«Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն». ՀՀ սփյուռքի նախարար

14-12-2017 18:56:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի մամուլի ասուլիսը:
 

Ներկայացնելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն: Սկիզբը դրվել է 2017թ. հունիսի 19-ին, երբ Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր: Մեր եռակողմ հանդիպումը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Վաղը մենք Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ փոխըմբռնման հուշագիր կստորագրենք: Համագործակցությունը շարունակվելու է հատկապես երեք երկրների սփյուռքների միջև: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի և Կիպրոսի կառավարություններին, որ մեր համայնքների համար ստեղծել են լավագույն պայմանները ազգային դիմագիծը պահպանելու և զարգանալու համար: Նաև շնորհակալ ենք երկու պետություններին, որ ընդունեցին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: 2015թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը: 2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր: 
Այսօր շարունակվում են լավագույն հարաբերությունները երկու երկրների միջև բոլոր ոլորտներում: Մեր գլխավոր նպատակն է ավելի ակտիվ աշխատանք տանել երիտասարդության հետ, տաբեր երկրներում հայ, հույն և կիպրացի երիտասարդների  հավաքներ կազմակերպել: Ծրագրել ենք նաև երեք երկրների մասնակցությամբ գիտական, կրթական, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպել: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին Ֆոտիս Ֆոտիուին և Տերենս-Նիկոլաոս Քուիքին, որ եկել են Հայաստան: Հուսով եմ, որ մեր եռակողմ համագործակցությունը կարող է շատ կոնկրետ և լուրջ արդյունքներ ունենալ: Մեր համագործակցությունն աշխարհում նախադեպը չունի՝ առաջին անգամն է, որ երեք երկրներ միասին են զբաղվում սփյուռքի հարցերով»:
Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն շնորհակալություն հայտնեց հանդիպումների համարև հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: «Մենք ունենք պատմականորեն ձևավորված բարեկամական կապեր, մեր կառավարությունները համագործակցում են, ժամանակն է, որ մեր սփյուռքները, հատկապես երիտասարդները համագործակցեն», - հավելեց նա:
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին նույնպես կարևորեց երիտասարդների հետ համակարգված աշխատանքը և նշեց. «2018 թվականը հարուստ է լինելու մեր համատեղ հանդիպումներով ու ձեռնարկներով: Տարվա օրակարգն արդեն ներկայացվեց ամբողջությամբ, բայց կուզեմ որոշ ավելի բաներ հայտնել։ Առաջինը Փարիզում է հանդիպում լինելու երիտասարդության հետ, իսկ երկրորդը միջոցառումը լինելու է Սալոնիկում, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Այստեղ մենք ցուցահանդես ենք կազմակերպելու: Կարևորը սկսելն է»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից