Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

13-10-2017 19:23:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:
 


Այս տարվա նկարչական մրցույթի թեման հայկական ժողովրդական, եկեղեցական և պետական տոներն են, որոնք արտացոլվել են ցուցադրված մանկական ստեղծագործություններում: Սփյուռքի մասնակիցների համար, որպես թեմատիկ ստեղծագործությունների խորագիր առաջարկվել է տեղական նշանակության տոների և  ավանդույթների պատկերավորումը՝ նպատակ ունենալով բացահայտել սփյուռքի հայաշատ բնակավայրերում ձևավորված ազգային ավանդույթների և տոնակատարությունների առանձնահատկությունները:
 
 Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, Սփյուռքում և Հայաստանում շնորհալի մանուկների հայտնաբերմանը: Մրցույթ-փառատոնն ավանդաբար անցկացվում է երկու փուլով: Ցուցահանդեսի բացումը նշանավորում է առաջին փուլի  ավարտը և երկրորդ փուլի սկիզբը, որն ամփոփելուց հետո կհայտարարվեն վերջնական հաղթողները:
 
2017թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրան, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա) 15 երկրների 145 հաստատության շուրջ 1320 աշխատանք: Ներկայացված աշխատանքներից ցուցահանդեսի համար ընտրվել է 190 ստեղծագործություն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից