ՅՈՒՆԵՍԿՕ-ում տոլմայի պատրաստման վերաբերյալ Ադրբեջանի հայտը զուրկ է գիտական հիմնավորումից.«Արմենպրես»

06-12-2017 17:58:07   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տոլմայի պատրաստման ավանդույթը որպես ադրբեջանական ճանաչելն ամենայն հավանականությամբ խավիարային քաղաքականության արդյունք է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացրած հայտը չունի գիտական հիմնավորում: «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի ներկայացրած հայտը, այն կազմված էր ոչ գրագետ և չհիմնավորված: Հայտում ներառված են տեղանուններ, որոնք Ադրբեջանի հետ կապ չունեն, ակնհայտ է, որ փորձ է արվում յուրացնել այլ երկրների մշակույթը: Ինչ վերաբերում է տոլմային, ապա դեռ պատմական գիտությունների թեկնածու Վ. Վ. Պոխլեբկինը, ով լինելով խոհանոցի հմուտ մասնագետ և բնութագրելով Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների ազգային խոհանոցները, նշել է, որ ադրբեջանական խոհանոցում կան կերակուրներ, որոնք փոխառված են հայկական խոհանոցից, այդ թվում՝ տոլման, և որ դրանք «մտել են ժամանակակից ադրբեջանցու առօրյա կերակրացանկ»»,-ասաց Սվետլանա Պողոսյանը: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այսօր էլ կենսունակ են ավանդական շատ կերակուրներ պատրաստելու ժողովրդական գիտելիքները և հմտությունները: Հայաստանի բոլոր շրջաններում յուրաքանչյուր տանտիկին, առանց հատուկ դասընթացների և ծրագրերի, կենցաղում և տոներին պատրաստում է ավանդական տոլմայի տարբեր տեսակներ, այսինքն՝ մշակույթը կրողը, սերնդեսերունդ փոխանցելով ավանդույթները, դրանք շարունակում է նաև 21-րդ դարում: Տոլման՝ որպես տարածված և սիրված կերակրատեսակ, մատուցվում է նաև հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններում: Հայաստանում անցկացվում է Տոլմայի ամենամյա փառատոն, որտեղ տարբեր անհատներ և կազմակերպություններ ներկայացնում են տոլմայի ավանդական օրինակներ: «Մենք այստեղ լուրջ մտածելու տեղ ունենք: Կարծում եմ, որ թուլանում ենք այս ասպարեզում: Մշակութային ճակատում անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել: Իրականում տոլմա կերակրատեսակի հնագույն տարբերակը խաղողի տերևով փաթաթված օրինակն է: Ըստ Հր. Աճառյանն ունի ստուգաբանություն, ըստ որի՝ տոլի բառը նշանակել է խաղողի որթ, այստեղից էլ՝ տոլմա կերակրատեսակի անվանումը՝ որպես ծեծած մսով կամ հացահատիկով և համեմունքով խճողակը խաղողի տերևով փաթաթած կերակուր»,-ասաց ազգագրագետը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է ներառվել «Տոլմա» ճաշատեսակի պատրաստման ու տարածման ավանդույթը` ճանաչվելով ադրբեջանական: 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար