Նախարարության աջակցությամբ տեղի կունենա կրթական գործիքների առաջին տոնավաճառը

18-10-2017 14:09:32   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre» և «SALTO EECA» միջազգային կազմակերպությունների աջակցությամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացնելու է կրթական գործիքների ազգային տոնավաճառ: 
 


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նշել է. «Սա եզակի միջոցառումներից է, որն անխոս կունենա դրական արդյունքներ երիտասարդական աշխատանքում և մեր նախարարությունը պատրաստակամ է կազմակերպիչների հետ համագործակցել այն իրականացնելու համար»:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը մի շարք մանրամասներ է ներկայացրել կայանալիք տոնավաճառի մասին: «Այն հարթակ է, որտեղ երիտասարդների հետ կամ նրանց համար աշխատող մասնակիցները կկարողանան շփվել, փոխանակվել ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով, փորձարկել, վերլուծել և ոգեշնչվել նոր մեթոդների ստեղծման համար»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է http://educationaltoolsportal.eu/ պորտալը:
Նշենք, որ տոնավաճառը բաղկացած է լինելու զուգահեռ աշխատարաններից՝ երիտասարդական աշխատանք, ոչ ֆորմալ կրթության և կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներ, ինչպես նաև գործիքների տոնավաճառ: Նմանօրինակ նախաձեռնություններ արդեն կազմակերպվել են Թունիսում, Թուրքիայում, Իտալիայում, Լիբանանում, Մալթայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Կոսովոյում և Վրաստանում:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից