ՎԶԵԲ-ի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Երևանում ֆինանսական խորհրդատուների համար եռօրյա դասընթաց է անցկացվում

06-12-2017 15:43:25   | Հայաստան  |  Հասարակություն
 

Հայաստանում ֆինանսական խորհրդատուների համար այսօր մեկնարկել է «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթաց, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը: 
 
Նպատակն է ապահովել մասնագիտական վերապատրաստում՝ դասընթացի մասնակիցներին զինելով անհրաժեշտ հմտություններով և լավագույն փորձով:
 
Այն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։
 
Ինչպես դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՎԶԵԲ-ի, ՓՄՁ-ներին ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը, սա առաջին դասընթացն է, որն իրականացվում է բանկային և խորհրդատվական ծառայությունների համատեղ ջանքերով: 
 
Նրա փոխանցմամբ՝ վերոնշյալ դասընթացը պիլոտային ծրագիր է համարվում, որի հաջողության դեպքում  նմանատիպ դասընթացներ կանցկացվեն նաև ՎԶԵԲ-ի այլ երկրներում: 
 
Դասընթացի հիմնական թեմաներն են՝ կապիտալի շուկաներ, ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական գործիքներ, կազմակերպության արժեքի գնահատում, պարտքային և բաժնեմասնակցային ֆինանսավորման տարբերակներ, կապիտալի շուկաների ռիսկեր,  ՓՄՁ-ների զարգացման և դրանց «ներդրումային պատրաստվածության» բարձրացման համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական ցուցանիշներ և ծրագրեր։
 
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքերով՝ Ճապոնիան և Հայաստանն արդյունավետ կերպով համագործակցում են այստեղ կապիտալի շուկան զարգացնելու ուղղությամբ: 
 
«Մեր երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում Ճապոնիան 450 մլն դոլարի չափով գումար է տրամադրել Հայաստանի կառավարությանը: Ներդրումները կատարվել են երկու հիմնական ուղղությամբ. Առաջինը՝ աղետների ռիսկերի նվազեցման գործում, երբ սերտորեն համագործակցություն է եղել ԱԻՆ-ի հետ, իսկ երկրորդ ուղղությունը սոցիալ-տնտեսականն է»,- նշեց դեսպանը՝ շեշտելով, որ Ճապոնիան ՎԶԵԲ-ի հիմնադիրներից մեկն է, որը նույն չափով ներդրումներ է ունեցել Հայաստանում ինչպես մյուս հիմնադիր երկրները: 
 
ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» ղեկավար Հաննես Տակաշն իր հերթին նկատեց. «Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններից կամ այն դժվարություններից, որոնց նրանք կարող են բախվել բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելիս։ Այս դասընթացը մշակվել է ՓՄՁ-ների խորհրդատուներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են հայկական ընկերություններին, մասնավորապես, ՓՄՁ-ներին արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու և կապիտալի շուկայում պարտքային և  բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելու համար»: 
 
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ  Էջիրի Յուկիհիկոյի փոխանցմամբ՝ 2013-2016 թվականներին ՃՄՀԳ-ն հաջողությամբ իրականացրել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջխաղացում» ծրագիրը, իսկ 2016-2019 թվականներին՝ ծրագրի երկրորդ փուլը։ 
«Հուսով ենք, որ մեր համագործակցությունը շարունակում է արդյունավետ կերպով օժանդակել Հայաստանի ՓՄՁ-ներին և, որ մենք հաջողությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ, որը հանդիսանում է ՓՄՁ-ներին աջակցություն ցուցաբերող առաջատար դոնորներից մեկը»,- ընդգծեց նա։ 
 
Իսկ ահա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը շեշտեց, որ ԵՄ-ի աջակցությունը ՓՄՁ-ներին ԵՄ-ի՝ Հայաստանի հետ զարգացման համագործակցության հիմքն է: 
 
Նրա խոսքերով՝ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 ՓՄՁ-ներ խորհրդատվական ծառայություններ են ստացել, ինչը հանգեցրել է վերջիններիս գործունեության 30% միջին աճին, ավելի քան 30 նորաստեղծ ձեռնարկություններ ստացել են նախնական ֆինանսավորում, 100 ՓՄՁ-ներ օգտվել են ֆինանսավորման ավելի մատչելի աղբյուրների հասանելիությունից, 40 մլն եվրո ներդրվելու է Հայաստանում նորաստեղծ բաժնեմասնակցային ֆինանսավորման միջոցով: 
 
Բանախոսի տեղեկացմամբ՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի» (GSP+)  առևտրային սխեմայի շնորհիվ 6000 հայկական ապրանքներ կարող են ներկրվել ԵՄ առանց մաքսատուրքերի։
 
Առաջատար միջազգային փորձագետ, խորհրդատու, մասնագիտացած թրեյներ, "Bahovski Finance" կազմակերպության հիմնադիր Պետկո Բահովսկին, ով վարելու է դասընթացը, մասնավորապես, նշեց. «Այս դասընթացը ճիշտ ժամանակին է կազմակերպվել։ Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաների ներկայիս վիճակը, որտեղ ներդրողներն ավելի հետաքրքիր ուղիներ են փնտրում իրենց պորտֆելները դիվերսիֆիկացնելու համար, Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ է ավելի, քան երբևէ։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան այնպիսի գործիքների և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն հայկական կապիտալի շուկայի և ՓՄՁ-ների աճին, զարգացմանը, ինչպես նաև ձեռք կբերեն գործնական փորձ այն մասին, թե, Հայաստանում  բիզեսներում և մասնավորապես՝ ՓՄՁ-ների ոլորտում ներդրումներ կատարելիս տարածաշրջանային և  միջազգային տարբեր ներդրողներն ինչ են փնտրում և ինչ տարբերակներ են դիտարկում»։ 
 
Նշենք, որ 1992 թվականին Հայաստանում իր գործունեության մեկնարկից հետո՝ ՎԶԵԲ-ը 1.12 մլրդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում գործող 161 ծրագրերում. այս ներդրումների 89%-ը կատարվել է մասնավոր հատվածում: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 213 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար