Հայկական կողմը 1 քայլ է հետ արել, Ադրբեջանը՝ 1.5. Ս. Սաֆարյանը՝ նախագահների հանդիպման մասին

17-10-2017 17:17:24   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, Tert.am-ի հետ զրույցում վերլուծելով երեկ Ժնևում Ալիև-Սարգսյան հանդիպմանը, հարցին, թե ինչ կարող էր քննարկվել, ասաց, որ քննարկումը եղել որպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի «միքս» և ձեռք է բերվել խոշոր պայմանավորվածություն՝ դրանք հավասարապես առաջ տանելու: Ըստ նրա՝ 2 կողմերն էլ հրաժարվել են իրենց նախկին կարծր դիրքորոշումներից, բայց Ալիևը ավելի շատ, որովհետև, եթե հայկական կողմի դիրքորոշումներում 1 քայլ է հետքայլ արվել, ապա ադրբեջանականում՝ 1.5:  «Որովհետև Ալիևը ավելի մեծ զիջումների է գնացել՝ հրաժարվել նախկին 2 պահանջներից էլ՝ «դեօկուպացիա», անհապաղ առարկայական բանակցությունների վերսկսում»,-ասաց նա: Իսկ Արցախն էլ, ըստ քաղաքագետի նշում է, որ իրավիճակ է փոխվել:

-Արդեն իսկ կարծիք է հնչել, որ Ժնևում քննարկվել են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները և շփման գծին առնչվող հարցերը, այսինքն՝ Ալիևի նշած «նախապայմանները» և անգամ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նաև որովհետև այլ հարցեր չկային էլ քննարկելու:

-Ես այսպես կասեմ՝ եթե Վիեննայի որոշումներին փոխարինող, համարժեք որոշումներ շատ կոնկրետ գործողությունների մասին, շատ կոնկրետ գործիքակազմի մասին, որը կնվազեցնի լարվածությունը, չկան, ապա պնդում եմ, որ դրանք Վիեննայից մի քայլ հետ են: Որովհետև Վիեննայում կար լարվածությունը նվազեցնելու ռազմավարական նպատակը, և կար այդ նպատակին հասնելու առնվազն և առայժմ 2 գործիք՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդում, մոնիտորինգի կարողությունների ընդլայնում և հետաքննության մեխանիզմ: Այժմ միայն ակնարկվում է, որ կա ռազմավարական նպատակ՝ լարվածության նվազեցման ցանկությունը: Բայց չեն հրապարակվում նոր որոշումները, թե ինչ հասկանալ դրա տակ: Քանի դեռ սրանք չկան, ես համարում եմ, որ հետքայլ է:

-Ի՞նչ հարց ունեին քննարկելու Ալիևն ու Սարգսյանը, ինչի՞ մասին կարող էին խոսել կողմերի հայտնի դիրքորոշումների առկայության պայմաններում. հայկական կողմի, որ Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն և ալիևյան մաքսիմալիստական՝ վերադարձնել ամբողջը: 

-Այսպես ասեմ, որ հանդիպումը պատկերացնում եմ որպես «միքս» երկու հոսանքների՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Ռուսաստանը սանկտպետերբուրգյան օրակարգի կողմնակիցն է, որի առաջին սկզբունքը ոչ թե հետաքննության մեխանիզմներն են, այլ, այսպես ասած՝ առարկայական բանակցությունները: Իսկ երկրորդ հոսանքը տարածաշրջանում լարվածության նվազեցումն է, վստահության միջոցների ամրապնդումը, որն էլ թույլ կտա վստահության մթնոլորտ ստեղծել: Սա էլ արևմտյան համանախագահների օրակարգի առաջին հարցն է, և, բարեբախտաբար, համընկնում է հայկական կողմի շահագրգռվածությունների հետ: Ես պատկերացնում եմ, որ քննարկումը եղել է այդ երկուսի շուրջ, եթե անգամ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերի բախում ուղղակիորեն չի եղել, մենք տեսնում ենք 2 պրոցեսի կապ՝ լարվածության նվազեցում, որը «Վիեննան է» և բանակցությունների վերաակտիվացում, որը «Սանկտ Պետերբուրգն է»:

Եվ այս կտրվածքով կա երկու պայմանականություն, որովհետև, հասկանալիորեն, հայկական կողմը չի համաձայնի բանակցել պատերազմի ռիսկերի պայմաններում, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղի բացակայության օրոք, և, առավել ևս, եթե Ադրբեջանը չի համաձայնում համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական որոշմանը: Հետևաբար, մնում է ուղղակի պատկերացնել, որ կարողացել են այս պահի դրությամբ ընդամենը ձեռք բերել պայմանավորվածություններ՝ բանակցությունների վերսկսման, հանդիպումների հաճախակիացման վերաբերյալ: Ես չեմ կարծում, որ այս պայմաններում դետալների շուրջ առարկայական քննարկում կարող է ծավալվել, եթե, իհարկե, հայկական կողմը չընկնի որևէ այլ արտաքին ճնշման տակ:

-Այսուամենայնիվ, մոտավոր հարցերի շրջանակ՝ այդ «միքս»-ից:

-Դա տեսանելի չէ: Հենց դրա համար, որ կան նպատակները, որոնք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դրված էին. ամերիկյան ու ֆրանսիական համանախագահության դեպքում դա պատերազմի բացառումն էր, ռուսական կոնցեպտի շրջանակներում՝ հակամարտության կիսատ-պռատ լուծումը: Եվ այս վերջին հայտարարության մեջ, կրկնում եմ, տեսնում եմ, դրանց թույլ արտացոլանքը և նաև դրանց միջև կապը, որովհետև դրանցից մեկը առանց մյուս կոմպոնենտի չի աշխատելու։ Ադրբեջանը երբեք չի համաձայնելու, որ հրադադարի ռեժիմի խախտումները բացառող մեխանիզմներ ներդրվեն և ամրագրվի ստատուս քվոն. այդպիսի դիտավորությամբ էլ դեմ են արտահայտվում Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը, որովհետև գտնում էին, որ դրանով պահպանվում է այն ստատուս քվոն, որը պետք է փոխվի: Հետևաբար, եթե չլինի բանակցությունների ակտիվացում, Ադրբեջանը չի համաձայնելու ինստիտուցիոնալացնել ներկայիս խաղաղությունը: Եվ ճիշտ հակառակը՝ եթե չլինի այս մեխանիզմների ինստիտուցիոնալիզացում, հայկական կողմը չի համաձայնելու բանակցել պատերազմի ռիսկի ներքո: Հետևաբար, այս երկուսի փոխկապակցվածությունն ազդելու է հետագա պրոցեսի վրա: Ես կարծում եմ՝ առայժմ ընդամենը խոշոր սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կապել այս երկու պրոցեսը:

-Հետևաբար, բանակցությունների «ռեստարտի» մասին այս պահին հնարավոր չէ խոսել:

-Իրականում «ռեստարտ» կա, բայց անցած տարվա ընթացքում, հիշում եք, Ալիևն ասում էր՝ քանի դեռ «դեօկուպացիան» տեղի չի ունեցել, չեմ մասնակցի։ Հետո ասում էր՝ քանի դեռ Հայաստանը համաձայն չէ առարկայական բանակցությունների, որին ես պատրաստ եմ, ես չեմ պատրաստվում նվազեցնել պատերազմի սպառնալիքը։ Հայկական կողմն անցած մեկ տարվա ընթացքում ասում էր, որ քանի դեռ Ալիևը չի հրաժարվել պատերազմի գործիքից և կյանքի չեն կոչվել Վիեննայի պայմանավորվածությունները, բանակցությունները չեն կարող վերսկսվել: Հիմա այս երկու հակադիր նախապայմանները, կրկնում եմ՝ փոխկապակցված են և սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ այս երկուսը հավասարապես պետք է առաջ գնան: Հիմա սա կարելի՞ է «ռեստարտ» համարել, թե ինչ, բայց ասացի՝ ինչի մասին է խոսքը: Եվ մեկի չկատարելը, բերելու է մյուսի խախտման:

-Վերջին 2 օրերին, Ժնևի նախաշեմին 2 անգամ հնչեցին Բակո Սահակյանի ուղերձները: Մասնավորապես, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներ գոյություն չունեն, դրանք Արցախ են և վերջ, և նաև, որ Արցախը շատ սկզբունքային է բանակցային սեղանին իր նախկին ֆորմատին վերադառնալու հարցում:

-Ես կարծում եմ, որ սրա պատճառն այն է, որ կողմերը՝ հայկական ու ադրբեջանական, նահանջել են իրենց նախկին կարծր դիրքորոշումներից, որը, իհարկե, չի կարող դուր գալ Ղարաբաղին: Եվ, համենայնդեպս, որպես խաղից դուրս հայտնված սուբյեկտ, Ղարաբաղը փորձում է առայժմ ամրագրել իր դիրքորոշումն ու վերաբերմունքը պրոցեսի նկատմամբ: Քանի որ բանակցությունների վերակտիվացման պրոցես կա, ինքը հասկացնում է, որ «ես տարածքային զիջում չունեմ» կոնցեպցիան փոխվել է՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, և Արցախը մեկ ամբողջականություն է։ Չկա նախկին՝ «ԼՂԻՄ և հարակից տարածքներ» դրույթը, որն Ալիևն օգտագործում էր պատերազմի վերսկսման նպատակով: Եվ այս առումով հասկացնում է, որ վերջ՝ կոնցեպցիան փոխվում է: Եվ դրա համար, նախ ինքը պետք է մասնակցի բանակցություններին և երկրորդը՝ բանակցային հիմքը պետք է բացարձակապես փոխվի: Սա մի տեսակ վերախմբագրում է մադրիդյան առաջարկների բառաֆոնդը և դառնում է Արցախի պաշտոնական տեսակետ:

-Իրո՞ք Ալիևի համար այլևս անընդունելի է Մինսկի խմբի ձևաչափը, և հիմա նրա բոլոր ջանքերն ուղղված են լինելու ԵՄ պետություններին: Մասնավորապես, կա կարծիք, որ Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին հասնել նրան, որ ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

-Արդեն ասացի, որ 2 կողմն էլ հրաժարվել է նախկին կարծր դիրքորոշումներից. Ալիևը՝ ավելի շատ, որովհետև, եթե հայկական կողմի դիրքորոշումներում 1 քայլ է հետքայլ արվել, ապա ադրբեջանականում՝ 1.5, որովհետև այս պրոցեսում Ալիևը ավելի մեծ զիջումների է գնացել՝ հրաժարվել նախկին 2 պահանջներից էլ՝ «դեօկուպացիա», անհապաղ առարկայական բանակցությունների վերսկսում: Բայց, իհարկե, Ալիևը փորձելու է ստանալ բանակցությունների գործընթացի վերսկսման երաշխիքներ, որ անգլերեն ասած՝ framing անի՝ շրջանակի Բակո Սահակյանի ասածը, որ վկայակոչեցիք: Նա ասում է, որ այլևս չկա օկուպացված տարածք, և Ալիևն էլ փորձելու է հասնել նրան, որ մյուս հակամարտությունների նման, որտեղ Եվրամիությունը բացասական դիրքորոշում ունի՝ Մերձդնեստր, Հարավային Օսիա և Ղրիմ, սա անի նաև Հայաստանի պարագայում: Ալիևը փորձելու է սրան հասնել, բայց Ալիևի համար լավագույն ժամանակները չեն՝ հաշվի առնելով եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի ղեկավարության ճգնաժամային հարաբերությունները: Նկատի ունենանք, որ Ալիևը նախկինում ևս նման փորձեր արել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովների ժամանակ, որոնք ավարտվել են շատ տխուր վերջաբանով. եթե հիշում եք՝ նախորդ գագաթնաժողովին անգամ լքեց դահլիճը՝ երբ իրեն ցանկալի հայտարարություն չեղավ: Նախ, որովհետև ԱլԳ-ն արցախյան հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը չի փոխում ու չի փոխելու (որ սա ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում պետք է քննարկվի ), և երկրորդ՝ իր ու ԵՄ կառույցների լարված հարաբերությունները թույլ չեն տալու, անկասկած, հասնել նրան, ինչին ձգտում է, որովհետև, նախ դրանով կասկածի տակ կդնեն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Երկրորդը, ըստ իս, Ադրբեջանի դեպքում էլ կարտագրեն այն շաբլոն ձևակերպումը, որը կա ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Ուղղակի հիշատակելով ՄԽ շրջանակներում որդեգրված 3 սկզբունքները: Սա կլինի առավելագույնը, որ կտան Ադրբեջանին: Ցավում եմ, բայց եթե հայկական կողմը մի քիչ ավելի ակտիվ լիներ, շատ ավելին կարող էր ստանալ:

 

 

 

 

 
 
 
 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից