Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը

20-10-2017 23:34:55   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
Անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ընտանիքաքանդ օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են:
Այդ խայտառակ ու հակասահմանադրական նախագիծը, որն իրավական առումով ուղղակի խոտան է, օրենքի վերածվելու պարագայում էապես ավելացնելու է ամուսնալուծությունների թիվը, նվազեցնելու է ամուսնությունների ու, բնականաբար, մանկածնության թիվը, քանդելու է հասարակության բնական և հիմնական բջիջը հանդիսացող բազմահազար ընտանիքներ, կարճ ասած, ունենալու է հրեշավոր հետևանքներ, որոնք սպառնալիք են նաև մեր ազգային անվտանգության հանդեպ:
Հիշյալ օրենքի ընդունման ակտիվ ջատագովներից է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար, «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ահա օրերս 1in.am կայքին տված նրա հարցազրույցից, ինչպես նաև «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նրա խոսքից երկու համառոտ մեջբերում. «Օրենքը չընդունելու հետ կապված որևէ դեմ արտահայտվող կարծիք ինձ համար ընկալելի չէ և առհասարակ արգումենտացիա չկա այդտեղ», «Օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե անգամ այն փրկելու է մեկ կնոջ կյանք, իսկ մենք գիտենք, որ դեպքերը շատ են…»:
Մի կողմ թողնենք պատգամավորի լեզվի սայթաքումը, այսինքն` այն, որ «Օրենքը ընդունելու» բառերի փոխարեն, «Օրենքը չընդունելու» ասելով ու հավելելով, որ դրա հետ կապված որևէ դեմ արտահայտվող կարծիք իր համար ընկալելի չէ, ինքն էլ հայտնվեց տվյալ օրենքի ընդունումը մերժողների, օրենքը չընդունելու տեսակետն արտահայտողների շարքում: Մենք գիտենք, թե նա իրականում որ շարքում է: Ինչ վերաբերվում է «դեմ» կարծիքների ընկալելի լինել-չլինելուն, ապա այս կամ այն կարծիքի ընկալելի լինել-չլինելը տվյալ անձի գիտակցության մակարդակից է կախված, և այս առումով խնդիր չենք տեսնում: Շատ ուրիշների համար այդ կարծիքներն և՛ ընկալելի են, և՛ ընդունելի:
Խնդիր կա, սակայն, Թանդիլյանի խոսքի 2-րդ բաղադրիչի առումով, թե «Օրենքը չընդունելու հետ կապված… առհասարակ արգումենտացիա չկա»: Սա նշանակում է, որ պատգամավորը հարցազրույց տալուց առաջ կամ տեղյակ չէր օրենքը չընդունելու հետ կապված և ասպարեզում առկա փաստարկներին, կամ իրականությունը կեղծելով, փորձում է մոլորեցնել հասարակական կարծիքը: Կան փաստարկներ, և դրանցից մեկն այն է, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ չէ, քանի որ առկա խնդիրը հնարավոր է լուծել Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում, Ընտանեկան օրենսգրքում, «Ոստիկանության մասին», «Երեխայի պաշտպանության մասին» օրենքներում, իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելով: Որևէ մեկը կարո՞ղ է փաստարկված հերքել, որ վերոնշյալն անհնար է…
Օրենքի ընդունումն անրաժեշտ չի համարվում նաև այն առումով, որ դրա ընդունման հասարակական պահանջը չկա, այն արհեստածին է: Ինչո՞ւ է պատգամավորն ասում, որ «Օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե անգամ այն փրկելու է մեկ կնոջ կյանք»: Ի՞նչ է` մեր ընտանիքներում բռնարարները միայն տղամարդի՞կ են, զոհերը կամ տուժածները` միայն կանա՞յք…
Այո, մեկ մարդու կյանքը փրկելն էլ կարևոր է, բայց 1 մարդու կամ տարվա ընթացքում, ըստ 2015թ. պաշտոնական վիճակագրության, 6 մարդու կյանք փրկելու համար առանձին օրե՞նք են ընդունում… Այո, բռնությունը անընդունելի, դատապարտելի արարք է, սակայն այդ դեպքում եկեք համանման օրենքներ ընդունենք նաև տրանսպորտում, դպրոցում, բուհում, աշխատավայրում և այլուր բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին: Կընդունե՞նք… Իհարկե՛ ոչ:
Եվ ամենակարևորը` օրենքի գոյությունն անհրաժեշտ չէ, որովհետև այն թեկուզ մեկ հոգու կյանք չի կարող փրկել ու չի փրկելու: Ի՞նչ է` զայրույթի պահին կամ կանխամտածված կերպով, ասենք, կնոջը սպանող ամուսինը կամ ամուսնուն սպանող կինն իրենց այդ քայլից առաջ բացելու, կարդալո՞ւ են հիշյալ օրենքը և իրենց այդ մտադրությունից հե՞տ են կանգնելու… Կամ` մեր հասարակությունը, չնչին բացառությունը չհաշված, ընդհանրապես կարդալո՞ւ է այդ օրենքը, որ հետո գոնե հիշի (եթե, իհարկե, հիշի), թե դրանում ինչ էր գրված:
Եթե նույնիսկ բոլորն էլ կարդան և մինչև իրենց կյանքի վերջը հիշեն օրենքում գրվածը, դրանում այդ ի՞նչ է գրված, որ անձին հետ կպահի կամ կարող է հետ պահել իր ընտանիքի այս կամ այն անդամին սպանելու քայլից ու կփրկի նրա կյանքը, եթե իր ընտանիքի անդամի վրա ձեռք բարձրացնող այդ անձի մոտ առաջացել է տվյալ մտադրությունը: Բացարձակապես ոչինչ գրված չէ ու չէր էլ կարող գրված լինել: Իր կնոջը սպանող ամուսնուն կամ ամուսնուն սպանող կնոջը նույնիսկ ցմահ բանտարկություն նախատեսող Քրեական օրենսգիրքը չի կանգնեցնում:
Ինչ վերաբերվում է օրենքի նախագծով նախատեսված անհապաղ միջամտության որոշմանը, ապա մեկ այլ առիթով կհիմնավորենք, որ այն հակառակը` շատ դեպքերում խթանելու է ընտանիքներում վեճն ու կռիվը, բռնությունները, տեղիք է տալու վրեժխնդրության, ամուսնալուծությունների, ավելին` հենց անհապաղ միջամտության որոշումը (անձին իր իսկ տնից, ընտանիքից մինչև 20 օրով անհապաղ արտաքսելու և նույնիսկ 100 մետրից ավելի մոտ չթողնելու) կարող է հանգեցնել բազմաթիվ սպանությունների, այդ թվում նաև` ոստիկանների:
«Այն մասին, որ սրա արդյունքում մեզնից տանելու են մեր երեխաներին, ընդհանրապես, նման տողեր այստեղ չկան, և որևէ մեկը, որ նմանատիպ հռետորաբանություն է օգտագործում, ես հասկանում եմ, որ ոչ միայն օրենքին չի ծանոթացել, այլև ցանկություն չունի, որ ընտանիքներում այդ երևույթը վերացվի,- հիշյալ կայքին տված հարցազրույցում ասել է Մանե Թանդիլյանը:- Այդ առումով ես համարում եմ, որ սա հեղաշրջող դեր կարող է խաղալ մեր հասարակության առողջացման գործում»:
Հիշյալ օրենքի ընդունումը ոչ թե հեղաշրջող դեր կարող է խաղալ, այլ հաստատապես հեղաշրջող դեր կունենա, սակայն ոչ թե հասարակության առողջացման գործում, այլ մեր ընտանիքները քանդելու, հասարակությունն ու պետությունը ներսից պայթեցնելու: Սրանում թող որևէ մեկը մազաչափ կասկած չունենա:
Այո, օրենքի նախագծում չկան տողեր, որ օրենքի ընդունման արդյունքում մեզանից պարտադիր տանելու են մեր երեխաներին, և մինչև հիմա չենք էլ լսել, թե որևէ մեկը նման բան ասած լինի: Սակայն, նախագծի` օրենքի վերածվելու պարագայում, նախագծի 4, 8, 12, 17-րդ հոդվածների հիման վրա, ոստիկանության հատուկ ծառայողը կամ աջակցության կենտրոնի աշխատողը ոստիկանի միջոցով երեխային ուժով խլելու են ընտանիքից, եթե երեխան զանգահարել է աջակցության կենտրոնի հեռախոսահամարին, տուն են եկել աջակցության կենտրոնի աշխատողն ու ոստիկանը, ինքը համաձայնել է ապաստարան տեղափոխվել, իսկ ծնողները դրան դեմ են ու ֆիզիկապես թույլ չեն տալիս: Ընդգծում ենք` օրենքի ընդունման դեպքում առաջանում է դրա լայն հնարավորությունը:
Ընդ որում, երեխան կարող է աջակցության կենտրոնի հեռախոսահամարին կամ ոստիկանություն զանգահարել ու դրանից հետո, ապաստարան տեղափոխվելու երեխայի համաձայնության դեպքում, վերոնշյալն է տեղի ունենալու նույնիսկ այն դեպքերում (օրենքի նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներ), եթե ինչ-որ շատ վատ արարք թույլ տված կամ դրա կատարմանը պատրաստվող ձեր երեխային, ասենք, իր իսկ դաստիարակության շահերից ելնելով, կյանքում 2-րդ անգամ ապտակել եք կամ ականջը ձգել, կամ գոռացել նրա վրա, կամ սպառնացել եք, օրինակ, գլուխը ջարդելով, վիզը կտրելով կամ տանից դուրս շպրտելով (իհարկե, իրականում բնավ չունենալով դրա մտադրությունը), կամ արգելել եք սպիտակ հացով սնվել, զրկել եք դրանից, քանի որ նա շաքարային դիաբետով է տառապում, կամ արգելել եք սոցիալական ցանցերից օգտվել, քանի որ նրա ընկեր-ընկերուհիների մեջ ճանաչում եք ձեր երեխայի դաստիարակության վրա վատ ազդեցություն ունեցող ինչ-որ մեկին, կամ արգել եք պարզապես նրա համար, որ սոցիալական ցանցերից տևականորեն օգտվելը վնաս է պատճառում ձեր երեխայի առողջությանը կամ ուսման գործընթացին:
Վերոնշյալների պես բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որոնց առկայության դեպքում երեխային կարող են խլել ընտանիքից կամ մարդը կարող է հայտնվել հիշյալ օրենքի պատժիչ տիրույթում:
Ինչ վերաբերվում է նրան, որ օրենքի ընդունմանը դեմ հանդես եկող անձանց թվում կան մարդիկ, որոնք ցանկություն չունեն, որ ընտանիքներում այդ (բռնության) երևույթը վերացվի, ապա դա, լավագույն դեպքում, Մանե Թանդիլյանի երևակայության արդյունքն է, քանի որ զուրկ է որևէ փաստարկից:
Իրականությունից և որևէ փաստարկից զուրկ է նաև հիշյալ հարցազրույցում նրա հետևյալ եզրահանգումը. «Ինչ վերաբերվում է դեմ արտահայտվողներին, երբ որ մի փոքր հետևում ես, թե ովքեր են նրանք, հետևելով այն մարդկանց պատմությանը, թե ով և ինչի մասին են խոսում, ակնհայտ է ռուսական ազդեցությունը, ռուսական այդ ֆոբիաների ազդեցությունն այդ մարդկանց հռետորաբանության մեջ»:
Եթե պատգամավորի ասածի մեջ նույնիսկ մասնակի ճշմարտություն կա, ապա նա իրավունք չունի ընդհանրացնել և օրենքի նախագծի բոլոր դեմ արտահայտվողների հռետորաբանությանը վերագրել ռուսական ազդեցություն, ռուսական ֆոբիաների ազդեցություն: Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք ասել, որ նրա հռետորաբանության մեջ առկա է ԱՄՆ-ի կամ գուցե նույնիսկ ԿՀՎ-ի, «Մոսադի» ազդեցությունը:
Մանե Թանդիլյանի խոսքերով, ընտանեկան բռնությունը հասարակության մեջ չարիք է, որը տալիս է իր հետևանքները` ագրեսիվ հասարակություն, անհանդուրժողականություն: Ուշադրություն դարձրեք` ոչ մի խոսք այն մասին, որ հեռուստատեսությամբ և այլ միջոցներով իրականացվող բռնության քարոզչությունը, մանկապարտեզներում ու դպրոցներում վատ դաստիարակությունը, ընտանիքների մեծամասնությունում և դպրոցներում քրիստոնեական դաստիարակության բացակայությունը, որը տոգորված է խոնարհության ու սիրո ոգով, մեր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վատ վիճակը, մեծամասնության աղքատությունն և ընչազրկությունը, պետական և մասնավոր համակարգերում գրեթե ամենուր առկա անարդարությունը, տարբեր պատճառներով ամենօրյա սթրեսները, ահա, հիմնականում հե՛նց սրանք են, որ հանգեցնում են իր ասած հետևանքներին` ագրեսիվ հասարակություն, անհանդուրժողականություն: Հիմնականում հենց այս պատճառներն են նաև (անձի բնավորության, բնույթի` նաև գենետիկ հատկանիշներով պայմանավորված լինելուց բացի), որ հանգեցնում են ընտանեկան բռնության: Այսինքն` ընտանեկան բռնությունն, իր հերթին, բազմաթիվ պատճառներից ընդամենը մեկը լինելով ագրեսիվ հասարակության, անհանդուրժողականության, ինքը հետևանք է վերը նշված պատճառների, գործոնների:
«Մենք պետք է հասկանանք, որ ընտանիքը միայն ձեր նեղ անձնական տեղը չէ, սա պետության մի միավոր է, բջիջ է, որտեղ պետությունը ևս պատասխանատվություն ունի կանխարգելելու բռնությունը և թույլ չտալու, որ որևէ պարագայում, որևէ միջավայրում դրա համար նպաստավոր պայմաններ լինեն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Մանե Թանդիլյանը:
Ահա՜ թե ինչ… Ուշադրություն դարձրեք արևմտամետ պատգամավորի ասածին` «ընտանիքը միայն ձեր նեղ անձնական տեղը չէ»: Բա էլ ո՞ւմ տեղն է, ոստիկանությա՞ն, Արևմուտքի փողերով այստեղ գործող, այդ թվում նաև միասեռականության և այլասերվածության այլ դրսևորումների քարոզչությամբ, միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրանտակեր հասարակական կազմակերպությունների՞, հիշյալ օրենքի նախագծով նախատեսված և օրենքի ընդունման դեպքում ստեղծվելիք աջակցության կենտրոնների ու նրանց աշխատողների՞…
Չարաչար սխալվում են պատգամավորը, այսօրվա ասուլիսի բանախոսներից փաստաբան Հայկ Եգանյանը և բոլոր նրանք, ովքեր իրենց պես են մտածում: Ընտանիքը յուրաքանչյուր հայ տղամարդու, հայ մարդու սրբությունն է, նրա անառիկ ամրոցը, և եթե օրենքի ընդունման դեպքում և օրենքի ուժով որևէ ոստիկան, աջակցության կենտրոնի աշխատող կամ մեկ ուրիշը համարձակվի, անգամ փորձի ձեռք բարձրացնել նրա սրբության վրա, իր քիթը խոթի հայի ընտանիք, խցկվի տղամարդու ու նրա կնոջ մատի ու մատանու արանքը, ապա թող այդ դեպքում պատրաստ լինի, որ այդ ընտանիքի ղեկավարը կամ անդամներից որևէ մեկն իրեն շանսատակ է անելու:
Ի դեպ, Մանե Թանդիլյանը գյուտ է անում, թե «ընտանիքը պետության մի միավոր է»: Իրականում ընտանիքը ոչ թե պետության, այլ հասարակության միավոր է, ավելի ճիշտ, հասարակության բնական և հիմնական բջիջը: Հարկ է, որ պատգամավորի պաշտոնը զբաղեցնողն իմանար հասարակության և պետության տարբերությունը: Ինչ վերաբերվում է ընտանիքում բռնությունը կանխարգելելու պետության պատասխանատվությանը, ապա, կրկնում ենք, որ հիշյալ օրենքի նախագծով պետության այդ պատասխանատվությունը կամ կանխարգելելու գործառույթը որևէ կերպ արտահայտված չէ, այն, ինչ կա այդ փաստաթղթում, հետևանքների դեմ է ուղղված, մասամբ էլ հետևանքների հետ է կապված, ինչպես, օրինակ, բռնությունից հետո բռնության ենթարկված և ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջև հաշտարարության իրականացումը (12-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ), ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձին հոգեբանական խորհրդատվությամբ ապահովելը (12-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
Լսելով օրենքի նախագծի վերաբերյալ և օրենքի ընդունման անհրաժեշտության առնչությամբ Մանե Թանդիլյանի հրապարակային խոսքը, այն տպավորությունը ստացանք, որ պատգամավորը կամ լավ չի կարդացել օրենքի նախագիծը, կամ լավ չի հասկացել, կամ էլ գրեթե ամեն կերպ օրենքի ընդունմանը հասնելու նպատակով, միտումնավոր զբաղված է հասարակական կարծիքի մանիպուլացմամբ և ապակողմնորոշմամբ: Նա առ այս պահն այդպես էլ չի վկայակոչել օրենքի նախագծի այն դրույթը, որ ծառայում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Իրոք անհրաժեշտ կանխարգելման գաղափարը օրենքի նախագծի միայն ձևական բնույթ ունեցող անվանմամբ է արտահայտված, իսկ փաստաթղթի բովանդակության մեջ բացակայում է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենք թեմայով կարդացեք նաեւ.

21-11-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե…18-11-2017 Հայաստանի որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա, էգը` էգի, և ուրիշի երեխային որդեգրելով, իրենց երեխան հայտարարեն (տեսանյութ)10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 08-11-2017 Հայոց ինքնությունն ու գոյությունը՝ լրջագույն վտանգի տակ (տեսանյութ)07-11-2017 Ական են ուզում դնել հայոց ընտանիքների տակ. ոտքի ելեք, բոլորիս է վերաբերվում04-11-2017 Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)03-11-2017 ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ին պարտադրվում է փաթեթով և նպատակ ունի փոխել հայ ընտանիքի մոդելը. Հայկ Նահապետյան02-11-2017 «Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»02-11-2017 Հակաաստվածային - քաղաքական մի հանցախումբ կա, որի ղեկավարների հայրը մեր Հայր Աստվածը չէ, այլ նրա ոխերիմ հակառակորդը` Սատանան` հայտնի նաև օձ, առաջին օձ, վիշապ անվանումներով01-11-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք 01-11-2017 Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞. Է. Շարմազանով31-10-2017 Զգուշացում հարվածից առաջ. Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է27-10-2017 ՍԻՄ կուսակցությունը դեմ է ընտանիքի դեմ ուղղված օրինագծին27-10-2017 Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ27-10-2017 Եվրոչինովնիկները 12 միլիոն եվրո կաշառքի դիմաց Հայաստանից պահանջում են մահացու թույնով լի երեք բաժակ վերցնել և իրար հետևից խմել27-10-2017 Շարմազանովը խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը27-10-2017 «Չեմ ընդունում, որ եվրոպացիները մեզ սովորեցնեն, թե ինչ տեսակի ընտանիք պետք է ունենանք». ՀՀ նախկին ոստիկանապետ27-10-2017 Ապրելու ենք դժոխքում, եթե իշխանություններին սա թույլ տվեցինք 24-10-2017 Չի՛ կարելի հնարավորություն տալ պետության ներկայացուցչին` ներխուժել ընտանիքի փակ միջավայր24-10-2017 ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սպառնալիք է մեր երկրում»23-10-2017 Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը20-10-2017 Ընտանիքաքանդ, հասարակությունը ներսից պայթեցնող օրենքի ընդունման ջատագովներից է նաև «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը20-10-2017 Հանրային խորհուրդն առաջիկայում դիրքորոշում կհայտնի ընտանեկան բռնության հետ կապված օրինագծի վերաբերյալ20-10-2017 Կտրականապես չեմ կարող համաձայնվել այնպիսի կասկածելի նորամուծությունների հետ, որոնք բովանդակում են ընտանիքի հիմքերի խաթարման վտանգներ19-10-2017 Երեխայի հիպերխնամքն ավելի մեծ խնդիր է, քան նրա հանդեպ բռնությունը, հոգեբանը՝ օրենքի մասին19-10-2017 Մեղք գործած լինելու պատճառով ամբողջ տիեզերքն է անկում ապրած, մենք էլ ապրում ենք մեղքի մեջ (տեսանյութ)10-10-2017 Երբ հանրային քննարկման սադրիչը հենց մոդերատորն է՝ Ռիչարդ Կիրակոսյանի կինը (տեսանյութ)10-10-2017 «Մենք չենք կարող ամերիկյան օրենսդրության և իրականության միայն այդ հատվածը վերցնել ու բերել մեր երկիր». Արա Զոհրաբյան10-10-2017 «Կարդացեք. քարը քարին չի՛ թողել այս օրինագծի կերտվածքից»10-10-2017 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)06-10-2017 «Օրենսդրական բռնությո՞ւն», թե՞ կարգավորող օրենք06-10-2017 «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նպատակը բոլորովին այլ է․ Վերլուծաբաններ 05-10-2017 Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին