«Սարգսյան-Ալիև հանդիպումը ժամանակավոր արդյունք է ունենալու». Ռար

17-10-2017 18:33:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Առանց օրակարգի քաղաքական բանակցությունները դատապարտված են տապալման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպման արդյունքներին և հնարավոր ազդեցությանը:
 


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում նախօրեին կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նաև նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
 
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
 
Ալեքսանդր Ռարի դիտարկմամբ՝ դեռևս շրջանառության մեջ հայտնված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ հանդիպումը լուրջ օրակարգ չի ունեցել, քանի որ հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահը խոսում էր այլ օրակարգի մասին, իսկ ՀՀ նախագահը` մեկ այլ, ինչը նշանակում է, որ հանդիպման օրակարգը ՄԽ համանախագահները չէին համաձայնեցրել, ամենայն հավանականությամբ՝ լուրջ տարաձայնությունների պատճառով: Այսինքն, Ռարի կարծիքով՝ սա հանդիպում էր, որպեսզի բանակցային գործընթացում պարզապես երկար դադար տեղի չունենա, քանի որ դրա արդյունքում իրավիճակը շփման գծում կարող է կտրուկ վատթարանալ, ինչի ականատեսը մենք եղել ենք բազմիցս:
 
«ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ արտացոլված էր հանդիպման արդյունքը՝ սահմանին իրավիճակի մեղմացում: Համոզված եմ, որ հանդիպումը թույլ չի տա, որպեսզի իրավիճակը բռնկվի, բայց սա ժամանակավոր արդյունք է լինելու»,- նման համոզմունք հայտնեց գերմանացի քաղաքագետը: Ուստի, նրա համոզմամբ, համանախագահները պետք է քայլեր ձեռնարկեն հաջորդ հանդիպումը կազմակերպելու և որոշ հարցեր համաձայնեցնելու ուղղությամբ. այդ հարցերը կարող են վերաբերել հենց օրակարգին, և ոչ՝ բուն կարգավորմանը, քանի որ նախագահներն այսօր կարգավորման մասին նույնիսկ չեն խոսում կամ այն չափազանց բարդ են պատկերացնում:
 
Ըստ գերմանացի քաղաքագետի, օրակարգ կարող են վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք տապալվեցին Ադրբեջանի պատճառով, սակայն որոնց շուրջ համաձայնություն կար Ռուսաստանի, Արևմուտքի և Հայաստանի միջև, ինչն էական հանգամանք է Ղարաբաղյան բանակցությունների համար:
 
Ալեքսանդր Ռարը չի բացառում, որ համանախագահները կարողանան ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նկատմամբ՝ այս պայմանավորվածությունները կրկին օրակարգ բերելու նպատակով, քանի որ սա կապահովի այս բանակցությունների գլխավոր նպատակը խաղաղությունը սահմանին և հետագա բանակցությունները կարգավորելու ուղղությամբ: «Շեշտեմ, որ առանց օրակարգի քաղաքական բանակցությունները վաղ թե ուշ դադարելու են, և մենք ստիպված ենք լինելու մեկնաբանել տեղեկությունները շփման գծում իրավիճակի սրման մասին: Համանախագահների գերխնդիրն այսօր հստակ օրակարգ ձևավորելն է»,- ասաց Ռարը:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից