Պետք է խաչ անենք, մոմ վառենք, որ 6 բալից ավելի երկրաշարժ չլինի Երեւանում. ճարտարապետ.«Հայկական Ժամանակ»

07-12-2017 18:34:18   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը համոզված է, որ եթե Երեւանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա, ապա նորակառույց բարձրահարկերը կանգուն կմնան, իսկ ԽՍՀՄ տարիների կառուցվածների դեպքում նույնը չի կարող ասել: Ստորեւ ներկայացնում ենք ճարտարապետի հետ մեր «Հայկական Ժամանակ»-ի հարցազրույցը:
 


- Պարոն Առաքելյան, Երեւանի նորակառույց եւ հին շենքերը որքանո՞վ են սեյսմակայուն:
 
- Նախկինում 6 բալով էր հաշվարկվում, իսկ հիմա 9 բալով է: Շատ կայուն են նորակառույցները: Ուրիշ հարց է, որ կցակառույցների դեպքում նույնը չենք կարող ասել, իսկ նորակառույց շենքերը 9 բալ սեյսմակայունությամբ են կառուցվում: Նախ՝ առաջինը դրանց բետոնը մոնոլիտ է, ամբողջն իրար հետ է, կցոններով չի կառուցվում: Նախկինում կցոններով էին անում, զոդում էին, եւ մի փոքր տեղը բետոն լցնում: Մեր սեյսմիկ գոտիներից Երեւանն այդպես ուժեղ սեյսմիկ գոտի չէ: Իհարկե, մասնագետների ասածն եմ ասում, սեյսմիկ գոտի է, բայց այնպիսին չէ, որ բոլոր շենքերը կարող են քանդվել: Կան շենքեր, որոնք վտանգավոր են, բայց մարդիկ ապրում են մեջը: Խոսքը՝ նախկինում կառուցված բարձրահարկերի մասին է: 12 հարկն անցնելուց հետո սեյսմակայունությունը հաշվում են նաեւ քամիներով: Մեզ մոտ այդպիսի քամիներ չկան եւ մնում է միայն երկրաշարժը:
 
- Դուք նշեցիք, որ նախկինում կառուցված բարձրահարկերը սեյսմակայուն չեն…
 
- Այո, դրանք 6 բալը չեն անցնում, իսկ 6 բալ սեյսմակայուն շենքերը չեն դիմանա 1988 թվականի երկրաշարժի նման երկրաշարժի: Ճիշտ է, մեղավոր են նաեւ շինարարները, բայց ոչ կոնստրուկտորները: Ես այն ժամանակ զբաղվում էի այդ աշխատանքով, տեսանք, որ իդեալական բոլոր ԳՕՍՏ-երով (միջպետական ստանդարտներ) կառուցված է, շինարարները գողություն էին արել: Համարձակ կարող եք գրել՝ պարզապես գողացել էին: Մետաղական ամրանը ձեռքով քաշում էինք սյունի միջից դուրս էր գալիս:
 
- Խորհրդային տարիներին կառուցված շենքերը փաստորեն 6 բալ երկրաշարժի դեպքում կքանդվե՞ն:
 
- Շենքերի կառուցման ժամանակ մենք հասկացանք, որ Երեւանի շենքերը կառուցված են սեյսմիկ գոտում: Լեռները պատահական չեն, դրանք հրաբուխային կառուցվածքներ են:
 
- Մայրաքաղաքում շատ են նաեւ կցակառույցները: Դրանք որքանո՞վ են սեյսմակայուն:
 
- Շատ են անդուր կցակառույցները, որոնք թույլ են: 6 բալից ավելի երկրաշարժին չեն դիմանա: Մենք պետք է խաչ անենք, մոմ վառենք, որ 6 բալից ավելի երկրաշարժ չլինի Երեւանում: Ինչ վերաբերվում է նորակառույցներին, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի շենքերը շատ ամուր կառույցներ են:
 
- Ոչի՞նչ, որ շատ խիտ են կառուցված, դա խանգարող հանգամանք չէ՞:
 
- Իհարկե խանգարող հանգամանք է, բայց եթե ԳՕՍՏ-ը չեն պաշտպանել, ապա խանգարող է, եթե պաշտպանել են, ոչ մի բան էլ չի լինի: Դոմինո խաղի էֆեկտը չի լինի, մի շենքը մեկի վրա չի ընկնի, որովհետեւ ամուր են կոնստրուկցիայով: Հին շենքերից հասարակ հինգ հարկանի քարե շենքներն ավելի ամուր են, քան բարձրահարկները, որոնք բետոնով են արվել:
 
- Մարզերում է՞լ է նույն իրավիճակը:
 
- Նույնն է, սովետական շրջանի կառուցված շենքերը թույլ են, բայց ես չգիտեմ՝ մարզերում այսօր շենքեր կառուցվո՞ւմ են: Շատ ավելի լավ կլինի, որ այսօր կառուցվող շենքերը մի քիչ ավելի շատ հաշվարկեն, բայց թանկ է: Ամեն մի մետրն ահռելի գումարներ կկազմի՝ կոնստրուկցիայի տեսանկյունից, թանկ հաճույք է դա: Մեր երկրի վիճակից էլ է գալիս: Մենք այդ ուժը չունենք: Դուք կարող եք ասել, որ Նյու Յորքի բարձրահարկերը մետաղով են կառուցված, այո՛, մետաղական կոնստրուկցիան շատ ամուր է, բայց շատ թանկ է:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից