Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն,իրագործի՛ր առողջության քո իրավունքը.ԱՆ

17-11-2017 17:06:16   | Հայաստան  |  Հասարակություն
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:
 


Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:
 
ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝ անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:
 
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:
 
Միջոցառումների ժամանակացույցը՝
 
17 նոյեմբերի – ք.Երևան, Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-18:30,
18 նոյեմբերի – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
19 նոյեմբերի – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Արմավիրի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
20 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մարտունի քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակ, ժ.13:00-17:30,
21 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
22 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Սևանի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
23 նոյեմբերի - Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
24 նոյեմբերի - ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ, ժ.13:00-17:30,
25 նոյեմբերի - ք.Երևան, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
1 դեկտեմբերի - ք.Հրազդան՝ քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
1 դեկտեմբերի - ք.Երևան՝ Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-19:00:
Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից