Մալայզիան վերսկսում է 2014 թվականին անհետացած Boeing-ի որոնումները

19-10-2017 16:18:58   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Մալայզիայի իշխանությունները համաձայնել են վերսկսել 2014 թվականի մարտին անհետացած MH370 օդանավի որոնումները, որոնք կիրականացնի ամերիկյան ընկերությունը: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:
 


tert.am. Հայտնի է, որ հունվարի կեսին պաշտոնապես դադարեցվել են Boeing MH370 օդանավի որոնումները: Ավելի ուշ Մալայզիայի իշխանությունները թույլ են տվել անհատներին և կազմակերպություններին որոնել բեկորները:
 
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով անհետացած օդանավի ուղևորների բարեկամներին Մալայզիայի իշխանությունների ուղարկած ծանուցմանը, Չինաստանի և Ավստրալիայի իշխանությունները և որոնողական խումբը գնահատել են մի քանի ընկերությունների առաջարկություններ:
 
«Մալայզիայի կառավարությունն Ocean Infinity ընկերության հետ համագործակցության պայմանները քննարկելու թույլտվություն է տվել որոնողական խմբին»,- մեջբերում է հեռուստաալիքը ծանուցումը:
 
Նշվում է, որ կառավարությունը խոստանում է որոնումների վերսկսման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անել բոլոր բարեկամներին տեղեկացնելուց հետո:
 
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ տեղափոխող Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 օդանավը, որն իրականացնելիս է եղել Կուալա Լումպուրից Պեկին չվերթը, կորել է ռադարների էկրաններից:
 
Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Որոնողական գործողության արդյունքում չի հաջողվել պարզել ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու վայրը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից