Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալի հետ

18-10-2017 12:37:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
 
Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա կառուցողական համագործակցության եւ արդյունավետ հանդիպումների վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը եւ ներկայացնում արցախահայության խնդիրները:
«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Պարոն Շարմազանովի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:
Վահրամ Բալայանն իր հերթին ընդգծել է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Պարոն Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են Հայաստանի պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից