեր հայ փաստաբաններն են խնդրում իրենց օժանդակել Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում և այլ երկրներում գործող փաստաբանների հետ համագործակցության համար, մենք այդ առումով կապը ստեղծում ենք: Շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի, հիմնականում Ֆրանսիայի փաստաբանական համայնքների հետ, արդեն ակտիվացնում ենք աշխատանքները նաև Միացյալ նահանգներում գործող մեր գործընկերների հետ գործնական կապեր հաստատելու նպատակով: 
Տեղեկացնեմ նաև, որ մտադիր ենք մոտակա ժամանակներում կազմակերպել փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդես, ուզում ենք այդ մշակույթը նույնպես ներդնել, որովհետև մենք պետք է հասարակության մեջ հանդես գանք մեր ծառայություններով, հասարակությանը հավաստենք, որ փաստաբաններն ի վիճակի են որակյալ ծառայություններ մատուցել: Օրինակ, Ֆրանսիայում, Գերմանիայում և զարգացած այլ երկրներում այդպիսի ցուցահանդեսներ հաճախ են կազմակերպվում, ընդհուպ դրանք հասցնում են մինչև միջազգային մակարդակի: Կարծում եմ, դա լավ հարթակ է նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: 
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին