Ռոսսելխոզնադզորի պաշտոնյաները հայ գործընկերներին են ներկայացրել «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը

06-12-2017 16:19:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ու ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետները երկու օր Երևանում քննարկել են տեղեկատվական բազաների միասնական օգտագործման հնարավորությունները: Արտահանման-ներմուծման գործառնությունների, տրանսպորտի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Մաքսիմ Ցուկանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 4-ին և 5-ին հյուրընկալվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Ռուս պաշտոնյաները ՍԱՊԾ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության աշխատակիցներին ներկայացրել են «Արգուս» և «Մերկուրի» տեղեկատվական համակարգերը, ինչպես նաև դրանց օգտագործման առանձնահատկությունները և փոխանցել հմտությունները:
 
    Հանդիպումների ընթացքում որոշվել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում  հայկական կողմը կսկսի օգտագործել «Մերկուրի. ծանուցում» համակարգը, ինչը թույլ կտա նախնական ծանուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական ենթահսկման ապրանքների մասին ռուսաստանցի գործընկերներին և հակառակը՝ տեղեկություններ ստանալ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների մասին: Այս որոշումն ամրագրվել է ՍԱՊԾ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Գեղամ Սիմոնյանի և Մաքսիմ Ցուկանովի միջև ստորագրված  արձանագրությամբ: Գործընթացը նոր հնարավորություն կստեղծի սահմանին վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու և վտանգավոր սննդամթերքի ներմուծումից կամ արտահանումից խուսափելու համար: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի համար փորձնական տարբերակով հասանելի կդառնան Ռոսսելխոզնադզորի բոլոր տեղեկատվական համակարգերը՝ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացնելու նպատակով: Հայկական կողմը նաև կընդգրկվի երրորդ երկրների հետ առևտրում էլեկտրոնային անասնաբուժական սերտիֆիկացման համակարգի ներդրման՝ Ռոսսելխոզնադզորի աշխատանքներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջարկություններ և մեկնաբանություններ կներկայացնի Ռոսսելխոզնադզորին՝ «Մաքսային միության սահմանին և տարածքում անասնաբուժական հսկողություն իրականացնելու միասնական կարգի մասին» ԵԱՏՄ որոշման նախագծի մեջ փոփոխություն կատարելու, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներում անասնաբուժական էլեկտրոնային սերտիֆիկացման անցնելու համար անհրաժեշտ տվյալներ լրացնելու վերաբերյալ:
 
 
                        ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 153 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար