Նախարարը Հայաստանում Beeline-ի տնօրենին հանձնել է Արգենտինայում տրված մրցանակը (Տեսանյութ)



22-11-2017 18:13:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և «Վեոն» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկին:
 


Հոկտեմբերի 9-21-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մոդերնիզացիայի նախարարության հովանու ներքո անց է կացվել Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը հայկական «ԱրմենՏել» (այժմ «ՎԵՈՆ Արմենիա») ընկերությունը ստացել է «Արևելյան Եվրոպա 
տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը:
 
Բուենոս Այրեսում արարողության ժամանակ մրցանակը ստացել էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը: Այսօր նախարար Վահան Մարտիրոսյանն այն փոխանցեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:
 
«Ուրախ ենք, որ հայկական ընկերությունը նման բարձր մրցանակի է արժանացել: Իհարկե, այն օպերատորին պարտավորեցնում է է՛լ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգանալու և բաժանորդներին առավել որակյալ ծառայություններ տրամադրելու համար»,- շնորհավորելով ընկերությանը մրցանակի կապակցությամբ` նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
 
«Շատ ուրախ ենք այս մրցանակին արժանանալու համար: Շարունակելու ենք մնալ առաջատար և մեր հայաստանյան բաժանորդներին նոր, որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցել»,- ասաց Անդրեյ Պյատախինը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ընկերության ընթացիկ ծրագրերը: Նախարարը հետաքրքրվեց, թե ինչու չի իրականացվել ընկերության կողմից խոստացված 2017 թվականի ներդրումների ամբողջ ծավալը: Դրան ի պատասխան՝ «Վեոն» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշեց, որ ֆիքսված ձայնային ծառայությունների պահանջարկի անկման հետևանքով Հայաստանում ընկերության եկամուտները տարեցտարի ընկնում են: Չնայած դրան, իրենք շարունակում են հետաքրքրված մնալ Հայաստանի շուկայով և ներդրումներ կատարել:
 
Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ պետությունը ստեղծում է համապատասխան պայմաններ ներդրումներ կատարելու համար, ուստի ընկերության ներկայացուցիչներին հորդորեց մեծացնել ներդրումների ծավալները:
 
«Վեոն» ընկերության ներկայացուցիչներն անդրադարձան են նաև «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների 
անհրաժեշտությանը` նկատի ունենալով ոլորտի արագ զարգացումը:
 
Նախարարն իր հերթին կարևորել է 2004 թվականին ընդունված օրենքի վերանայումն ու համապատասխանեցումը ներկա պահանջներին:
 
Քննարկվեցին նաև ընկերության կողմից երկրի հեռավոր բնակավայրերում կապի նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին առնչվող խնդիրներ:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել, մասնավորապես, աջակցել ստարտափ ընկերություններին, բուհերում ստեղծել լաբորատորիաներ, որտեղ կդասավանդեն ընկերության մասնագետները:
 
Անդրեյ Պյատախինը նշեց, որ եկող տարվանից սոցիալական պատասխանատվության նոր ուղղություն են որդեգրելու, որը վերաբերելու է ՏՀՏ ոլորտի ստարտափերի աջակցությանը: Սրանով ցանկություն ունեն աջակցելու Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 151 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...