Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում

17-10-2017 16:30:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Քավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, վստահեցրել է, որ նրանց ուղղված շնորհակալական խոսքերը լսելի են բոլորին, որովհետեւ բարերարների կողմից իրականացվող «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը հաջողություններ է արձանագրել:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվող Քավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ ապահովելով սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց հատուկ լսողական սարքերով:
Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով գործ ունենք մարդկային հոգու գեղեցկության, օգնելու եւ աջակցելու անշահախնդիր ցանկության հետ, որոնք գոյություն ունեն «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր նախագահ Բիլ Ասթնի եւ Քավուկջյան ընտանիքի ներաշխարհում:
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով բարերարներին մարդասիրական գործունեության համար, նշել է, որ հնչեցնում է ոչ միայն ծրագրի շահառուների, այլեւ նրանց ընտանիքների ու հարազատների երախտիքի խոսքը:
Պարգեւատրման արարողությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հոկտեմբերի 15-17-ն անցկացվում է «Սթարկի»-ի բարեգործական առաքելությունը: Խորհրդարանի նախագահը շրջել է սրահում, զրուցել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից