Հայաստանը կարող է փրկել ռուս մարզիկներին խայտառակվելուց

07-12-2017 17:08:53   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ռուս մարզիկները ծանր երկընտրանքի առաջ են կանգնած։
 


Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին արգելել է մասնակցել 2018 թվականին Ձմեռային օլիմպիադային, սակայն ռուս մարզիկներն իրավունք ունեն օլիմպիական սպիտակ դրոշի ներքո մասնակցել մրցումներին:
 
Ռուսաստանում չեն ընդունում համատարած դոպինգի օգտագործման մեղադրանքները, իսկ շատերը մասնակցությունը գնահատում են որպես մեղքի ընդունում: Ռուս մարզիկների վրա ահռելի ճնշում կա` հրաժարվել ռուսական դրոշից և հանդես գալ սպիտակ դրոշի ներքո՞, այդպիսով հռչակվելով դավաճաններ, թե չգնալ օլիմպիադայի՝ ջուրը գցելով տարիների աշխատանքը: Ի դեպ, սպիտակը դրոշը նաև հանձնվելու խորհրդանիշն է:
 
Այստեղ Ռուսաստանին կարող է օգնության հասնել Հայաստանի օլիմպիական կոմիտեն և ռուս մարզիկներին առաջարկել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Նախ, Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամության պայմանագիր ունեն, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի կազմում են, Ռուսաստանի քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան գալ: Հայաստանի և Ռուսաստանի դրոշների միջև էլ ընդամենը մեկ գույնի տարբերություն է:
 
Բացի այդ, 2018 թվականի հունվարից ուժի մեջ է մտնելու ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, որը նախատեսում է միասնական մաքսային ընթացակարգ ու կանոններ անդամ երկրների համար: Ռուս մարզիկների նվաճած մեդալները կմաքսազերծվեն միասնական համակարգով:
Գործարքի շնորհիվ Հայաստանն առաջին անգամ մեդալներ կունենա Ձմեռային օլիմպիադայից, ԵՏՄ անդամակցության շոշափելի արդյունք կլինի, իսկ ռուսները ստիպված չեն լինի հանդես գալ «ամոթալի» սպիտակ դրոշի ներքո:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 998 անգամ

Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին

«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար