Տրվել է ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկի հետ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության փոխգործակցության մեկնարկը

06-12-2017 16:55:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
  
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 5-ին փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ:
Ըստ Երևանի պետական համալսարանի հետ ստորագրված հուշագրի` «Ֆիլիպ Մորրիսը» կաջակցի համալսարանում կրթական և հետազոտական ծրագրերին, իսկ Պոլիտեխնիկական համալսարանի հետ կնքված հուշագրի համաձայն, ընկերությունը նախատեսում է համալսարանի տարածքում հիմնել գիտահետազոտական կենտրոն:
 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը ՀՀ կառավարությունում ստորագրել են փոխըմբռնման շրջանակային հուշագիր: Հուշագրով նախատեսված էր Հայաստանում ստեղծել հետազոտությունների և մշակումների ինովացիոն հաբ։ Կառույցի գործունեությունը պետք է իրականացվի երկու հիմնական ուղղությամբ՝ հետազոտություն և նորարարություն ու կրթական ծրագրեր։
Այսպիսով, Հայաստանի երկու համալսարանների՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության հետ հուշագրերի ստորագրմամբ տրվել է վերը նշված ուղղություններով փոխգործակցության մեկնարկը:  
Հուշագրերի ստորագրմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
 
Հուշագրերի ստորագրման արարողություններին մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, համալսարանների ղեկավար կազմը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան, ընկերության արտադրանքի հետազոտության և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին, տեխնոլոգիական հարցերով կառավարիչ Ռիկարդո Ռիվա Ռեջիորին, կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը, IBM նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 183 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար